Իրանի ԱԳՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչների նկատմամբ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական մի շարք հաստատությունների և մասնավոր անձանց նկատմամբ՝ ահաբեկչությանն աջակցելու, բռնության ու ատելության հրահրման և մարդու իրավունքների ոտնահարման կանխամտածված գործողությունների համար:
Պատժամիջոցները ներառում են վիզաների տրամադրման արգելք և Իրան վերոնշյալ անձանց մուտքի անհնարինություն, նրանց գույքի և ակտիվների բռնագրավում Իրանի տարածքում, ինչպես նաև նրանց բանկային հաշիվների արգելափակում Իրանի ֆինանսական և բանկային համակարգում։
Պատժամիջոցները հաշվի կառնեն նաև այդ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ հանցավոր գործունեության մեջ նրանց մասնակցության համար։
Պատժամիջոցների ենթարկված գերատեսչություններն են՝ Կիբերանվտանգության ազգային կենտրոնը (NCSC) և Կառավարական հաղորդակցությունների շտաբը (GCHQ), ինչպես նաև Volant Media-ն, Global Media-ն և DMA Media-ն և հակաիրանական հեռուստաալիքները, որոնց նրանք աջակցում են, մասնավորապես, BBC Persian-ը և Iran International-ը:
Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները սահմանվել են անվտանգության հարցերով պետնախարար Թոմ Թուգենդհաթի, թագավորական նավատորմի հրամանատար Դոն ՄաքՔինոնի, Համայնքների պալատում «Իսրայելի բարեկամներ» խմբի նախագահ Սթիվ Մաքքեյբի, Համայնքների պալատում «Իսրայելի պահպանողական բարեկամներ» խմբի նախագահ Սթիվեն Քրաբի և Լորդերի պալատում «Իսրայելի պահպանողական բարեկամներ» խմբի պատվավոր անդամ Ստյուարտ Փոլակի նկատմամբ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությանը պատասխանատու է համարում ահաբեկիչներին և մարդու իրավունքները ոտնահարողներին աջակցելու համար, որոնք Մեծ Բրիտանիայի տարածքից «անկարգություններ և ահաբեկչական գործողություններ են կազմակերպում ու հրահրում» Իրանում:
News.am