ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Է, ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Կարելի՞ է արձանագրել, որ աշնանային ներքաղաքական սեզոնն ավարտվեց Փաշինյանի օգտին։ Ըստ երևույթին՝ այո. ընդդիմադիր ուժերին չհաջողվեց որևէ լուրջ խնդիրներ ստեղծել նրա համար։ Ընդդիմությունը հայտարարեց, որ վերադառնում է խորհրդարան, ավելի ճիշտ՝ մասնակցելու խորհրդարանի լիագումար նիստերին։

Իշխանական լրատվամիջոցները հեգնում են. իբր՝ հասկանալի է, սկսում է ցրտել, ի՞նչ անելիք ունեն ընդդիմադիրները փողոցում, երբ խորհրդարանում և՛ տաք է, և՛ բուֆետն է լավը։ Դե ինչ, հեգնանքի իրավունք ունեն, ինչպեսև ընդդիմադիր շարքերում հնարավոր նոր պառակտումների մասին կանխատեսումների իրավունք։

Փաշինյանի կերպարանքից երևում է, որ նա գոհ է ներքաղաքական իրավիճակից։ Եվ մտադիր է շարունակել ճնշել ընդդիմադիր շարժումը հնարավոր բոլոր միջոցներով ու ռեսուրսներով. վարչական, իրավական, ֆինանսական, ուժային։ Մանավանդ որ միջազգային հանրությունը աչք է փակում դրա վրա։ Նախ՝ այն պատճառով, որ միջազգային հանրությունը բազում այլ խնդիրներ ունի։

Երկրորդ, որովհետև Փաշինյանը գոհացնում է բոլորին կամ գրեթե բոլորին։ Կարելի է ինչքան ասես խոսել բարեկամության, հավասարության ու եղբայրության մասին, բայց ոչ ոք չի չեղարկել արևի տակ տեղի համար պայքարը համաշխարհային քաղաքականության մեջ։ Ուստի որքան ավելի թույլ է այս կամ այն արտաքին քաղաքական դերակատարը, այնքան ավելի շատ հնարավորություններ ունեն մյուսներն ավելացնելու իրենց հնարավորություններն ու ռեսուրսները նրա հաշվին։ Փաշինյանի թույլիկ Հայաստանը բոլորին գոհացնում է։ Ոչ միայն թշնամիներին, այլև բարեկամներին: Դրա համար էլ ընդդիմության թուլացմանն ու ճնշմանն ուղղված Փաշինյանի գործողություններում իր «չարաճճիությունների» վրա կարելի է աչք փակել և այդպիսով աջակցել վարչապետին։

Այլ հարց է, թե արտաքին քաղաքականության կամ անվտանգության ոլորտում Հայաստանին որևէ շահաբաժիններ բերե՞լ են արդյոք Փաշինյանի ներքաղաքական հաջողությունները, թվացյալ կայունությունը։ Ավաղ.... Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում ձեռքբերումներին, ապա սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիայից հետո լավատեսական որևէ բան ասել անհնար է։ Ադրբեջանցիները զավթեցին հայկական բանակի բազմաթիվ սահմանային դիրքեր, սպանվեցին մեր 200-ից ավելի զինծառայողներ։ Մեկ օրվա հաշվարկով դա նույնիսկ ավելին է, քան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ըստ պաշտոնական տվյալների:

Հիմա անդրադառնանք արտաքին քաղաքականությանը։ Փաշինյանի թիմի և անձամբ իր ակտիվությունը մեծ է։ Մեր Ֆիգարոն մերթ այստեղ է, մերթ այնտեղ: Այդ իսկ պատճառով իշխող կուսակցությունն իր արժանիքն է համարում միջազգային հանրության, միջազգային ասպարեզում նշանակալի դերակատարների հայտարարությունները, որոնք այս կամ այն չափով, բայց դատապարտում են Բաքվի քայլերն ու աջակցում Երևանի դիրքորոշմանը։ Լինի դա Վաշինգտոնը, Փարիզը, Թեհրանը, Մոսկվան, Բրյուսելը, թե Դելին։ Բայց, ավաղ, խոսքը միայն հայտարարությունների մասին է։

Ընդ որում մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ հետաքրքիր պատկեր է ստեղծվում։ Նշանակալի դերակատարներից ոչ մեկին ձեռնտու չէ թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացումը՝ Էրդողանի գլխավորությամբ. ո՛չ Եվրոպային, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Պեկինին կամ Դելիին, ո՛չ Մոսկվային։ Դա ակնհայտ է։ Այնպես որ չարժե զարմանալ, որ Բաքվի հետ դիմակայության հարցում նրանք դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում Երևանի դիրքորոշմանը։

Բայց... Մինչ խոհարարը խրատ էր կարդում, Բամբուլ կատուն հավն էր ուտում. Ալիևը ամենևին մտադիր չէ հեռանալ Հայաստանի սահմանամերձ տարածքներից, ինչ էլ որ այնտեղ հայտարարեն ֆրանսիացի սենատորները։ Նրա համար չէ Ալիևը զավթել այդ դիրքերը, որպեսզի այդքան հեշտ հեռանա այդ տարածքներից։ Դա կասկածից վեր է, Ալիևը մտադիր է ընդմիշտ ամրանալ զավթած դիրքերում և բացահայտ ասում է այդ մասին։

Ինչպե՞ս է արձագանքում Փաշինյանը։ Նա ասում է, որ մտադիր է հնարավորինս շուտ, մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, բայց դա հնարավոր է միայն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց անցկացնելու և ավարտելու պայմանով, ինչը կհանգեցնի Հայաստանի սահմանամերձ տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը։ Այդպես է ասում Փաշինյանը։ Եվ եթե մեծ բացառության կարգով ենթադրենք, թե այս անգամ Փաշինյանը մտադիր է կատարել խոստումը, ապա կարելի է հանգել այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Քանի որ, ինչպես արդեն ասացինք, Ալիևն իր զորքերը հետ քաշել մտադիր չէ։

Բայց բանն այն է, որ հաշվարկ կառուցելու համար բացառությունները անկայուն հող են: Այս կամ այն գործոնների ճնշման տակ, ընդդիմադիր ուժեղ դիմակայության բացակայության պայմաններում Փաշինյանը միանգամայն կարող է մտքափոխվել։ Եվ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը կնքել Ալիևի պայմաններով, այսինքն առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման, առանց սահմանազատման և առանց Արցախի։ Անել դա, երբ բոլորը քնած են. գուցե ֆուտբոլի աշխարհի առաջնությունից, իսկ գուցեև նախամանորյա եռուզեռից հոգնած: Ստորագրել և ասել, որ ինքը թեև պատասխանատու է, բայց ախր մեղավոր չէ. տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում, հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ինքը ստիպված էր դա անել։

Անել և պահանջել Եվրամիությունից Հայաստանին խոստացված 2,6 մլրդ եվրոն։ Ինչի մասին ոչինչ չմոռացող Փաշինյանն օրերս հիշեցրեց «Արևելյան գործընկերության» հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչներին։ Համա՜ թե կապրենք։ Իսկ «Եռաբլուրը» կների։