«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ»՝ ՈՐՊԵՍ ՔՈՂ. ԹՈՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ

Վերջին ամիսներին իշխանությունները կարծես թե բուռն գործունեություն են ծավալել կոռուպցիայի դեմ։ Մշտապես հաղորդագրություններ են հայտնվում այս կամ այն նախկին պաշտոնյայի ապօրինի գույքը բռնագանձելու, այս կամ այն գերատեսչությունում կոռուպցիոն սխեմաների կամ առանձին դեպքերի բացահայտման, պետհաստատությունների աշխատակիցների ձերբակալման, միլիոնավոր ու միլիարդավոր դրամներ բյուջե վերադարձնելու մասին և այլն։

Եթե չլիներ Արցախում եվ երկրի սահմաններին տիրող դրամատիկ իրավիճակը, ՀՀ տարածքի շուրջ 140 քառ.կիլոմետրի (լոկ պաշտոնական տվյալներով) բռնազավթումը, անվտանգության հետ կապված ահռելի խնդիրների և սպառնալիքների առկայությունը, Բաքվի բացահայտ նախապատրաստումը ռազմական ագրեսիայի և գոյաբանական բնույթի այլ հարցեր, ապա նման գործունեությունը կարելի էր միայն ողջունել։ Սակայն, չնայած սեփական անաչառությունը և օրենքի առջև բոլորի հավասարությունը ցուցադրելու իշխանությունների բոլոր ջանքերին, կան փաստեր, որոնք ինքնին խոսուն են։ Եվ բացահայտ վկայում են հովանավորչության, հակակոռուպցիոն գործողությունների ընտրողականության և «անձեռնմխելիների»՝ Փաշինյանի մերձավոր շրջապատի մարդկանց որոշակի խմբի առկայության մասին։

Դրա ապացույցները լիառատ են։ Լրատվամիջոցները շարունակ գրում են ստվերային գործարքների և իրավախախտումների մասին, որոնց մեջ ներգրավված են իշխանության վերին էշելոնների ներկայացուցիչները, նրանց հարազատները կամ ընկերները։ Օրինակ, Ալեն Սիմոնյանի եղբոր մասին, որը «չգիտես ինչու» մշտապես շահում է բազմամիլիոնանոց տենդերները։ Կամ՝ կապի և ինտերնետի, բանկային ոլորտում Տիգրան Ավինյանի մեքենայությունների, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված մութ գործերի մասին։ Հակակոռուպցիոն կառույցները չհետաքրքրվեցին նաև Արսեն Թորոսյանի ընտանիքի բիզնեսով, թեև մամուլում այդ թեմայով մի ամբողջ հետաքննություն է հայտնվել։

Ասենք, ինչո՞ւ հեռու գնալ, եթե ոչ ավելի վաղ, քան այս տարվա հունիսին, և ոչ այլուր, քան խորհրդարանի պատերի ներսում բաց տեքստով պատմեցին առողջապահության ոլորտում կատարված և կատարվող շատ տարօրինակ գործերի մասին՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի համար պրոֆիլային նախարարությանը հատկացված հսկայական գումարների հետ։ Եվ նշեցին երկու կոնկրետ պաշտոնյաների անուններ, որոնք պատասխանատու են բազմաթիվ իրավախախտումների համար. առողջապահության նախկին և ներկա նախարարների, որոնք, դատելով ամենից, կապված են ոչ միայն խնամիական կապերով, այլև համերաշխիքով։ Ընդ որում բացահայտողի դերում հանդես եկավ ոչ թե «ինչ-որ ընդդիմադիր», այլ Հայաստանի Հաշվեքննիչ պալատի մի ամբողջ ղեկավար։

«ԳԱ»-ն ժամանակին գրել է հունիսի 13-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հնչեցված ցնցող փաստերի մասին, որտեղ ներկայացվեց համավարակի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից բյուջետային միջոցների ծախսման ստուգումների արդյունքների մասին հաշվետվությունը: Այստեղ նույնպես ներկայացնենք Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանի և գերատեսչության ղեկավար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած փաստերի մի մասը, որպեսզի կրկին ցույց տանք հայտնաբերված չարաշահումների և վատնումների մասշտաբները։

Այսպես, ըստ զեկույցի, կորոնավիրուսի կանխարգելման եվ բուժման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 26,5 մլրդ դրամ, սակայն փորձագետների խումբը եկել է այն եզրակացության, որ արդյունքում չեն իրականացվել անհրաժեշտ պլանային աշխատանքները, չեն նախորոշվել ծախսային ուղղությունները, չեն կիրառվել հաշվետվության սահմանված մեխանիզմները: Ընդհանուր առմամբ միջոցները չեն օգտագործվել նպատակային և ծախսարդյունավետ եղանակով: Կոնկրետ օրինակ. մեկ հիվանդի բուժումը վերապրոֆիլավորված բուժհաստատությունում արժեցել է միջինը 378 հազար դրամ, սովորական հիվանդանոցներում՝ 173 հազար դրամ։ Մինչդեռ մեկ օրվա ծախսը կազմել է համապատասխանաբար 37 և 34 հազար դրամ։

«Համավարակի դեմ պայքարող բուժհաստատությունների ցանկում ընդգրկված հիվանդանոցների աշխատակիցներին ընդհանուր առմամբ վճարվել է 974 մլն դրամ աշխատավարձ։ Նրանց վճարվել է նաև 148 մլն դրամ պարգևավճար»,- ասվում էր հաշվետվության մեջ։ Իսկ այ նշված ցուցակում չընդգրկված հաստատություններին հատկացվել է մոտ 1,8 մլրդ դրամ՝ շինարարության և գույքի ձեռքբերման համար, իսկ առողջապահության նախարարության համակարգում սկզբունքորեն չընդգրկված կառույցներին՝ 448 մլն դրամ(!)։

Վերոնշյալ 26,5 մլրդ դրամից 3,5 մլրդ դրամը հատկացվել է ոչ թե հիվանդների բուժման, այլ պարգևավճարների և շինարարական աշխատանքների համար։ Բուժկենտրոններում արձանագրվել են վճարման փաստեր՝ առանց համապատասխան բուժծառայությունների մատուցման, դեպքեր, երբ ծառայությունը չի համապատասխանել նախկինում վճարված գումարներին, ինչպես նաև մեկ հիվանդի համակարգչային տոմոգրաֆիայի համար բազմակի վճարման փաստեր։ Համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները ծախսվել են ոչ թե անմիջական նպատակով, այլ վերելակների, կոյուղու վերանորոգման, տարածքի բարեկարգման վրա և այլն։

Բոլոր այս ու այլևայլ փաստերը հնչեցին հենց Թորոսյանի և Ավանեսյանի ներկայությամբ և, բնականաբար, արժանացան նրանց առավելապես հուզական բնույթի բուռն արձագանքին ու բոցաշունչ հայտարարություններին, թե իբր՝ տվյալները շինծու են։ Ա.Ջանջուղազյանը փաստեց, որ Հաշվեքննիչ պալատի հաշվետվության մեջ քիչ փաստեր են արձանագրվել (ինչից հետևում է, որ խախտումներն ավելի շատ են եղել), և դրանք բոլորը ստուգման կարիք ունեն: Ինչում, ընդգծենք, ամենից շատ պետք է շահագրգռված լինեին հենց Թորոսյանն ու Ավանեսյանը՝ բոլոր մեղադրանքները հերքելու, «հեղափոխականներին» բնորոշ բյուրեղյա ազնվությունն ապացուցելու և իրենց հեղինակությունը փրկելու համար։

