ԳՐԱԳԵՏՆԵՐԸ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ, ՀԱՋՈՂԱԿՆԵՐԸ՝ ԱՂՔԱՏԱՆՈՒՄ
Հայաստանում 500 000 մարդ թերսնվում է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզ»-ում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն:
Հայաստանի բնակչությունը, ըստ աղբյուրի, կազմում է 3 մլն։ Ընդ որում վերջին մեկ ամսում թերսնմամբ տառապողների թիվն ավելացել է 10 000-ով։ Ըստ քարտեզի՝ երկրում մինչև 5 տարեկան երեխաների մոտավորապես 4,4% -ը բախվում է սուր թերսնման, իսկ 9,4%-ը՝ քրոնիկ թերսնման:
ՀԲ-ի կանխատեսմամբ՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կարող է հասնել բնակչության 39,6%-ի։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՄԱԿ-ի փորձագետներն ակնհայտորեն կզարմանային, եթե իմանային Հայաստանում երեխաների թերսնման «իրական պատճառը»։ Դա (թերսնումը) ոչ մի կապ չունի աղքատության հետ։ Ինչպես արդեն հաղորդել են լրատվամիջոցները, վերջերս երկրի գլխավոր տնտեսագետը բացատրեց, թե ինչու է դա տեղի ունենում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամենայն լրջությամբ հայտարարեց. «Մեր երեխաների զգալի մասը թերսնվում է ոչ թե այն պատճառով, որ միջոցներ չունեն, այլ որ գիտելիք չունեն»: Քերոբյանի հետ վիճելն, իհարկե, անօգուտ է։ Նրա տեսակետները այս կամ այն փաստերի նկատմամբ և իրադարձությունների, երևույթների վերաբերյալ գնահատականները սովորաբար այնքան անհավատալի են, որ հակափաստարկներ գտնելը չափազանց բարդ է: Թերևս միայն կարելի է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած հայրենի կրթական համակարգը սպանելու Հայաստանի կառավարության ինքնամոռաց փորձերին, մեր երկրում գրագիտության մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում։ Մասնավորապես, դա (գրագիտության մակարդակը) կազմում է 99,7%: Այս բնութագրիչով Հայաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բելգիան, Կանադան, իսկ տարածաշրջանում՝ ընդհանրապես բոլորին։ Հարց է ծագում. ինչո՞ւ ենք մենք այսքան սոված, եթե այդքան խելացի ենք։
Ասենք, սա միակ հարցը չէ, որ ի հայտ է գալիս ՄԱԿ-ի ներկայացրած ուսումնասիրությանը ծանոթանալուց հետո: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 9%-ով ավելացել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 14%-ով՝ շինարարության ծավալը, 13%-ով՝ առևտրաշրջանառությունը և 27%-ով՝ ծառայությունների ծավալը։ Գրեթե 13%-ով աճել է միջին ամսական աշխատավարձը։ Փաստորեն, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր հիմնական բնութագրիչներով աճ է գրանցվել։ Այսինքն՝ հաջողություն։ Փաստորեն, մարդիկ շատ աշխատում են և շատ վաստակում: Տրամաբանական է, բայց... Չգիտես ինչու, նրանք զուգահեռաբար աղքատանում են։
Ահավասիկ ՄԱԿ-ում հավաստիացնում են, որ այս տարեվերջին աղքատության մակարդակը կարող է հասնել բնակչության գրեթե 40%-ի։ Մինչդեռ երկու տարի առաջ աղքատության մակարդակը (ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով) կազմում էր դեռևս 27%։ Հարց. ինչո՞ւ ենք մենք այսքան աղքատ, եթե այդքան հաջողակ ենք:
Իրականում ակնհայտ է, որ այս հարցերն ունեն մեկ պատասխան. որովհետև երկիրը կառավարում են ագահ և բացարձակապես ոչ բանիմաց մարդիկ։ Ավելի ճիշտ՝ նրանք ընդհանրապես չեն կառավարում։ Այսպիսի երկրում՝ համատարած աբսուրդի երկրում, կարելի է լինել գրագետ, բայց սոված։ Կարելի է լինել հաջողակ, բայց աղքատ: Եվ հակառակը, կարելի է լինել ձախողակ, բայց հարուստ: Կարելի է կրթություն չունենալ, բայց գերսնվել։ Ներկայիս իշխանության դիմանկարը դրա լավագույն նկարազարդումն է…