«Ժողովուրդ». ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿՄՏՆԻ 3 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:
Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որևէ միջնորդություն առկա չէ»:
Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարևոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին: Բանն այն է, որ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է. «Վերադաս դատախազը հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով»:
Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ նրանց գործերով վերահսկող դատախազը կարող է մտնել Աննա Վարդապետյանի աշխատասենյակ և գործընթաց սկսել։