ՎԵՑ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ գագաթնաժողովը հիշեցրեց հայտնի երգի տողերը. «Ահա և հանդիպեցին երկու մենություն, խարույկ վառեցին ճամփեզրին, իսկ խարույկը վառվել չի ուզում, ահա և ամենը»: Համաձայնեք, անցած գագաթնաժողովի բավական լավ բնութագիր է, միայն թե մենությունները ոչ թե երկուսն էին, այլ ամբողջ վեցը…

ԲՈԼՈՐ ՎԵՑՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ: Եվ այնպես չէ, թե այդ խնդիրների լուծման նկատմամբ մոտեցումները հավասարապես կիսում են կազմակերպության բոլոր անդամները։ Ռուսաստանը ռազմական գործողություններ ունի Ուկրաինայում։ Հայաստանը՝ հակամարտություն Ադրբեջանի հետ։ Ղրղզստանն ու Տաջիկստանը վիճելի սահմանամերձ տարածքների խնդիր ունեն։ Մինսկը մտահոգված է Բելառուսի վրա Արևմուտքի ճնշմամբ, Ղազախստանը՝ ներքին կայունության ապահովմամբ։ Սկզբունքորեն զարմանալի ոչինչ չկա, որ յուրաքանչյուր երկիր իր առաջնահերթություններն ունի անվտանգության ոլորտում, մանավանդ որ ՀԱՊԿ-ի աշխարհագրությունը բավական ընդարձակ է։

Մոսկվան ամեն կերպ փորձում էր հարթել հակասությունները։ Մեր երկրի մասով եթեր հեռարձակվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն արտահայտությունը, որ «եթե մենք առկախում ենք Հայաստանին օգնելու որոշումը, ապա ի՞նչ է լինում հռչակագրի և հայտարարության հետ»։ Այդպիսի հարց տվեց Լավրովը և, հիշեցնելով, որ պայմանավորվածություն է եղել փաստաթղթերը ստորագրել «փաթեթով», առաջարկեց համաձայնեցնել «առկախ հարցերը» աշխատանքային կարգով ...

Ի դեպ, երբ նա ընդ որում հղում էր կատարում «Վլադիմիր Վլադիմիրովիչին», որն առաջարկել է «կախել» Հայաստանին օգնելու հարցը, շատերը կարծեցին, թե խոսքը ՌԴ նախագահի մասին է։ Իրականում Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ դեռ չէր ժամանել Երևան, իսկ Լավրովը հղում էր կատարում Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի խոսքերին։

Ինչևէ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ըստ երևույթին, հույս ուներ, թե Հայաստանին օգնելու մասին որոշման նախագիծը կհամաձայնեցվի ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից։ Բայց դա տեղի չունեցավ. Փաշինյանը հրաժարվեց ստորագրել դա «այն տեսքով, որով ներկայացված է»։ Կարելի է ենթադրել, թե որն էր խոչընդոտը։

Դժվար թե ՀԱՊԿ անդամներից որևէ մեկը առարկեր նախապատրաստվող որոշման այն կետերին, որտեղ խոսվում էր Բաքվի հետ վիճելի հարցերի լուծման հարցում Հայաստանին օգնելու կամ այդ հարցում Մոսկվայի ջանքերին աջակցելու ՀԱՊԿ մտադրության մասին։ Դժվար թե առարկություններ առաջացներ նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության հարցը։ Հնարավոր է, որ խնդիրը սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունների գնահատականն է։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, որ Երևանն ամենևին էլ չի փափագում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշել ՀԱՊԿ-ին, խոսքը քաղաքական-դիվանագիտական աջակցության, Բաքվի ագրեսիային կոնկրետ գնահատական տալու մասին է, և այդ գնահատականը Երևանի համար կարևոր է թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյունից։

