ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԱՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում կքննարկվի առանձին, Sputnik Արմենիային ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այսօր այդ թեման առանձին հարցով կքննարկվի նախարարների մակարդակով և պետությունների ղեկավարների մակարդակով, ուստի եկեք սպասենք արդյունքներին»,- ասել է Սեմերիկովը:

Նրա խոսքերով, համապատասխան մշակումներ կան, նախարարների մակարդակով հայտարարություն կարվի։ Հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային, Սեմերիկովը պատասխանել է, որ այն համապատասխանում էր ճգնաժամային արձագանքման դրույթին:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԻՀԱՐԿԵ, ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ։ Եվ ցանկալի է տեսնել այդ արդյունքները, այսպես ասած, առերես։ Այն է՝ բռնազավթած հայկական տարածքներից ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների հետքաշման տեսքով։ Սակայն այս առումով, թերևս, առանձնակի պատրանքների տրվել չարժե։

Բանն այն է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի նախաշեմին Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական սադրիչ հայտարարությամբ՝ ոչ միայն վայրահաչելով պաշտոնական Երևանի վրա, այլև նրբաբնույթ հարցի առաջ կանգնեցնելով ՀԱՊԿ բոլոր անդամներին։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք ՀԱՊԿ անդամ չենք։ Իսկ Հայաստանը այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով մտադիր էր անհիմն դժգոհություններ ներկայացնել Ադրբեջանին, իսկ ըստ էության՝ ցանկանում էր ընդհարել դրա կազմում ընդգրկված երկրներին Ադրբեջանի հետ։ Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն։ Հայաստանի այդ սադրանքը ձախողվեց, և ՀԱՊԿ երկրները չտրվեցին դրան, ինչը նշանակում է, որ կազմակերպությունում մենք ավելի շատ բարեկամներ ունենք, քան Հայաստանը»։

Անշուշտ, բարեկամական հարաբերությունների մասով Ալիևը չի ստում։ Իսկապես, ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր անդամների հետ Ադրբեջանի բարեկամական կապերը բավական ամուր են և ամրանում են բացի ամենից նաև ֆինանսական, նավթագազային շահերի շնորհիվ։ Ինչը չես ասի Հայաստանի մասին։ Սակայն այստեղ կա մի որոշակի նրբերանգ։ Բարեկամությունը՝ բարեկամություն, բայց լկտիանալ պետք չէ: Պետք չէ մոռանալ, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է ոչ միայն Հայաստանի տարածք, այլև այն կազմակերպության հավաքական պատասխանատվության գոտի, որի կազմում համատարած Ալիևի բարեկամներն են: Այստեղ արժե հերթական անգամ հիշեցնել, որ մեր տարածաշրջանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ նախանշված է կազմակերպությանն անդամակցելու պահի դրությամբ Հայաստանի սահմաններով։ Այնպես որ ադրբեջանական ներխուժման և բռնազավթման փաստը վիճարկելը պարզապես հիմարություն է։ Հաշվի առնելով սա, Ալիևը փաստորեն մարտահրավեր է նետում ոչ միայն Հայաստանին, այլև ՀԱՊԿ-ում իր բոլոր բարեկամներին։

Այս իրավիճակում տրամաբանական կլիներ, եթե ՀԱՊԿ-ն արձագանքեր Բաքվի պահվածքին և ընկերաբար, բարյացակամորեն խորհուրդ տար Ադրբեջանին դուրս գալ իր պատասխանատվության գոտում բռնազավթած տարածքներից։ Ավաղ, առնվազն անցած տարվա մայիսից ադրբեջանական զորքերը խորանում են հայկական տարածքում, իսկ ՀԱՊԿ-ը չի համարձակվում խորհուրդ տալ Ալիևին կանգ առնել իր զավթողական և բռնատիրական քաղաքականության մեջ։

Ակնհայտ է, որ Հավաքական անվտանգության կազմակերպության առջև բարդ խնդիր է կանգնած, բարդ ընտրություն. պահպանել կա՛մ բարեկամությունն Ալիևի հետ, կա՛մ ՀԱՊԿ-ի հեղինակությունը։ Երևանյան գագաթնաժողովը, ի թիվս ամենի, կոչված է հստակեցնել կազմակերպության առաջնահերթություններն այդ առումով, տալ պարզ հարցի պատասխանը. սկզբունքորեն կարելի՞ է արդյոք խոսել ռազմաքաղաքական դաշինքի կենսունակության մասին, եթե դա (դաշինքը) առաջնորդվում է բարեկամության, այլ ոչ թե պատասխանատվության գործոնով: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ով ում հետ է ընկերություն անում: Բարեկամությունը չի ազատում պարտավորություններից և պատասխանատվությունից: