ԱՎԱՂ, ՈՉ, ԴՈՒ ՈՒՆԿԱՍԸ ՉԵՍ

Նույնիսկ եթե դու Նիկոլի երկրպագուն չես, Նիկոլի ուսապարկը չես, այլ Նիկոլի քաղաքական ընդդիմախոսն ես կամ պարզապես Նիկոլի գործընկերը՝ նախկին մասնագիտության ոլորտում, անհնար է չընդունել ակնհայտը. Նիկոլը տեղում կանգնած չէ, այլ մշտապես աճում է, շարունակ ընդլայնվում։ Չէ, վատ բան չմտածեք. ընդլայնվում է բնավ ոչ քաշի առումով: Մենք նկատի ունենք բացառապես բարոյաքաղաքական հատկանիշները։

Նկատի ունենք բնավ ոչ իր անձնական կամ իր հարազատների կամ էլ իր կնոջ հարազատների բարեկեցության աճը և ոչ էլ նույնիսկ «Էրատո» ջոկատի հրամանատարի ժամացույցի գինը, այլ բացառապես հոգևոր աճը։ Եվ դա շատ հեշտ է ապացուցել:

Ո՞ւմ հետ էր համեմատում իրեն Նիկոլը կառավարման առաջին տարում։ Հիսուս Քրիստոսի հետ, որը վռնդեց վաշխառուներին տաճարից... Համեմատում էր ոչ այլ վայրում, քան կաթոլիկ աշխարհի մայրաքաղաք հանդիսացող երկրում, Իտալիայում: Հիշում ենք ամենքս ու ամենը.... Ավաղ, Նիկոլի շրջապատում վաշխառուները գնալով շատանում են, նրանց ագահությունը նույնպես աճում է, տաճարն էլ ամենևին այն չէ, ինչ նախկինում էր, իսկ բազմաթիվ եկեղեցիներ արդեն պարզապես չկան։ Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։

Հիմա խոսքն այն մասին է, որ այսօր Նիկոլն արդեն որոշ չափով ավելի համեստ է դարձել։ Եվ մեծ ասուլիսում, որը նա վերջերս տվեց 1-ին ալիքի լրագրողին, պատասխանելով նախապես համաձայնեցված հարցերին, այս անգամ համեմատեց իրեն ընդամենը մոհիկանների պանծալի ցեղի քաջարի ռազմիկի հետ:

Տեղեկանք՝ սելֆիների սերնդի համար. մոհիկանները Հյուսիսային Ամերիկայի բնիկների ցեղ են, որն իսպառ ոչնչացվել է սպիտակամորթ գաղութարարների կողմից և գովերգվել ամերիկացի գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպում:

Ճիշտ է, Նիկոլը չկոնկրետացրեց, թե ինքը նույնպես վերջինն է, բայց դա ենթադրվում էր։ Ենթադրվում էր, որ նա, մոհիկանների հերոսական ցեղի վերջին ներկայացուցչի պես, կռվել է Արցախի համար, բայց, ավաղ, գաղութարարներն ավելի լավ էին զինված, և միջազգային իրավունքն էլ նրանց օգտին էր։

Չէ, իհարկե լավ է, որ Նիկոլը մանկության տարիներին ճիշտ գրքեր է կարդացել։ Միայն թե վարսակն այս ձիուն օգուտ չի տվել. այո, քիչ ավելի համեստ է դարձել, արդեն չի համեմատում է իրեն Քրիստոսի հետ: Բայց որոշակի համեստությունը դեռևս ազնվություն չէ:

Քանզի եթե ազնիվ լիներ, կհամեմատեր իրեն բնավ ոչ Կուպերի վեպի հերոսի հետ: Այլ արժանի ծնողների անառակ զավակի: Ծնողներ, որոնք հարուստ ժառանգություն էին թողել իրեն: Իսկ ինքը վերցրեց ու քամուն տվեց դա մի քանի տարում: Ուրախ ու անհոգ:

Ապաշնորհ կերպով հողմացրիվ արեց տարիներով կուտակածն ու կառուցածը, քանի որ վատ էր դաստիարակված, անասելի երես առած, սովոր չէր ստեղծարար աշխատանքի, այլ ամենասովորական դատարկախոս ու պիժոն էր: Ահա և եկան չարասիրտ գաղութարարներն ու խլեցին նրանից հնարավոր ամեն ինչ։ Եվ նույնիսկ այն, ինչը սկզբում չէին պահանջում, նա ինքը սարսափահար մատուցեց նրանց որպես բոնուս:

Եվ ահա հիմա այդ դատարկախոս անճարակն իրեն երևակայել է մոհիկան և մեղադրում է նախկին առաջնորդներին նրանում, թե այն մեծ ժառանգությունը, որ նրանք թողել են իրեն, պարզվում է, այնպիսին չէր, ինչպիսին ինքը կցանկանար։ Փաստաթղթերը, իբր, այնպես չէին ձևակերպած, վերանորոգումը նորաձևության վերջին խոսքով չէր արված

Տեղեկանք՝ սելֆիների սերնդի համար. Ունկասը՝ Ֆենիմոր Կուպերի վեպի հերոսը, մոհիկանների պանծալի ցեղի վերջին ռազմիկն էր: Արժանապատիվ մարդ, որը զոհվեց մարտում՝ փրկելով իրեն վստահող և նույնիսկ մի քիչ սիրող մարդկանց…