Լավրով․ ԵԱՀԿ ՄԽ կազմալուծման հարցով պետք է դիմել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ադրբեջանին

Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմալուծումից հետո փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերին, բայց՝ ապարդյուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա՝ խոսքով՝ այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղարաբաղում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, Ռուսաստանը շարունակեց և այժմ էլ շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին տրանսպորտային և տնտեսական միջանցքների ապաշրջափակման հարցում, ինչն ազդակ կհաղորդի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև հարևան մյուս երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի զարգացմանը։

«Ռուսաստանը կօգնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում։ Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Այս ամենը Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի գագաթաժողովների արդյունքն էր։ Զուգահեռաբար մենք ականատես եղանք այլ խաղացողների՝ այդ գործընթացներին միջամտելու փորձերին։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափում չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Դրանով նրանք հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին ։ Եվ երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք նրանց ասում ենք, որ դա մեր հարցը չէ, այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարել են, որ այդ խումբը չեն հավաքելու, և, իհարկե, Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության որևէ միջնորդական ջանք անիմաստ է»,-ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ այժմ ե՛ւ ֆրանսիացիները, ե՛ւ ամերիկացիները, ե՛ւ Եվրամիությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից թաղված Մինսկի խումբը՝ միջամտելով միջնորդական ծառայություններին, փորձում են ընտրել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստի անցկացումը։ Ե՛վ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները քաղաքավարի են, նրանք գնում են այնտեղ։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզը, որն առկա է միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում»,-հավելել է Լավրովը։

News.am