ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ

Հայաստանի կառավարությանը առաջարկվել է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում՝ տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ քաղաքացիություն տրամադրելով պարզեցված կարգով, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

ՀՀ ոստիկանության կողմից մշակված e-draft.am իրավական ակտերի միասնական հարթակում տեղադրված նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տրամադրել օտարերկրյա ներդրողներին, սպորտի, մշակույթի, բժշկության, գիտության ոլորտի գործիչներին, որոնք համապատասխանում են մի շարք չափանիշների:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նախագիծը հասարակական մեծ արձագանք է հարուցել, ինչը զարմանալի չէ։ Դրա կասկածելիությունն ակնհայտ է դառնում Հայաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի իրավունքի չափորոշիչներին գեթ մեկ հայացք նետելիս։ Ահա, օրինակ, այդ չափանիշներից մեկը. կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով առնվազն 150 հազար դոլարի անհատույց տրամադրում։ Այսինքն՝ վճարեցիր 150 հազար դոլար մի ինչ-որ հիմնադրամի, և ստացար քաղաքացիություն։ Ավելի ճիշտ՝ գնեցիր հայկական անձնագիր։ Մի կողմից, ըստ էության, Հայաստանի քաղաքացիությունը դառնում է առևտրի առարկա։ Մյուս կողմից՝ այս իշխանության կողմից ստեղծված ցանկացած հիմնադրամ, միանգամայն արդարացիորեն, մեղմ ասած, կասկածներ է հարուցում։ Հիշենք, թե ինչպես կառավարությունը տնօրինեց «Հայաստան» հիմնադրամի հարյուր միլիոնավոր դոլարներին

Ասենք, նախագիծը ոչ միայն բացասական արձագանք, այլև միանգամայն արդարացված մտավախություններ է առաջացրել այն առնչությամբ, որ մեխանիզմ է ստեղծում թուրք-ադրբեջանական էքսպանսիայի համար։ Այո, փաստորեն Հայաստանի քաղաքացիություն կարող են գնել ադրբեջանցիներն ու թուրքերը, նրանք դա կարող են անել զանգվածաբար, և որոշ ժամանակ անց Բաքուն ու Անկարան լրացուցիչ լծակներ կստանան Հայաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի վրա ազդելու համար։ Գումարած այն, որ եթե հաշվի առնենք Հայաստանի բնակչության արտահոսքի այսօրվա մակարդակը (տարեսկզբից շուրջ 40 հազար ՀՀ քաղաքացիներ լքել են երկիրը և չեն վերադարձել), ակնհայտ է դառնում, որ նոր նախաձեռնությունը միջնաժամկետ հեռանկարում կարող է արմատապես փոխել մեզանում ժողովրդագրական պատկերը՝ հօգուտ մեր թշնամի հարևանների։ Ռիսկերն այս առավել քան ակներև են։

Այդուհանդերձ կա նախագծի ևս մեկ տեսանկյուն, որն արժանի է հատուկ ուշադրության։ Զուտ տնտեսական տեսանկյուն։ Բանն այն է, որ արագացված կարգով Հայաստանի քաղաքացիություն ստանալու հայտատուներին ներկայացվող պահանջների ցանկը կարելի է դիտարկել որպես Հայաստանի տնտեսության խնդիրների յուրօրինակ ինդիկատոր։ Դատեք ինքներդ։ Ահավասիկ, օրինակ, առաջարկվում է հայկական անձնագրով խրախուսել յուրաքանչյուրին, ով 150 հազար դոլար կներդնի առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում 10 տարի ժամկետով։ Այսինքն ներդրումների առումով վիճակն այնքան վատ է, որ հավանական ներդրողներին գայթակղում են հայկական անձնագրով։ Մեկ այլ օրինակ. քաղաքացիություն կարելի է արագ ստանալ 150 հազար դոլարի չափով պետական պարտատոմսեր գնելու դիմաց։ Այսինքն պետպարտատոմսերն իրացնելը Հայաստանի կառավարության համար դժվարացել է, եթե նա փորձում է անձնագրով պարգևատրել դրանց (պետական պարտատոմսերի) գնման համար։ Դատելով ամենից, լուրջ խնդիրներ կան նաև անշարժ գույքի շուկայում, եթե ցանկանում են Հայաստանի քաղաքացիությամբ պարգևատրել բոլոր նրանց, ովքեր առնվազն 150 հազար դոլար կվճարեն Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար։

Նկատենք, որ թվարկված բոլոր կետերով կապիտալի ներգրավման միակ խթան պետք է լինի նորմալ կայուն տնտեսությունը, գրավիչ ներդրումային միջավայրը, անվտանգության նորմալ մակարդակը։ Բնականաբար, այսօր Հայաստանում չկա թվարկվածներից ոչ մեկը։ Եվ, իհարկե, հավանական նորմալ ներդրողը չի վտանգի իր կապիտալը հանուն մի երկրի քաղաքացիության, որը տոտալ ճգնաժամի մեջ է բոլոր ճակատներում։ Այստեղ կարող է խոսք գնալ միայն աննորմալ ներդրողի մասին, որն իր առջև դրել է աննորմալ, շահույթ չնախատեսող նպատակներ։ Իսկ դա, իհարկե, Անկարան ու Բաքուն են։

Եվ էլի մի բան։ Գաղափարի հեղինակներն ակնհայտորեն գերագնահատում են Հայաստանի քաղաքացիությունը։ Բավական է նշել, որ անձնագրի ուժի գլոբալ վարկանիշում հայկական անձնագիրը, մեղմ ասած, բավականին համեստ տեղ է զբաղեցնում։ Մասնավորապես, այն 77-րդ տեղում է՝ զիջելով, ասենք, Հոնդուրասին (35-րդ հորիզոնական)։ Ընդ որում Հոնդուրասի քաղաքացիություն ստանալու համար պետք չէ վճարել։ Պետք է միայն մեկ տարի ապրել այդ երկրում։ Ինչ-որ շատ չէ՞ թանկացված Հայաստանի քաղաքացիությունը շուկայական գներով: Այլ հարց է, որ այն չպետք է վաճառվի մեծածախ ու մանրածախ։ Այն պետք է լինի առաջին հերթին հպարտության առարկա։ Բայց դժվար թե այս իշխանությանը հայտնի են նման կատեգորիաներ... Գոնե Մայակովսկի կարդային, ինչ է։