Ո՞Վ Է ԹԵՔՎԵԼՈՒ ԽՈՅԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԵԳԾԻՑ
Ինչպես հայտնի է, Ալիևի և Փաշինյանի միջև բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, անսպասելիորեն հայտնվել է հարցականի տակ։ Իլհամ Ալիևը հայտարարել է հանդիպումից հրաժարվելու մասին, եթե այնտեղ, բացի Եվրամիության նախագահ Շառլ Միշելից, որպես միջնորդ հանդես գա նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ըստ Ալիեվի՝ վերջինս հայամետ դիրքորոշում ունի, ուստի չի կարող հանդես գալ միջնորդի դերում։ Պաշտոնական Երևանն իր հերթին հիշեցրել է, որ ԵՄ միջնորդությամբ վերջին հանդիպումը Պրահայում եղել է քառակողմ ձևաչափով, և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունները շարունակելու մասին, համապատասխանաբար, նույնպես ենթադրում էր հենց քառակողմ ձևաչափ:
Եվ այսպես, Երևանը պնդում Է, որ Մակրոնը մասնակցի, Ալիևը հրաժարվում է բանակցել նման ձևաչափով։ Հարց. այնուամենայնիվ տեղի կունենա՞ արդյոք հանդիպումը, և եթե այո, ապա ով կզիջի, Փաշինյանը, թե՞ Ալիևը։
Հարցն անհիմն չէ, քանի որ մինչև վերջերս Փաշինյանը սովորաբար ընդառաջում էր Ալիևի ցանկություններին և փորձում չհակաճառել նրան հրապարակային հռետորաբանության մեջ։ Մինչդեռ վերջին շրջանում Ալիևի գործողությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններում ավելի հաճախ կարելի է նշմարել ավելի կոշտ հնչերանգ։ Բրյուսելյան հանդիպման շուրջ ընթացող վայրիվերումները կարող են լակմուսի թուղթ դառնալ, որը ցույց կտա, թե որքան հեռու է պատրաստ գնալ Փաշինյանը Ալիևի հետ դիվանագիտական դիմակայության մեջ։
Դասավորությունը բավական պարզ է. ով որ զիջի Բրյուսելում բանակցությունների ձևաչափի հարցում, նա փաստացի կճանաչի իր դիրքերի թուլությունը։ Թույլ տամ փոքր-ինչ ոչ կոռեկտ համեմատություն։ Հայտնի է, որ երբ պատերազմող բանակների երկու ինքնաթիռներ թռչում են իրար ընդառաջ և ոչ մեկը չի շրջվում, ապա կա իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ. կա՛մ խոյահարման արդյունքում երկուսն էլ կործանվում են, կա՛մ զոհվում է նա, ում նյարդերը տեղի են տալիս, և նա, թեքվելով առաջին հայացքից կանխահայտ կործանարար ուղեգծից, այդպիսով հայտնվում է թշնամու կրակի տակ։
Այո, համեմատությունը կոռեկտ չէ, քանի որ ինքնաթիռների պարագայում խոսքը կոնկրետ կյանքերի մասին է, իսկ «Մակրոնի շուրջ» դիմակայության դեպքում խոսքը դիվանագիտական խաղերի մասին է։ Բայց նշանակալի խաղերի։ Ո՞վ կթեքվի. Փաշինյանը, թե՞ Ալիևը։ Ո՞վ ցույց կտա իր թուլությունն ու կհայտնվի դիվանագիտական կրակի տակ։ Եկեք չմոռանանք նաև, թե որքան նախանձախնդիր է վերաբերվում Մոսկվան Բրյուսելի հովանու ներքո Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցություններին։
Առայժմ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն դադար են պահպանում։ Դե ինչ, եթե ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չհրաժարվեն իրենց հայտարարություններից, ապա դա կնշանակի, որ Երևանն իսկապես կոշտացնում է իր դիրքորոշումը բանակցություններում։ Եվ կնշանակի նաև, որ մնում է մեկ բանակցային հարթակ. մոսկովյանը։
Ալիևին նման դասավորությունն այնքան էլ ձեռնտու չէ, կարելի է ասել՝ ամենևին էլ ձեռնտու չէ։ Նա մտադիր է հասնել նրան, որ Փաշինյանը փոխի իր դիրքորոշումը և համաձայնի Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում ընթացող բանակցություններին՝ առանց Մակրոնի մասնակցության։ Ինչպե՞ս է նա հասնելու դրան:
Սովորական մեթոդով. շանտաժ՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով, և սադրանքներ Հայաստանի և Ադրբեջանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին։ Ըստ էության, դա արդեն նկատելի է։ Այն աստիճան նկատելի, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն իր ամփոփագրերում պարբերաբար հայտնում է ադրբեջանական զինվորականների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Իսկ ադրբեջանցի փորձագետները, պաշտոնական Բաքվի մատուցմամբ, հավաստիացնում են, որ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերը գտնվում են մարտական պատրաստականության վիճակում։
Տեսնենք, կբավականացնի՞ արդյոք Փաշինյանի սկզբունքայնությունը՝ պաշտպանելու Երևանի դիրքորոշումը բրյուսելյան հանդիպման հարցում։ Թե՞ այդ սկզբունքայնությունը բավականացնում է միայն ՀԱՊԿ անդամներից «սկզբունքային գնահատականներ» պահանջելուն։