ԱԳՈՒԼԻՍԻ ԲԱՐԲԱՌԸ՝ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Բրիտանացի լեզվաբան Քեթրին Հոջսոնն առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան։ Քեթրինը վտանգված լեզուների մասնագետ է և երկար տարիներ ուսումնասիրում է հայոց լեզվի Ագուլիսի (զոկերեն) բարբառը, որով խոսում էին Նախիջևանի Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Դաշտ, Քաղաքիկ, Դիսար, Հանդամեջ և այլ՝ Հայաստանի պատմական Գողթան գավառի գյուղերի բնակիչները:

Ցավոք, այսօր Ագուլիսի բարբառը կրողները շատ չեն: Իրենց մայր-հողից տեղահանված Նախիջևանի հայերը ստիպված են եղել սփռվել Հայաստանով մեկ, անգամ տեղափոխվել այլ երկրներ: Ապրելով Մասիսում, Եղեգնաձորում, Երևանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում և այլուր, նրանք ժամանակի ընթացքում ստիպված հրաժարվում են մայրենի բարբառից, ինչի հետևանքով այն մոռացության է մատնվում:

Քեթրինի հետ մեր զրույցը տեղի ունեցավ հայերեն լեզվով, որին նա վարժ տիրապետում է։ Նա այսպես մեկնաբանեց Հայաստան այցելությունների իր նպատակը.

«Այսօր Հայաստանի տարածքում դեռ կան Ագուլիսի բարբառով խոսացող մարդիկ, սակայն նրանք հիմնականում Նախիջևանից գաղթած տարեց հայերն են: Ես փնտրում ու գտնում եմ այդ մարդկանց, կապ հաստատում նրանց հետ, զրուցում, նկարահանում նրանց, վերծանում եմ նրանց լեզուն: Իմ նպատակն է որպես լեզվաբանի փորձել պահպանել հայոց լեզվի այս եզակի բարբառը, որը նման է Սյունիքի բարբառին և ընդհանրություն ունի Արցախի՝ Հադրութի շրջանի բնակիչների հայերենին»:

- Ի՞նչը կապեց Ձեզ Հայաստանի հետ։

Агулисский диалект сохранился лишь в речи старшего поколения выходцев из Нахиджевана

- Ես միշտ հետաքրքվել եմ այլ ժողովուրդների լեզուներով, բայց փոքր տարիքում հնարավորություն չեմ ունեցել որևէ մեկը սովորել: Անգլիայում օտար լեզուների ուսուցումը կարևոր չի համարվում դպրոցներում։ Լեզվաբանությունը որպես մասնագիտություն ընտրելուց հետո մասնագիտացա պոնտական ​​հունարենի ուսումնասիրության մեջ և մեկնեցի Հունաստան, ընդունվեցի Սալոնիկի Արիստոտելի համալսարանի մագիստրատուրա։ Հունաստանում առաջին անգամ հանդիպեցի հայերի, ծանոթացա հայ համայնքի հետ, շատ հետաքրքիր բաներ իմացա հայերի և հույների փոխհարաբերությունների մասին։ Իմ մագիստրոսական թեզի թեման Պոնտոսի հույների լեզուն էր, որոնք դարեր շարունակ ապրել են Հայաստանում և 1990-ականներին հայրենադարձվել Հունաստան։ Հետազոտության ընթացքում պարզեցի, որ Հունաստանում չեն հասկանում հայաստանցի հույների լեզուն։ Այս փաստն ինձ հետաքրքրեց, ես որոշեցի ավելի խորն ուսումնասիրել այս թեման և արդյունքում հավաքեցի մոտ 12 ժամ տևողության տեսանյութեր և ձայնագրություններ, որոնք նախատեսում եմ հրապարակել համացանցային արխիվի տեսքով։ Հունաստանում ընկերուհի ձեռք բերեցի, որի մայրը հայ է, հայրը՝ հույն: Նրանք Հայաստանից են տեղափոխվել այնտեղ և տանը հայերեն էին խոսում, որը ես չէի հասկանում, բայց այն ինձ շատ դուր էր գալիս: Այդ մարդիկ նաև մեծ ջերմությամբ էին հիշում Հայաստանը, դրական էին նկարագրում հայերին: Այս ամենը դրդեց ինձ հետաքրքրվել հայերեն լեզվով ու ցանկացա այն սովորել, ուսումնասիրել, նաև ուզեցի ավելի լավ հասկանալ հայ-հունական դարավոր հարաբերությունները և իրենց ազդեցությունը հայաստանցի հույների լեզվի վրա:

-Որտե՞ղ եք սկսել հայերեն սովորել։

-Սալոնիկիում կա հայկական մշակութային կենտրոն, որտեղ ես դիմեցի հայերեն լեզուն սովորելու նպատակով, սակայն պարզվեց, որ այնտեղ նման դասեր անց են կացվում միայն երեխաների համար։ Ես չհանձնվեցի և կարողացա կապ հաստատել կենտրոնի հայոց լեզվի ուսուցչի հետ, որը համաձայնեց ինձ մասնավոր դասեր տալ: Հետագայում, երբ Բրիտանիայում աշխատանքի անցա Քեմբրիջի համալսարանում որպես գիտաշխատող, փորձեցի հենց բուհում շարունակել հայերենի ուսումնասիրելը, սակայն այդ հնարավորությունը չեղավ: Այնուամենայնիվ, հաջողությունը ինձ կրկին ժպտաց. Քեմբրիջում հանդիպեցի հայ ուսանողների, ովքեր ինձ հայերենի դասագրքեր տվեցին, և ես սկսեցի ինքնակրթությամբ զբաղվել՝ կատարում էի գրքի բոլոր առաջադրանքները, իսկ հայ ուսանողներն օգնում էին ինձ: 2010 թ. ես առաջին անգամ այցելեցի Հայաստան՝ բարելավելու իմ հայերենի իմացությունը, որը շարունակեցի սովորել Երևանում, հայոց լեզվի մասնագետի մոտ։ Մի օր նա ինձ հրավիրեց Վազգենյան հոգևոր ճեմարան, որը գտնվում է Սևանի թերակղզու վրա՝ Սևանավանքի հարևանությամբ: Նա այնտեղ դասավանդում էր, իսկ այդ օրը ճեմարանում ինչ որ տոնակատարություն էր, որը վառ տպավորություն թողեց ինձ վրա: Երեք տարի անց՝ 2013-ին ես որոշեցի երկար ժամանակով գալ Հայաստան՝ լեզվական թեմաներ հետազոտելու նպատակով: Աշխատանք էի փնտրում, որպեսզի կենցաղային հարցերս հեշտացնեմ, ու դիմեցի հայոց լեզվի այդ ուսուցչիս: Եվ կրկին ճակատագիրը իմ կողմից եղավ: Սևանի ճեմարանում անգլերենի ուսուցչի թափուր տեղ կար, որն էլ ինձ առաջարկեցին։ Մինչև 2017 թ. ես մնացի Հայաստանում, որտեղ ապագա հայ հոգևորականներին սովորեցնում էի իմ մայրենի լեզուն՝ անգլերենը։ Այդ ընթացքում հայերենն էլ դարձավ ինձ համար երկրորդ մայրենի լեզու։

-Ի՞նչը դրդեց Ձեզ ուսումնասիրել Ագուլիսի բարբառը:

- Քեմբրիջում մի հետաքրքիր և կարևոր ծրագիր է իրականացվում՝ «Վտանգված լեզուների վավերացման ծրագիր» անվանումով, որի նպատակն է փաստել և պահպանել աշխարհում լեզվական բազմազանությունը։ Սա երկամյա ծրագիր է, որի շրջանակներում ես կարող եմ տարեկան 6 ամիս մնալ երկրում, որտեղ ուսումնասիրություններ եմ իրականացնում։ Ծրագրի շրջանակներում սովորաբար ընդունվում են վտանգված լեզուներին վերաբերող թեմաներ, ինձ հաջողվեց անցկացնել բարբառի հետ կապված թեմա: Ագուլիսի բարբառը շատ է տարբերվում գրական հայերենից և այժմ ամենավտանգված լեզուների շարքում է գտնվում: Երբ ես աշխատում էի իմ դոկտորական թեզի վրա և շրջում էի Հայաստանով, հանդիպեցի Նախիջևանից գաղթած հայերի: Նրանց հետ շփվելու ընթացքում ես որպես լեզվաբան բացահայտեցի Ագուլիսի բարբառի ֆենոմենը և հասկացա, որ նրանց զավակները, թոռները, որոնք ծնվել են, մեծացել Հայաստանում այլևս չեն օգտագործում իրենց նախնիների բարբառը։ Ինձ համար նաև տեսանելի դարձավ այդ բարբառի ու գրական հայերենի տարբերությունները և որպես մասնագետ ես ցանկացա ուսումնասիրել այն: Պատահական իմացա Քեմբրիջի «Վտանգված լեզուների վավերացման ծրագրի» մասին, որի շրջանակներում երկրորդ անգամ եմ այցելում Հայաստան:

-Ի՞նչ նյութեր է Ձեզ հաջողվել հավաքել Ագուլիսի բարբառի վերաբերյալ։

В Дадиванке

- Ինձ համար անչափ հետաքրքիր է աշխատել այդ բարբառը կրող մարդկանց հետ: Շփման ընթացքում ես ոչ միայն ուսումնասիրում եմ լեզուն, այլև ծանոթանում եմ այդ մարդկանց ուտեստներին, ավանդույթներին, Նախիջևանի այն բնակավայրերի պատմությանը, որտեղից նրանք սերում են։ Մարդիկ սիրով պատմում են իրենց գյուղական եկեղեցիների, մշակութային ժառանգության, հողագործության ավանդույթների, խորհրդային ժամանակաշրջանի կյանքի և այլ բաների մասին: 20-րդ դարի սկզբին Նախիջևանից հայ բնակչության լուրջ արտահոսք է տեղի ունեցել։ Խորհրդային տարիներին նույնպես այնտեղ հանգիստ չէր. տեղի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ճնշումների արտաքին դրսևորումներ չկային, բայց հայերն իրենց վրա միշտ էլ զգացել են այդ ճնշումը և 1970-80-ականներին սկսել են լքել Նախիջևանը։ Հայաթափման վերջին ալիքը տեղի ունեցավ 1988 թ. դեպքերից հետո, երբ այդ տարածաշրջանում հայերը ծեծի ու ջարդի, լուրջ հալածանքների էին ենթարկվում: Այսօր ինձ հաջողվել է հավաքել 30 ժամվա տեսանյութեր, որոնցից պետք է ընտրեմ ընդամենը 12 ժամ։ Ագուլիսի բարբառի հետ կապված իմ ուսումնասիրությունները գրում եմ երկու այբուբենով՝ հայերեն և լատիներեն, համագործակցում եմ հայաստանցի բարբառագետ Սուսաննա Համբարձումյանի հետ, միասին մենք վերծանում ենք հավաքագրած լեզվական նյութը։ Դրա մի մասն արդեն վերծանվել է գրական հայերենի: Աշխատանքի ընթացքում ես բախվում եմ նաև Ագուլիսի բարբառի տարբերակների բարդությունների՝ տարբեր գյուղերի բնակիչներ խոսում են իրենց տարբերակով։ Բայց տիկին Սուսաննայի և բնիկ նախիջևանցիների հետ միասին այս կարևոր գործն առաջ ենք տանում։ Հետազոտության ավարտից հետո ես նախատեսում եմ վերջնական նյութերը տեղադրել ոչ միայն «Վտանգված լեզուների վավերացման ծրագրի» eldp.net կայքում, այլ նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կայքում: Շատ կուզենայի կազմակերպել Ագուլիսի բարբառի դասընթացներ ինչպես Հայաստանի պատմական Գողթան գավառից ծագած հայության, այնպես էլ նեղ մասնագետների համար, որպեսզի այն ամբողջությամբ չվերանա։ Բայց ես դեռ չեմ պատկերացնում, ինչպես կարելի է դա անել:

- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Նախատեսում եմ ուսումնասիրության մշակումն ավարտել մինչև 2023 թ. օգոստոս, իսկ հետո մինչև տարեվերջ հրապարակել այս աշխատանքի արդյունքները։ Պլանավորում եմ հատուկ կայք բացել Ագուլիսի բարբառի իմ հետազոտությունների և Նախիջևանի հայերի մասին, որի տարբեր բաժիններում կներկայացվեն իմ հավաքած նյութերը՝ ագուլիսցիների խոհանոցը, ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը, հեքիաթները, պատերազմի և գաղթի պատմությունը և այլն: Վերջերս ես առցանց մասնակցեցի Փարիզում անցկացված Կովկասյան տարածաշրջանի լեզուների եռօրյա միջազգային գիտաժողովին, ներկայացրեցի իմ հետազոտությունը՞ որը մեծ հետաքրքրություն առաջացրեց տարբեր երկրների լեզվաբանների մոտ: Այժմ ուսումնասիրության մեկ այլ թեմայով եմ հետաքրքրվել, այն է՝ հայոց լեզվի Արցախի բարբառի Հադրութի ենթաբարբառը, որը գրի է առնում Հադրութից տեղահանված Նաիրե Ոսկանյանը, ով մտածում է մշակել Հադրութի լեզվի պահպանման ծրագիր: Նա փրկվել է 2020 թ. Արցախյան պատերազմի ժամանակ և իր առաքելությունն է համարում այս գործը: Ես ուզում եմ ֆինանսավորում գտնել նրան օգնելու համար: Բացի այդ, ես նմանություն եմ տեսնում Ագուլիսի և Հադրութի հայերենի միջև։ Օրինակ՝ ուսումնասիրելով հադրութցիների լեզուն պարզ է դառնում, թե ինչպես են առաջացել բայերի ժամանակները ագուլիսցիների բարբառում։ Մեղրիի բարբառը նույնպես գտնվում է Հադրութի և Ագուլիսի բարբառների միջև։ Ես եղել եմ Մեղրիի գյուղերում և պարզել, որ նրանց բարբառները, ունենալով նույն հայերենի հիմքը, այնուամենայնիվ տարբերվում են իրարից՝ կամաց-կամաց փոխվելով։ Բարբառների նման փոխհարաբերությունը վկայում է այն մասին, որ հայերն այս տարածաշրջանում ապրել են երկար ժամանակ, դարերով և կայուն հաստատված են եղել այստեղ: