«ՈՒՂԵԳԻԾԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ, ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ»

Մեծն Վլադիմիր Սպիվակովն իր երաժշտական կարիերան կառուցել է վենետիկյան հայտնի վարպետ Գոբետտիի ջութակով: Այսուհետ մաեստրոն ունի ևս մեկ ջութակ։ Ջութակ, որով երաժշտական կարիերա չես կառուցի: Բայց դրա իրանի, լարառիչի, լարերի, ողջ մետաղական մարմնի մեջ հնչում է համայն հայ ժողովրդի անսահման երախտագիտությունը։

Քանզի այդ ջութակը ձուլված է «Զինվորի տան» արհեստանոցներում՝ նույն այդ զինվորների վիրավոր մարմիններից հանված արկերի բեկորներից։ Եվ այդ մարմինների, իսկ ամենակարևորը՝ հոգիների ապաքինմանը կուղղվեն բարեգործական երեք համերգների միջոցները, որոնք Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լրիվ ասպետ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Խաղաղության արտիստ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, կատարել է Երևանում և Գյումրիում:

Արդշինբանկը և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես են եկել որպես այդ բարեգործական մեծ ակցիայի բացառիկ հովանավորներ։

Իսկ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարությունների վարչության ղեկավար Ռուզաննա Գրիգորյանի հետ մեր զրույցը սկսվեց ոչ թե ավանդական հարցով, այլ հուզական պոռթկումով։

Ardshinbank и компания GeoProMining выступили эксклюзивными спонсорами благотворительной акции

-Մենք բոլորս միասին գնացինք «Զինվորի տուն»՝ օծելու աղոթատեղին, մեկենաս Ավագումյանների ընտանիքի նվերը, որոնք ֆինանսավորել են նաև «Զինվորի տան» սոցիալական աջակցության կենտրոնի բացումը։ Ես արդեն երկրորդ օրն է այնպիսի՜ տպավորության տակ եմ:

Արմեն Մուրադյանը և Հայկուհի Մինասյանը, նրանց ամբողջ թիմը, մարդիկ, որոնք զբաղվել են դրանով նախկինում և զբաղվում են հիմա, վսեմ գործի ծառայողներ են, նրանց համար երկնային դրախտն ապահովված է: Եթե մենք միշտ ասել ենք, որ մեր բանակը մեր գոյության ալֆան է, ապա «Զինվորի տունը» նրա օմեգան է։ Վերջն ու վերստին սկիզբը՝ որոնք մի ամբողջական շրջան են կազմել: Այստեղ աշխատող մարդիկ փոխում են կյանքի ուղեգիծը, փոխում մարդկային ճակատագրերը, իսկ հենց մարդկային ճակատագրերն են անցյալի, ներկայի և ապագայի արտացոլումը։

Դա իսկապես Տուն է՝ բառի բուն իմաստով: Դա պարզապես բուժում և վերականգնում չէ բժշկական իմաստով, թեև հասկանալի է, թե որքան կարևոր է այդ ամենը, և դա տեղի է ունենում այստեղ: Բայց մենք տեսանք մի երիտասարդի, որը երազել էր պարող լինել, սակայն կորցրել էր ոտքերը պատերազմում, և որն այսօր պրոթեզներով ոչ միայն քայլում է, այլև սալսա պարում: Մեկ ուրիշը նամակագրությամբ ծանոթացել է ռուս աղջկա հետ, որը տեղափոխվել է Հայաստան, և այժմ նրանք ընտանիք են կազմել։ Մյուսը գիրք է գրում պատերազմի մասին, թղթին հանձնելով իր հիշողությունները։ Մեկ ուրիշը պատերազմից առաջ երազել էր լուսանկարչությամբ զբաղվել. Ազնավուրի հիմնադրամն ապահովել է նրա ուսուցումը, և այժմ այդ երիտասարդը «Զինվորի տան» պաշտոնական լուսանկարիչն է։ Կրկնեմ, սա վերականգնում չէ, սա վերածնունդ է, նոր կյանք՝ որպես ընծա:

-Պարզվում է՝ լինում են դեպքեր, երբ հովանավորությունը հպարտություն և երջանկություն է բերում...

-Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր իրականացրած սոցիալ-մշակութային միջոցառումների ԴՆԹ-ում ընդգրկվել է նաև սոցիալական և հումանիտար խոր իմաստ ունեցող այդ նախագիծը։ Այն բացառիկ էր իր միասնականությամբ. հովանավորներն ապահովում են նախագծի ինքնարժեքը, Սպիվակովը և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրաժարվում են հոնորարից, կազմակերպիչների դերում հանդես են գալիս Ռուսաստանի ԱՖՆ-ի բարեգործական հիմնադրամը և «Արվեստ 23» հասարակական կազմակերպությունը, և որ ամենակարևորն է, հանդիսատեսը, տոմս գնելով, նույնպես դառնում է բարեգործական ակցիայի մասը։ Չէ՞ որ մշակույթը չի կարող իրականացվել առանց մարդասիրության և գթասրտության, քանզի գթասրտությունը մշակույթի մասն է: Շատ հաճելի է, որ այդպիսի նախագիծ մտավ մեր ընկերության սոցիալ-մշակութային քաղաքականության պատմության մեջ։

Իսկ նա փորձ ունի մեծ ասպարեզներում։ 2012 թվականին՝ հայ գրատպության 500-ամյակին, երբ Երևանը դարձավ գրքի միջազգային մայրաքաղաք, մեր ընկերության հրավերով կայացավ Անդրեա Բոչելլիի և բրիտանական «Four Divas» քառյակի համերգը։ Եվ կարևոր է, որ նախագիծն իրականացվեց մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ համատեղ։ Մասշտաբը վիթխարի էր. դրան մասնակցում էին տարբեր երկրների մշակույթի 30 նախարարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Բոկովան, տասնյակ քաղաքների քաղաքապետեր: Մեկ այլ մասշտաբային նախագիծ էր Մոնսերատ Կաբալյեի համերգային շրջագայությունը Հայաստանում, որը երգում էր հայկական եկեղեցիներում, իսկ հետո թողարկվեցին նրա ակապելլաների ժողովածուները՝ «Հայաստան՝ հինավուրց քաղաքակրթության օրրան» անվանումով։ Այդպիսին է այն միջոցառումների համայնապատկերը, որոնք դարձել են Հայաստանի մշակութային մեծ քաղաքականության մասը, և մենք այդքանով կանգ չենք առնում։

-Ըստ էության, գերմասշտաբային ընկերությունը հովանավորում է բացառապես մշակութային գերնախագծե՞ր:

-Ամենևին։ Հավանաբար, դրանք պարզապես ավելի մեծ արձագանք են ստանում: ԳեոՊրոՄայնինգը բավական կենտրոնացած և հետաքրքրված է մշակութային միջոցառումների իրականացման առումով։ Ահավասիկ, վերջերս մեր հովանավորությամբ տեղի ունեցավ ճանաչված ջազմեն, ԱՄՆ-ից հայրենադարձ Գարի Քեոսայանի համերգը։ Ֆինանսավորում ենք թատերական ներկայացումներ, հանդես գալիս որպես պրեմիերաների հովանավոր։ Մեր նշանակալի նախագծերից մեկը վաղեմի հարաբերություններն են Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի հետ: Մենք վաղեմի բարեկամներ ենք, դեռևս լեգենդար Ալեքսանդր Գրիգորյանի ժամանակներից։ Ռուսական թատրոնը՝ որպես արվեստի ինստիտուտ, շատ մեծ նշանակություն ունի մեզ համար և գտնվում է մեր սևեռուն ուշադրության ներքո՝ որպես ռուսական մշակույթը զանգվածայնացնող հիմնական հարթակ։

Մեր աշխատանքային հարաբերությունները մեկնարկել են «Աբանամաթ» ներկայացման ֆինանսավորմամբ, որը թատրոնը բեմադրեց Դովլաթովի 60-ամյակի կապակցությամբ։ Եվ այդ հարաբերությունները, վերաճելով ամուր բարեկամության, շարունակվում են. վերջին երկու տարիների ընթացքում մենք ավարտել ենք թատրոնի տեխնիկական վերասարքավորման նախագիծը, որն ապահովում է մեծ բեմի ակուստիկ և լուսային նոր համակարգեր։

Առանձնահատուկ ցանկանում եմ նշել մեր բաժնետեր Ռոման Տրոցենկոյի վերջերս կատարած այցը Երևան։ Նա Հայաստանում էր ընտանյոք հանդերձ, իր զավակներին ցույց էր տալիս Հայաստանի մշակութային և հոգևոր ժառանգությունը, հնագույն հուշարձանները։ Նրա ուշադրության սևեռակետում հայտնվեց Ստանիսլավսկու անվան թատրոնը: Նա այցելեց թատրոն, ուսումնասիրեց յուրաքանչյուր անկյունը, զննեց փոքր բեմը, շնչեց կուլիսների օդը: Արդյունքում, թատրոնի գրադարանում մի գավաթ սուրճ ըմպելիս, նա ցանկություն հայտնեց ֆինանսավորել դահլիճի բազկաթոռների փոխարինումը, և դա՝ որպես նվազագույն ծրագիր: Քանզի Տրոցենկոն խոսում էր այն մասին, որ արժանի նյութատեխնիկական բազայի ստեղծումը դեռ հաղթանակ չէ։ Հաղթանակը բեկումնային գեղարվեստական նախագծերն են։ Թեև թատրոնն ապրում է բավական ակտիվ հյուրախաղային կյանքով, հենց Տրոցենկոն խնդիր դրեց առաջադրվել մասնակցելու «Ոսկե դիմակին»: Իսկ բացի այդ, առաջարկեց նաև Ռուսական թատրոնին կից ստեղծել պատանի դերասանների ստուդիա: Չէ՞ որ այսօր Հայաստանում շատ երեխաներ կան Ռուսաստանից. նրանք կարող են հաճախել այդ ստուդիան, որտեղ կդասավանդեն թատրոնի արտիստները։ Բոլոր այդ նախագծերը մեր ընկերության սոցիալ-մշակութային քաղաքականության երկարաժամկետ օրակարգում են։

-Իսկ ինչպիսի՞ք են առաջիկա ծրագրերը:

-Սանկտ Պետերբուրգ կատարած իմ ուղևորություններից մեկի ժամանակ պատիվ ունեցա ծանոթանալ զարդերի և աքսեսուարների նշանավոր դիզայներ Պյոտր Ակսյոնովի հետ: AXENOFF ոսկերչական տան զարդերի ԴՆԹ-ի մեջ խորագույն սերն է պատմության, մշակույթի ու Եվրոպայի մեծ միապետությունների ոճի, հատկապես ռուսական թագավորական ընտանիքի նկատմամբ: Վերջին տարիներին նրան առանձնակի համբավ են բերել կինոնախագծերը՝ «Պատերազմ և խաղաղություն» վեպի էկրանավորումը BBC-ի կողմից և Ալեքսեյ Ուչիտելի «Մատիլդա» ֆիլմը՝ բալետի պարուհի Մատիլդա Քշեսինսկայայի մասին։ Այս կինոնկարների հերոսները կրում են բացառապես նրա ոսկերչական տան զարդերը։

Ակսյոնովի սրահում՝ պատմական շենքում, որտեղ ապրել են Ռիմսկի Կորսակովը և Գոլիցին իշխանները, մենք երկար զրուցեցինք ռուսական և հայկական մշակույթի մասին։ Նա շատ բան գիտեր Հայաստանի մասին՝ որպես հնագույն քաղաքակրթության օրրանի և քրիստոնեությունն առաջինը ընդունած երկրի, Նարեկացի էր կարդացել։ Պահի մթնոլորտով հմայված՝ ես առաջարկեցի նրան պատրաստել «For You, Armenia» բացառիկ հավաքածու, ընդ որում՝ լայն ձևաչափով. ոսկերչական իրեր, ապակի, ճենապակի։ Ի ուրախություն ինձ, առաջարկս հետաքրքրեց Ակսյոնովին։

Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ես կրկին Սանկտ Պետերբուրգում էի, նրան բազմաթիվ գրքեր էի տարել հայկական մանրանկարչության, կերպարվեստի, զարդանախշերի, ինչպես նաև Փարաջանովի ստեղծագործության մասին։ Հուսով եմ, որ այդ գրքերը մուսա կդառնան մաեստրոյի համար։ Այժմ նա աշխատում է ոսկերչական իրերի, աքսեսուարների, բյուրեղապակու և ապակու բացառիկ «հայկական» հավաքածուի ստեղծման հայեցակարգի, գաղափարի վրա։ Սա այն գլխավոր նախագծերից մեկն է, որը մենք պատրաստվում ենք ներկայացնել մոտ ապագայում։

Ցուցադրությունը նախատեսում ենք անցկացնել, բնականաբար, Հայաստանում, ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ Գյումրիում։ Ի դեպ, դա հենց Ակսյոնովի առաջարկն է. չէ՞ որ քաղաքը պատմամշակութային կապ ունի ցարական Ռուսաստանի հետ։ Այստեղ էր բերել Նիկոլայ Երկրորդն իր կնոջը՝ Ալեքսանդրային, որի պատվին քաղաքն այն ժամանակ վերանվանվեց Ալեքսանդրապոլ։ Իսկ հետո մենք պատրաստվում ենք ներկայացնել այդ ցուցահանդեսը տարբեր երկրներում Հայաստանի դեսպանատների հարթակներում։ Այս նախագծի էությունը, գաղափարախոսությունը ամփոփված է նրանում, որ մշակույթի և արվեստի օտարերկրյա ականավոր գործիչներն իրենց ստեղծագործություններում անդրադառնան հայկական թեմատիկային։

-Իսկ ձեզ չի՞ թվում, որ մենք այնպիսի տխուր ժամանակներ ենք ապրում, երբ ազգի ոգու, նրա արմատային արժեքների և հինավուրց մշակույթի մասին պետք է հիշեցնել ոչ միայն աշխարհին, այլև առաջին հերթին ինքներս մեզ:

-Հավանաբար, դա պետք է համակցել, ինչին էլ մենք ուղղում ենք ջանքերը: Մշակույթը ձևավորում է ժողովրդին և նրա պատմությունը: Չէ՞ որ հինավուրց ժամանակներից ի վեր Հայաստանը ոչ միայն մատնանշել են աշխարհագրական քարտեզների վրա։ Հերոդոտը գրել է Հայաստանի մասին, իսկ Պլուտարքոսը՝ նկարագրել Տիգրանակերտի շքեղությունը։ Պետրոս I-ն ու Եկատերինա II-ն ընդունել են «հայերին հնարավորինս գուրգուրել» հրամանագրեր։ Բրյուսովն անվանել է Հայաստանը ողջ մարդկության հոգևոր կենտրոն, իսկ Մանդելշտամը՝ «գիրք, որով սովորել են առաջին մարդիկ»։ Մենք պետք հիշենք այդ մասին։

Հաճախ ենք ասում, որ մշակույթը մեր ամենամրցունակ ոլորտն է, որը կարող է դուրս բերել մեզ համաշխարհային մակարդակի։ Ահավասիկ տեղի ունեցավ հերթական մասշտաբային մշակութային իրադարձությունը. Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ մեծ մաեստրո Սպիվակովի ղեկավարությամբ։ Հենց այդպիսի հանդիպումներն են պատիվ բերում երկրին, կամուրջ դառնում դեպի համաշխարհային մեծ հեռանկարներ։ Տանում այնտեղ, որտեղ տեղի է ունենում մշակույթների փոխազդեցությունը, և որ ամենակարևորն է՝ ժողովուրդների փոխըմբռնումը: Եվ այդ գործընթացին աջակցելը ավանդ է ազգի քաղաքակրթական կոդի զարգացման գործում։

-ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հսկայական տնտեսական հանգույց է, առաջին հորիզոնականներ՝ հարկատուների ցուցակում, քաղաքաստեղծ, համակարգաստեղծ ձեռնարկություններ... Ինչո՞ւ եք այդքան պնդում ծանր մետաղների կապը անմարմին մշակույթի հետ:

-Կապն անմիջական է: Դեռ երկու հազար տարի առաջ մեծ Կեսարն ասել է. «Երբ հայերը ձեռք-ձեռքի են տալիս և ուս-ուսի դոփում հողը իրենց թմբուկների և ծիրանեփայտե գործիքների հնչյունների տակ, ավելի շուտ իմ պալատի սյուները կվերածվեն փոշու, քան հնարավոր կլինի կասեցնել նրանց»: Ահա ուրեմն, որպեսզի դա իրականություն լինի, անհրաժեշտ է հենց համակարգային և համակարգաստեղծ մոտեցում։ Այսօր տեղի են ունենում շատ բարդ, գլոբալ քաղաքական գործընթացներ։ Իսկ պատմությունն ու մշակույթը այն հիմնական գործիքներից են, որոնք օգնում են այս իրավիճակում պահպանել սեփական ինքնությունը: Բոլոր ժամանակներում ազգի ոգին թույլ է տվել հայերին գոյատևել։ Իսկ ազգի ոգին կրոնն ու մշակույթն են։ Եվ այսօր, երբ գլոբալ գործընթացների ձևաչափում դրված է հայոց պետականության գոյաբանական հարցը, հենց մշակույթն ու կրոնն են մեզ օգնելու վերապրել այս ժամանակահատվածը և շարունակել ապրել դարերում։ Դրան են ուղղված մեր բազմավեկտոր ջանքերը։

Քանզի, ինչպես հայերի մասին ասել է Անատոլ Ֆրանսը, «այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, չի մեռնի երբեք»։

 

Галерея (8 фото)