ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ասում են, անցյալում Օլիմպիական խաղերի ժամանակ ռազմական գործողությունները դադարեցվում էին: Բայց դա անցյալում էր: Եթե առհասարակ այդպես էր: Այսօր, այո, աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Քաթարի ֆուտբոլային դաշտերում ծավալվող մարտերի վրա: Բայց դժվար թե կարելի է խոսել այն մասին, թե այդ մարտերը նվազեցնում են իրական ռազմական գործողությունների վտանգն ու նպաստում կայունությանն աշխարհում։ Այդ թվում նաև մեր տարածաշրջանում։ Ավելի շուտ՝ հակառակը։

ՄԻ ԿՈՂՄԻՑ՝ ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։ Սոչիում Փաշինյանն ու Ալիևը Պուտինի միջնորդությամբ հերթական անգամ պարտավորություն հանձն առան շարունակել վիճահարույց հարցերի խաղաղ կարգավորման որոնումը։ Ֆրանսիայի Սենատը խոսում է հայկական սահմանամերձ տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պարբերաբար զանգում է Երևան և Բաքու՝ խաղաղ հանգուցալուծումների որոնումը շարունակելու կոչերով: Ընդ որում բոլորը հասկանում են, որ Բաքվի կողմից նոր սադրանքի սպառնալիքը պահպանվում է։

Հենց Բաքվի, այլ ոչ թե Երևանի, թեև ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքում են, այլ ոչ թե հակառակը։ Սակայն, չնայած այդ փաստին, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները «պարզաբանում են», թե չեն կարող խոչընդոտել մեր տարածքում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքներին, քանի որ դա կհանգեցնի պատերազմի։

Իսկ այ Ալիևը պարբերաբար «կառուցողականություն» է պահանջում Երևանից, այլապես սպառնում է «պատժել»։ «Կառուցողականությունը», ըստ Ալիևի, նշանակում է, թե Երևանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս և հրաժարվի արցախցիների իրավունքների որևէ պաշտպանությունից, Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրի Հայաստանի տարածքով, մոռանա հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի առկայության մասին, իսկ սահմանազատումն իրականացնի ադրբեջանական քարտեզներով…

Ի՞նչ է ասում Փաշինյանը։ Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի աջակցությունից ոգևորված՝ նա խորհրդարանում հայտարարեց, որ ցանկանում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, բայց ընդ որում պետք է ավարտված լինի սահմանազատման գործընթացը և ադրբեջանական զորքերը դուրս բերվեն Հայաստանի սահմանամերձ տարածքներից: Եվ քանի որ, ինչպես արդեն արձանագրել ենք, Ալիևը ոչ մի տեղից ոչ մի բան մտադիր չէ հոժարակամ դուրս բերել, ապա երաշխիք չկա, որ Բաքուն չի օգտվի ֆուտբոլային տենդից, որպեսզի հերթական սադրանքը կազմակերպի և ստիպի Փաշինյանին խաղաղություն ստորագրել ադրբեջանական պայմաններով։

Քաթարում ընթացող ֆուտբոլային մարտերը դժվար թե նպաստեն ավելի մեծ կայունությանը Հայաստանի նաև ներքաղաքական կյանքում։ Այդտեղ նույնպես հետաքրքիր գործընթացներ են ծավալվում։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը չի գնում ներքաղաքական իրավիճակի սրման և, կարծում ենք, անում է դա գիտակցաբար, հաշվի առնելով հնարավոր արտաքին մարտահրավերները։ Փաշինյանն էլ իր վերջին ելույթներում վստահություն է ցուցաբերում սեփական ուժերի նկատմամբ և իր սովորական հիստերիաների մեջ չի ընկնում։

Բայց... Դրա հետ մեկտեղ տեսնում ենք, թե ինչպես են ամրացվում Ազգային ժողովի դարպասները։ Տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանի թիկնազորն արդեն բացեիբաց ներկա լինում խորհրդարանի լիագումար նիստերին՝ տեղավորվելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թիկունքում։ Եվ պետք չէ առանձնակի դիտունակ լինել, որպեսզի նկատես, թե ինչպես է ծավալվում ճնշումների հերթական ալիքն ընդդիմադիր քաղաքական գործիչների, փորձագետների, բլոգերների, ԶԼՄ-ների և լրագրողների դեմ, որոնք վերջին օրերին գտնվում են շատ ուշադիր հայրենի ուժային և իշխանամետ այլ կառույցների առանձնակի սևեռուն հոգացողության ներքո։

Ինչի՞ց է այդքան վախենում Փաշինյանը՝ նորովի եռակցելով Ազգային ժողովի դարպասները։ Նույն այն Փաշինյանը, որը իշխանության ստանձնման շրջանում հավաստիացնում էր, թե ԱԺ շենքին հարող այգին բաց է լինելու զբոսանքների համար։ Ինչի՞ց է այդքան վախենում Փաշինյանը՝ խորհրդարանում նստեցնելով իր անվտանգության ծառայողներին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թիկունքում։ Ինչի՞ց է այդքան վախենում իշխող թիմը՝ հետապնդումների և բռնաճնշումների նոր ալիք սանձազերծելով քաղաքականապես անցանկալի մարդկանց դեմ։ Դա արվում է պարզապես վրեժի ծարավը հագեցնելու համար, թե՞ որպես նոր գլխավոր դատախազի «սկզբունքայնության» ցուցադրում։

Իսկ գուցե արվում է դժգոհության նոր պայթյունը կանխելու համա՞ր, եթե Երևանը, չնայած Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի կողմից իր դիրքորոշման սատարմանը, այնուամենայնիվ խաղաղություն ստորագրի Ադրբեջանի հետ Ալիևի պայմաններով։