Բայց եթե Ադրբեջանի հարձակման փաստը ՀԱՊԿ-ն արձանագրել է դեռևս իր մոնիտորինգային խմբի զեկույցում, ապա ո՞րն է խնդիրը։ Հավանաբար՝ այն, որ կազմակերպության որոշ անդամներ դեմ են, որ հայտարարության մեջ կոնկրետ ասվի Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման մասին։ Եվ նախընտրում են, որ ՀՀ-ին օգնության մասին հայտարարության մեջ և գագաթնաժողովի հռչակագրում լինեն ավելի անորոշ ձևակերպումներ, օրինակ՝ խոսվի Ադրբեջանի և Հայաստանի միջև «սահմանամերձ հակամարտության արդյունքների» մասին։

Դատելով ամենից, այդպիսին էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիրքորոշումը, որն այսօր կազմակերպության մյուս անդամներից ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ, այլ բնավ ոչ դրանց վատթարացմամբ։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Փաշինյանը ներկաներին հիշեցրեց, թե ինչպես Երևանի նախագահությամբ ՀԱՊԿ-ն արագ, մեկ օրում կայացրեց անհրաժեշտ որոշումները Ղազախստանում հունվարյան իրադարձությունների ժամանակ, ինչը թույլ տվեց Տոկաևին հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը ... Սակայն, դատելով ամենից, Փաշինյանի «ակնարկները» Ղազախստանի նախագահի վրա չազդեցին, իսկ Լուկաշենկոն սկսեց խոսել այն մասին, որ ՀԱՊԿ երկրները պատրաստ են արձագանքել և օգնել Հայաստանին՝ «ինչպես որ պայմանավորվել ենք» , բայց ստեղծված բարդ իրավիճակում անդամ երկրները պետք ոչ միայն օգնեն միմյանց, այլև հասկանան իրենց գործընկերների դիրքորոշումը

Սկզբունքորեն Լուկաշենկոն այնքան էլ անիրավացի չէ։ Չէ՞ որ Մոսկվան, օրինակ, ՀԱՊԿ-ի գործընկերներին չի խնդրում օգնել՝ հետ մղելու Ուկրաինայի ագրեսիան այն տարածքների դեմ, որոնք ՌԴ-ն ընդգրկել է իր կազմում, և որտեղ այժմ ռազմական գործողություններ են ընթանում։ Չի խնդրում ոչ միայն ռազմական օգնություն, այլև, ասենք, Ուկրաինայի հրապարակային դատապարտում։ Այնպես չէ, թե Մոսկվային դա պետք չէ։ Պարզապես կա ըմբռնումը, որ ՀԱՊԿ-ում իր գործընկերներն այս կամ այն պատճառով չեն կարող իրենց թույլ տալ նման քայլ՝ ելնելով իրենց պետական շահերից, որոնք ՀԱՊԿ-ին անդամակցումն ամենևին չի չեղարկում։

Մյուս կողմից՝ Երևանի դիրքորոշումը նույնպես հասկանալի է։ Չէ՞ որ եթե Հայաստանը ստորագրում է մի հայտարարության տակ, որտեղ չկա հստակ ձևակերպում իր տարածքի մի մասի բռնազավթման մասին, ապա ինչպե՞ս կարող է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դատապարտում պահանջել մյուս գործընկերներից։

Ինչևէ, Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը համաձայնեցված չէ։ Եվ չնայած կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը լքող Ստանիսլավ Զասի լավատեսությանն այն առնչությամբ, թե Հայաստանին օգնելու մասին ՀԱՊԿ հռչակագրի տեքստը և հայտարարությունը կհամաձայնեցվեն աշխատանքային կարգով, դժվար է ենթադրել, թե դա արագ տեղի կունենա։ Եթե ընդհանրապես տեղի ունենա, մանավանդ որ ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Ղազախստանին

Այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանում մշտադիտարկող առաքելություն պահել առանց որևէ հրապարակային հայտարարության։ Ինչպես նաև նպաստել Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունների կնքման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերին։ Եվ դժվար է չհամաձայնել Դմիտրի Պեսկովի այն մեկնաբանությանը, որ, չնայած այս կամ այն հարցերի շուրջ տարաձայնություններին, ՀԱՊԿ-ի հարթակը պահանջված է կազմակերպության անդամների կողմից։