ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՃՈՎ. 5 ԴԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 20-ին, Թուրքիան հերթական ագրեսիան է ձեռնարկել ինքնիշխան պետության դեմ։ Այս անգամ հարվածի տակ էր հայտնվել Սիրիան։ Հարձակման պաշտոնական պատճառը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունն էր։ «Ճանկ-թուր» գործողությունը նախատեսում է հարվածներ հասցնել քրդական դիրքերին Սիրիայում և Իրաքում։
Միջազգային հանրությունը, ինչպես Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, որևէ կերպ չի արձագանքում։ Այս պարագայում դատապարտող հայտարարություններ չկան։ Դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Թուրքիան Արևմուտքի մաս է, այլ նաև նրանով, որ Անկարան ուներ լեգիտիմ, իր տեսանկյունից, ինքնապաշտպանության իրավունք։
Հարձակման համար անհրաժեշտ էր միայն ֆորմալ առիթ
Առանց պատշաճ հետաքննության և դատավճռի՝ Թուրքիան ահաբեկչության մեջ մեղադրել է քրդական կազմավորումներին, որոնք կապված են և աշխատում են Սիրիայում և Իրաքում տեղակայված թուրքական կազմակերպությունների հետ։ Այս տեսակի casus belli-ն (պատերազմի պատրվակ) հատկապես վտանգավոր է և նախադեպ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Նույն կերպ Թուրքիան հերթական ահաբեկչությունից հետո կարող է կազմակերպիչներին մեղադրել Հայաստանի տարածքում գործող կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ։ Իսկ հետո պահանջել կա՛մ նրանց արտահանձնումը, կա՛մ այլ գործողություն իրականացնել, որն իրականում ագրեսիա է լինելու։
Կարևոր է նշել, որ Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցությունը հերքել է Ստամբուլի պայթյունին առնչություն ունենալու մեղադրանքները: Բացի այդ, խաղաղ բնակչության դեմ նման հարձակումներ իրականացնելը այս կազմակերպությանը հատուկ չէ։ Քրդական կազմակերպությունների հիմնական թիրախը թուրք զինվորականներն են, ոստիկանությունը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։ Ավելին, նրանք ցավակցություն են հայտնել դեպքի կապակցությամբ։
Ինչու՞ ոչ ոք քրդերին չի օգնում
Քրդերի գլխավոր դաշնակիցն՝ ի դեմս ԱՄՆ-ի, որը վերջին տարիներին ցուցաբերել է ֆինանսական, ռազմական, տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, ձեռնպահ մնաց ոչ միայն օգնություն տրամադրելուց, այլև դատապարտելուց։ Այսինքն՝ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցներից մեկը՝ ի դեմս Թուրքիայի, հարվածում է տարածաշրջանում ԱՄՆ-ի մեկ այլ դաշնակցին: Իսկ Վաշինգտոնը չի կարող ճնշել Անկարային, որպեսզի վերջինս դադարեցնի իր ագրեսիան։
Փաստացի, Սիրիայից պոկված քրդերը կրկին դեմ առ դեմ մնացին գերակա թշնամու հետ։ Այս առումով քրդերի ներկայությունը Սիրիայում կարող էր եթե ոչ կանխել, ապա լուրջ խոչընդոտ հանդիսանալ թուրքական էքսպանսիայի համար։ Այդ թվում նաև այն պատճառով, որ Իրանն ու Ռուսաստանը, որոնք օգնում են Սիրիային, նույնպես կապահովեն այդ տարածքների անվտանգությունը։ Այսօր ոչ միայն Մոսկվան ու Թեհրանը, այլև Դամասկոսը չեն կարողանում ազդել իրավիճակի վրա, դա օրինաչափ է այն պատճառով, որ հարվածների թիրախում գտնվող տարածքները դուրս են Սիրիայի պաշտոնական իշխանությունների վերահսկողությունից։
5 դաս Հայաստանի համար
- Անկախության համար պետք է կարողանալ պայքարել ինքուրույն։ Դաշնակիցների հետ լավ հարաբերություններ և փոխօգնության հիմքեր ստեղծել պետք է, սակայն հույս դնել միայն դրանց վրա չի կարելի։ Միևնույն ժամանակ լավ դաշնակցային հարաբերությունները կարող են հավելյալ ռեսուրս լինել ագրեսիան կանխելու համար:
- Ոչ ոք չի պատրաստվում քննադատել Թուրքիային Հայաստանի հանդեպ հերթական ագրեսիան սանձազերծելու մեջ։ Ինչպես տեսանք 2021-2022 թթ., երբ Ադրբեջանն օկուպացրեց ՀՀ միջազգայինորեն ճանաչված սուվերեն տարածքից ավելի քան 220 քկմ տարածք, ոչ մի կոշտ հայտարարություն և առավել ևս պատժամիջոցներ չհաջորդեցին։ Միայն Ֆրանսիայի սենատը բանաձև ընդունեց, որը, սակայն, կառավարության կողմից չհաստատվեց։ Ավելին, պետք է ֆիքսել, որ արևէ հայտարարություն կամ բանաձև չի կանգնեցնելու Թուրքական էքսպանսիան։
- Ինչքան թույլ են դաշնակիցներդ, այնքան թույլ ես դու։ Ռուսաստանն այժմ խնդիրներ ունի Ուկրաինայում, իսկ Իրանում ներքաղաքական լուրջ ճգնաժամ է, և դա նպաստել է վերջիններիս դաշնակից Սիրիայի դեմ ագրեսիայի սանձազերծմանը։ Ավելին, այս տարվա հունիսին, երբ Թուրքիան պատրաստվում էր հարձակվել Սիրիայի վրա, Ռուսաստանն ու Իրանը կարողացան կանգնեցնել նրան։
- Թուրքիան կարող է հեշտությամբ casus belli ստեղծել՝ Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծելու համար։ Ոչինչ չի արգելի Թուրքիային հերթական ահաբեկչությունն իր տարածքում արհեստականորեն կապել Հայաստանի կամ Հայաստանում գործող կառույցների հետ և այդպիսով լեգիտիմ պատճառ ստանալ հարձակման համար։
- Թուրքիան խաղաղություն չի ուզում։ Սիրիայի հետ ուղիղ բանակցությունների պատրաստակամություն հայտնելուն զուգահեռ Էրդողանի հերթական ագրեսիան պետք է դաս լինի թուրքական «խաղաղության օրակարգին» հավատացողների համար։