Այդ ժամանակից անցել է, կրկնեմ, գրեթե կես տարի, բայց ոչ մի ստուգում չի անցկացվել, Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունն ուղարկվել է արխիվ՝ չնչին չափով իսկ չհետաքրքրելով իրավապահ մարմիններին։ Համենայնդեպս մամուլում այդ մասին որևէ հաղորդագրություն չի եղել, թեև եթե զեկույցում ներկայացված փաստերի թեկուզ կեսը համապատասխանում է իրականությանը, ապա եղել են շատ լուրջ չարաշահումներ. տասնյակ և հարյուր միլիոնավոր դրամների։ Ո՞ւր են Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի արձագանքն ու գործողությունները։ Բոլոր այդ կառույցները ժամանակ առ ժամանակ ջերմեռանդորեն զեկուցում են մեկ-երկու միլիոն դրամի խախտումներ պարունակող գործերի բացահայտման մասին, բայց նախարարություններից մեկում տեղի ունեցած վիթխարի չարաշահումները նրանք չգիտես ինչու ջանադրաբար անտեսեցին։

Նոյեմբերի 9-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Հայաստանում իրավապահ կառույցների օպերատիվ-հետախուզական խմբերը ստուգելու են պետական պաշտոնյաների ունեցվածքը՝ կոռուպցիոն սխեմաների և ստվերային եկամուտների առկայությունը պարզելու համար: Նոյեմբերի 22-ին հայտնվեց ևս մեկ հաղորդագրություն. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել էր ԱԱԾ՝ ստուգելու համար պետական բոլոր պաշտոնյաների ունեցվածքը, այդ թվում՝ դե ֆակտո վարչապետի, նախագահի, ԱԺ խոսնակի և այլն: Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, Փաշինյանը հայտարարեց, թե «Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո մեկ տարվա ընթացքում պետական բյուջե են վերադարձվել ավելի շատ միջոցներ, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում»: Նա նշեց նաև, թե պայմանավորվել է գլխավոր դատախազի հետ, որ ամեն տարի ցույց տրվեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները։

«Այդ թիվը պետք է երևա բյուջեի եկամուտների մեջ: Եվ այն մանկապարտեզները, որոնք չեն կառուցվել կոռուպցիայի պատճառով, պիտի կառուցվեն այդ թվում հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում վերականգնված գումարից։ Դպրոցները, զինվորի աշխատավարձը, որն այդպես էլ մնացել է անհասկանալի, մնացած ամեն ինչը՝ ճանապարհները, ենթակառուցվածքները, անվտանգությունը և այդպես շարունակ»,- պաթետիկ հայտարարեց կապիտուլյանտը։

Առաջարկում ենք Նիկոլին ազատ ժամանակ մտորել, թե քանի մանկապարտեզ ու դպրոց կկառուցվի, եթե թեկուզ թեթևակի թափ տան իր մտերիմներին։ Հենց նույն Սիմոնյանին, Ավինյանին, Պապիկյանին, Թորոսյանին, Ավանեսյանին. դե, մեծ գումարների կերամանին հասած խաժամուժի ողջ այդ հոպ-ընկերախմբին։ Ի դեպ, բոլորովին վերջերս լրատվամիջոցները գրում էին կոռուպցիոն ռիսկերի նշաններով կասկածելի գործարքի մասին, կապված Անահիտ Ավանեսյանի մոր կողմից Երևանի կենտրոնում գտնվող շենքի գնման հետ։ Բայց դա նույնպես, բնականաբար, չհետաքրքրեց իրավապահներին։

Իսկ եթե դե ֆակտո վարչապետը հովանավորում է իր ընկերներին՝ համարելով, որ նրանք պետք է օրենքից վեր լինեն, ուրեմն փայ ունի նրանց հետ։ Իսկ «կոռուպցիայի դեմ պայքար» անվանումով ողջ այդ եռուզեռը ձեռնարկված է «քաղաքակիրթ աշխարհի» աչքին թոզ փչելու և, գլխավորը՝ իսկապես խոշոր ստվերային գործարքներն ու պետհամակարգը ներսից քայքայող ապօրինի գործունեությունը թաքցնելու նպատակով։