Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել 19 ավանների

Առնվազն 19 բնակավայր սիրիական Հալեպի նահանգի Էշ Շեհբա և Աֆրին սահմանամերձ շրջաններում երկուշաբթի ենթարկվել է թուրքական զորքերի գնդակոծությանը։ Ինչպես տեղեկացրել է Firat գործակալությունը, թուրքական բանակի հրետանին նրանց վրա 545 ական է արձակել։ Գործակալության տեղեկատվությամբ՝ Թանիբ ավանում գնդակոծվել է սիրիացի զինվորականների դիրքը, ինչի հետևանքով զոհվել է երեք զինվոր։

Կիրակի սպանվել էր կառավարական ուժերի ևս հինգ զինծառայող։ Գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 20-ից, երբ սկսվել է թուրքական ռազմական «Ճիրան-սուր» գործողությունը, երկրի հյուսիսում տեղակայված սիրիական զորքերի կորուստները կազմել են 22 սպանված։ Քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) շարքերում կա 35 զոհ։

Ավելի վաղ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը զինվորական օժանդակություն և 20 միավոր զինտեխնիկա էր ուղարկել Հալեպի նահանգ՝ հնարավոր թուրքական ներխուժմանը դիմակայելու համար։ Կառավարական ուժերը դիրքեր էին զբաղեցրել Մանբիջ, Թել Ռիֆաաթ և Այն-էլ-Արաբ շրջաններում, որոնք գնտվում են քրդական կազմավորումների ձեռքում։

Al Akhbar թերթի տվյալներով՝ մի քանի զինված պարեկախմբեր վերջին 48 ժամվա ընթացքում Բաբ-էս-Սալամ անցակետով տեղափոխվել են Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում ստեղծված անվտանգության գոտի։ Ընդդիմադիր աղբյուրները պարբերականին հայտնել են, որ մարտական պատրաստվածություն է հայտարարվել թուրքամետ կազմավորումներում, որոնք տեղակայված են Աազազ, Ջերաբլուս և Էլ-Բաբ սահմանամերձ շրջաններում։

News.am