ԱՄԵՐԻԱԲԱՆԿ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՎԱՆԳԱՐԴՈՒՄ

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում։  Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ստորև։

• Որո՞նք էին Ձեր բանկի ռազմավարական հիմնական ուղղությունները նախորդ տարվա ընթացքում:

Ամերիաբանկը Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն է արդեն գրեթե մեկ տասնամյակ: Թեև 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար սկսվեց անորոշության հերթական փուլը, մենք կարողացանք պահպանել և ավելի ամրապնդել մեր դիրքերը՝ վերահաստատելով կայուն, ժամանակակից, մրցունակ և աճի զգալի ներուժ ունեցող ֆինանսական հաստատության համբավը։

Վերջին վեց ամսվա ընթացքում հիմնական շեշտը դրվեց թվային փոխակերպման, համապատասխանության գործառույթի ապահովման և ռիսկերի կառավարման վրա, որոնք մենք համարում ենք մեր հետագա աճի հիմնական շարժիչ ուժը:

• Անդրադառնալով Ձեր բանկի նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշներին` կարո՞ղ եք նշել կարևորագույն կետերից մի քանիսը:

Ամերիաբանկը ֆինանսական ցուցանիշերի, ինչպես նաև նոր ծառայությունների ու տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հատկանշական ձեռքբերումներ է ունեցել։ Նախորդ տարվա ընթացքում մենք շարունակաբար ներդրումներ կատարեցինք թվայնացման ուղղությամբ, բարելավեցինք մեր հաճախորդների բավարարվածության ցուցանիշերը, ներքին արդյունավետությունը, արդիականացրինք մեր ծառայությունները և պարզեցրինք մեր գործընթացները: Կարողացանք պահպանել Բանկի ծախսերի և եկամուտների հարաբերակցության 40%-ից ցածր ցուցանիշը: Բանկը գրանցեց շահութաբերության տպավորիչ ցուցանիշեր կապիտալի և իրացվելիության ամուր դիրքերով: Կապիտալի տարեկան եկամտաբերությունը կազմեց 28%, զուտ տոկոսային մարժան` 5.4%: Բացի այդ, Բանկը գրանցեց ոչ տոկոսային եկամուտի տպավորիչ աճ: Համաձայն մեր ռազմավարության՝ մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմեցին ընդհանուր վարկերի ավելի քան 60%-ը: Մանրածախ պորտֆելի բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը եռամյա կտրվածքով կազմեց 30%, իսկ ՓՄՁ վարկերինը` 17,2%: Բանկը պահպանեց և շարունակեց ռիսկերի կառավարման ոլորտում իր կայուն քաղաքականությունը: Խնդրահարույց վարկերի ցուցանիշը շարունակաբար բարելավվեց բոլոր ուղղություններով` 2022 թվականին կազմելով 2,9%: Նախորդ երկու տարվա ընթացքում պատշաճ պահուստավորման շնորհիվ վարկային ռիսկի արժեքը կազմեց շուրջ 0%: Միևնույն ժամանակ Ամերիաբանկն ապահովեց սպասարկման գերազանց որակ: Այդ մասին են վկայում հաճախորդների հավատարմության ցուցանիշը (NPS), որը կազմեց ավելի քան 75%, և հաճախորդների բավարարվածության ցուցանիշը` 9.5 միավոր 10 միավորից:

Ձեր ընկերության ո՞ր զարգացող ուղղություններում եք ներդրումներ կատարել և նախատեսո՞ւմ եք արդյոք շարունակել ներդրումները:

Որպես բանկ, որը կանգնած է եղել Հայաստանի բանկային ոլորտի կայացման և դրա փոխակերպման ակունքներում` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և թվայնացման ոլորտում՝ հավատարիմ մնալով իր ռազմավարական առաջնահերթություններին: Հաշվի առնելով հաճախորդների աճի ցուցանիշերը` մենք նախատեսում ենք կենտրոնացնել մեր ուժերը ծառայությունների և առաջարկների խաչաձև վաճառքի, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարար ծառայություններ առաջարկելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մշակվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են տնտեսության առանձին հատվածներում նոր հնարավորությունների բացահայտմանը, հատկապես այնպիսի հնարավորությունների, որոնք կնպաստեն նաև բանկային գործարքների և ոչ տոկոսային եկամուտի աճին: Կարևոր է նշել, որ Բանկի բոլոր գործարքների 90%-ից ավելին իրականացվում է Բանկի մասնաճյուղերից դուրս:

Եվ վերջապես մենք կշարունակենք ընդլայնել և զարգացնել մարդկային կապիտալը, ինչպես նաև բարելավել աշխատանքի արդյունավետությունն ու աշխատակիցների մոտիվացիան ակտիվ դասընթացների և վերապատրաստումների միջոցով:

Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարման ասպեկտները և կայունությունը բանկային ոլորտի կարևորագույն ռազմավարական ուղղություններից են: Ինչպիսի՞ էական նախաձեռնություններով է հանդես եկել Ձեր բանկը նախորդ տարվա ընթացքում, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր են նշված ասպեկտները և կայունությունը Ձեր հաստատության համար:

Որպես Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար` Աﬔրիաբանկը գիտակցում է առանցքային դեր ունենալու իր պատասխանատվությունը երկրի կայուն ապագա կառուցելու գործում: Մենք գիտակցում ենք, որ կլիմայի փոփոխությունը և բնապահպանական նմանատիպ ռիսկերն այսօրվա հասարակության գլխավոր մարտահրավերներից են: Դրանք ստեղծում են բնապահպանական, տնտեսական և սոցիալական էական ռիսկեր, որոնք խոչընդոտում են երկարաժամկետ աճն ու զարգացումը:

Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը և դրա շրջանակում ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, մաքուր էլեկտրաէներգիայի հասանելիության, «կանաչ» տրանսպորտի և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կատարվող ներդրումները` այդպիսով տարբեր նախագծերի միջոցով աջակցելով նաև զարգացման ցածր մակարդակ ունեցող համայնքներին: 2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ նման ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար:

Ամերիաբանկը Հայաստանում կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկն է և այս ոլորտի առաջատարը: 2020 թվականից ի վեր մենք թողարկել ենք ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմս։

Բանկերի միջև թեժ մրցակցություն է նորարարական թվային բանկային ծառայությունների մշակման ու ներդրման ոլորտում: Ի՞նչ նոր և նշանակալի ներդրում է կատարել Ձեր բանկը թվային բանկային ծառայությունների ոլորտում նախորդ տարի և ի՞նչ հաջողություն է գրանցել:

Թվային ոլորտում սպառողների վարքագծի սրընթաց փոխակերպման ֆոնին մենք կարողացել ենք խոստումնալից արդյունքներ ապահովել մեր ծառայությունների դիվերսիֆիկացման և թվայնացման ուղղությամբ: Պատասխանատվություն, ճկունություն, նորարարական մտածելակերպ և մշակույթ, որի հիմքում հաճախորդների կարիքները բավարարելու ցանկությունն է. այս ամենը կազմում է թվային փոխակերպման հաջողության բանաձևը:

Այս համատեքստում, նախորդ երկու տարին ուշագրավ էր համապարփակ թվային էկոհամակարգի մշակման և գործարկման առումով: Շուկայում իր տեսակի մեջ առաջինը համարվող այս գործիքը բանկային և ոչ բանկային ծառայությունները միավորող մեկ համակարգ է, որն ընդգրկում է ավտոմեքենաների շուկան, հիփոթեքային շուկան, էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև եզակի էկոհամակարգ ՓՄՁ-ների համար՝ վարկային հայտերի առցանց ներկայացման և մեքենայական ուսուցման վրա հիմնված վարկունակության գնահատման առաջադեմ հնարավորություններով:

Համաշխարհային տնտեսության հեռանկարը բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում: Որո՞նք են այն հիմնական ռիսկերը և տնտեսական մարտահրավերները, որոնց Ձեր բանկը կարող է հանդիպել առաջիկա 12 ամսվա ընթացքում:

Հայաստանն այս տարի զգալի տնտեսական աճ է գրանցել, սակայն դեռևս կան բազմաթիվ անորոշություններ, տեղի են ունենում փոփոխություններ, տնտեսության որոշակի ճյուղեր փոխակերպվում են, համաշխարհային մատակարարման շղթաներում տեղի են ունենում տեղաշարժեր, որոնք դեռ նոր պետք է իրենց ազդեցությունն ունենան երկրի տնտեսության վրա։

Թեև նշված անորոշությունները դժվարացնում են երկրի առաջատար ֆինանսական հաստատության կառավարումը, թվարկված մարտահրավերները նաև բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում: Տոկոսադրույքների ակնկալվող աճի, ռիսկի որոշակի պարամետրերի վատթարացման, կլիմայի փոփոխություններին առնչվող գործողությունների անհրաժեշտության աճի և մեր հաճախորդների շրջանում թվային գաջեթներից կախվածության աճի պայմաններում Ամերիաբանկը կշարունակի կենտրոնանալ տվյալահեն թվային փոխակերպման, ռիսկերի պատշաճ կառավարման և շրջակա միջավայրի, սոցիալական ու կորպորատիվ կառավարման ուղղությունների ընդլայնման վրա` հասնելու մեր առաքելության իրականացմանը, այն է` բարելավել մարդկանց կյանքի որակը:

Основная тема:
Теги: