Միրզոյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողով շրջանակում, Լեհաստանի Լոձ քաղաքում։

«Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ։ Նրանք նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է` Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականությանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատամամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:

Sputnik Արմենիա