ՀԱՅՐԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ

Սեպտեմբերի 7-ին ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտյոնոկը հրապարակեց մի տեսանյութ, որը բառացիորեն ցնցեց սոցցանցերի հայկական հատվածին։ Կադրերն արձանագրել էին զինվորին, որը փորձում էր միայնակ կասեցնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը Արցախի ներկայումս բռնազավթված շրջանում՝ Որոտանում (Կուբաթլու)։ Հրացանով ու նռնակով զինված կամավորը, կամ գուցե պահեստազորայինը ինչպես նշում է ռազմական թղթակիցը, չնայած հակառակորդի քանակական բացարձակ գերազանցությանը, փորձում էր կասեցնել ադրբեջանական շարասյունը և զոհվեց, թեև նրան առաջարկում էին հանձնվել՝ խոստանալով չսպանել։

«Նա կարող էր ապրել՝ հավատալ ադրբեջանցի սպայի խոստումին, գոռալ «Ղարաբաղը Ադրբեջան է» և կոտրված ու նվաստացած վերադառնալ տուն։ Փոխարենը նա մահացավ որպես տղամարդ և մարտիկ: Եվ քանի դեռ հայերի մեջ կան այսպիսի տղամարդիկ, այդ ժողովրդին կոտրել չի հաջողվի։ «Դուք վախկոտ եք»,- ասում է նա և բարձրացնում ինքնաձիգը, բայց չի կրակում։ «Ես նույնիսկ չեմ կրակել». սրանք նրա վերջին խոսքերն էին»,- գրել է Կոտյոնոկը։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անմիջապես հայտարարեց, որ սկսել է հերոս զինվորի անձը պարզելու աշխատանքները։ Հաջորդ օրը լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին, հրապարակեցին երիտասարդի անունը։ «Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, տղայի նախորդ նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները՝ 95 տոկոս հավանականությամբ կարելի է եզրակացնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է», - ասված էր հաղորդագրության մեջ: Սակայն պաշտպանական գերատեսչությունը չհաստատեց ու չհերքեց տեղեկատվությունը։ «Պաշտպանության նախարարությունն առանձնահատուկ պատասխանատվությամբ է մոտենում այդ հարցին, այսինքն եզրակացությունը կհրապարակվի միայն 100% վստահության դեպքում։ Մենք կհրապարակենք 100 տոկոսով ճիշտ տեղեկատվություն, այլ ոչ թե 95 կամ 97-տոկոսանոց»,- մեծամտորեն հայտարարեց գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Անցել է գրեթե 3 ամիս. նախարարությունը լռում է։ Ոչ մի բառ աշխատանքի արդյունքների մասին (եթե, իհարկե, աշխատանք իրականացվել է), ոչ մի բառ հերոսին պարգևատրելու մասին, ինչպես պահանջում էր հասարակությունը։ 100-տոկոսանոց վստահությամբ կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն չի էլ վերադառնա այն հարցին, թե ով է այդ քաջը, որը չցանկացավ հանձնվել թշնամուն և այդ կերպ պահպանել սեփական կյանքը։ Զինվոր, որը ցուցաբերեց հայ ռազմիկի լավագույն հատկանիշները. արիություն, անօրինակ խիզախություն, պատիվ և արժանապատվություն: Նա դժվար թե գիտեր, որ իրեն նկարահանում են, Տարոն Անդրեասյանի պահվածքում չկա ոչ մի կաթիլ ցուցամոլություն, չկա խաղ հանդիսատեսի համար. ի՞նչ խաղ կարող է լինել, եթե հարցը բառացիորեն կյանքի ու մահվան մասին է։

100- տոկոսանոց վստահությամբ կարելի է նաև պնդել, որ հենց այդ պատճառով էլ նա չի հետաքրքրում դավաճանների իշխանության ամենախորշելի ներկայացուցիչներից մեկի՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած գերատեսչությանը։ Իշխանություն, որին պետք չեն Հայրենիքին ճշմարիտ ծառայության օրինակ ցուցաբերող հերոսները, նրանք, ովքեր 44-օրյա պատերազմում իրենց սխրանքներով հաստատեցին, որ Հայոց բանակը կռվել է արժանապատիվ և պարտվել գլխավորապես այլ պատճառներով, որոնք ընդհանուր ոչինչ չունեն բուն ռազմական գործոնների և շարքային զինծառայողների վարքագծի հետ:

Սրանց պետք չեն այն մարդիկ, որոնք իրենց հերոսությամբ ապացուցել են հայ զինվորի ոգու կորովի, խիզախության և զինվորական պատվին հավատարմության անկասելիությունը։ Հենց այդ պատճառով էլ Տարոն Անդրեասյանը դժվար թե պարգևատրվի, թեև արժանի է ամենայն մեծարանքի և հավերժ հիշատակի։ Շնորհակալություն ռուս լրագրողին, որի շնորհիվ իմացանք պատերազմի այդ դրվագի մասին։ Թե քանի այդպիսի դրվագ է եղել, քանի հայ զինվոր է անհայտ մնացած սխրանք գործել, քանի հերոս է մնացել անանուն, մենք այդպես էլ ստույգ չենք իմանա։ Մենք մինչև հիմա չունենք այդ պատերազմում զոհվածների նույնիսկ անվանական ցուցակը …

Փոխարենը այս իշխանությունն իր «ուժն» արդեն փորձարկում է նրանց հարազատների վրա։ Երկու տարի անց բանն արդեն այնտեղ է հասել, որ զոհված զինվորների հայրերին ու մայրերին դատական հայց են ներկայացնում, թե իբր՝ չեն ենթարկվել նիկոլական ոստիկանության պահանջներին։ Մասնավորապես, հայց է ներկայացվել Մխիթար Գալեյանի հորը. դյութիչ կանաչ աչքերով ու գեղեցկադեմ 20-ամյա զինվորի, որը պատերազմի առաջին իսկ օրից մասնակցել է մարտերին, հերոսաբար դրսևորել իրեն որպես դիրքի ավագ և զոհվել հոկտեմբերի 1-ին՝ փրկելով ընկերոջ կյանքը…

Եվ հիմա Հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորի հորը ուզում են դատի տալ և ստիպել նրան 50 հազար դրամ տուգանք վճարել։ Վարչական դատարանի առաջին նիստը նշանակված է հունվարի 17-ին։ Գարիկ Գալեյանի ողջ «մեղքն» այն է, որ նա, ինչպեսև զոհված մարտիկների մյուս հարազատները, սեպտեմբերի 21-ին փորձել է թույլ չտալ դավաճանների ոհմակին մտնել Եռաբլուր, համարելով այդ այցը սրբապղծություն և չցանկանալով, որ Փաշինյանն ու իր շքախումբը ծաղիկներ դնեն 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին։

Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, հերթական ցնցումն էր հայ հասարակության համար։ Գործելով թուրք ենիչերիների ավանդույթներով՝ ոստիկանությունը ամենաիսկական հաշվեհարդար կազմակերպեց պանթեոնում հերթապահող ծնողների հանդեպ, այդ թվում՝ կանանց, և բիրտ ուժ կիրառելով, տարավ նրանց ոստիկանության բաժանմունք՝ «մաքրելով» կապիտուլյանտի ճանապարհը դեպի Եռաբլուր։ Գարիկ Գալեյանը մասնակից էր Հայաստան պետության համար խայտառակ այդ միջադեպին։ Տասնվեց մարդ տուժող է ճանաչվել այդ գործով, երկու կին վնասվածքներ են ստացել։ Իսկ տեսանյութը, որում կարմիր բերետավոր մի քանի հաստավիզ ոստիկաններ նստարանից քաշում են սևազգեստ կնոջը և թևերից ու ոտքերից բռնած քարշ տալիս նրան, իսկական հասարակական շոկ առաջացրեցին։

Դեպքի առիթով ոստիկանությունում սկսվեց ծառայողական քննություն, իսկ ՔԿ-ում՝ քրեական վարույթ պաշտոնեական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով։ Թե ինչով ավարտվեց «հետաքննությունը», այդպես էլ չիմացանք, իսկ թե ինչ փուլում է գտնվում ոստիկանների նկատմամբ «քրեական վարույթը», նույնպես չհայտնեցին։ Իսկ այ զինվորի հոր դեմ դատական նիստն արդեն նշանակված է։ Եվ կարելի է չկասկածել, որ այն անպայման տեղի կունենա, և որ իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի ցուցադրաբար պատժի նրան, ով բացահայտ դուրս է եկել Փաշինյանի դեմ և բարձրաձայն հայտարարել, որ վերջինիս այցելությունն իր որդու շիրիմին համարում է սրբապղծություն։

Եթե անգամ նա երեք հերոսի հայր լիներ, դա չէր կասեցնի Նիկոլին, քանզի իշխանությունը վաղուց անցել-հատել է բացարձակապես բոլոր կարմիր գծերը, կապված բացի ամենից նաև պատերազմում զոհված զինվորների և նրանց հարազատների հանդեպ վերաբերմունքի հետ։

Այստեղ կան բազմաթիվ տեսանկյուններ՝ կապված թե՛ բանակի, և ընդհանրապես զինվորական ծառայության վարկաբեկման, թե՛ 44-օրյա պատերազմին, հատկապես հայ զինծառայողների դրսևորած հերոսությանը առնչվող ամենը մոռացության մատնելու իշխանությունների ձգտման, թե՛ ազգային արժեքների պղծման դեմ պայքարելու և դիմադրելու ցանկությունը ժողովրդի մեջ կոտրելու անթաքույց ցանկության հետ և այլն։ Բայց անդրադառնանք հարցի միայն մեկ կողմին։

Փաշինյանը ձգտում է պառակտել ոչ միայն հայ հասարակությանն ու ժողովրդին. դրան նա վաղուց է հասել։ Նա ցանկանում է պառակտել նաև պատերազմում զոհվածների հարազատների հանրությանը, ընդ որում նույն՝ իր անձի և իր իշխանության նկատմամբ վերաբերմունքի հատկանիշով։ Նա փորձում է իր կողմը գրավել հնարավորինս մեծ թվով հարազատների, օգտագործելով ոմանց շահամոլությունն ու սնափառությունը. հիշենք, թե ինչպես մեկ տարի առաջ Հակոբյան-Էրատոյի ամանորյա ընդունելության համար ամբողջ հերթ էր գոյացել։ Ի դեպ, բառացիորեն օրերս նույն Հակոբյանը լուսանկար է հրապարակել, որտեղ իր կողքին սևազգեստ երկու մայրեր են նստած։

Աստված նրանց դատավոր, իհարկե, բայց ակնհայտ է, որ Հակոբյանն ու իր ամուսնյակը ցինիկաբար ձգտում են լռեցնել զոհվածների, անհայտ կորածների և գերիների հարազատներին, ստիպել նրանց դժգոհություններ չարտահայտել դավաճանների իշխանության հանդեպ, ոչ մի բանում չմեղադրել նրանց, ոչինչ չպահանջել, այլ հակառակը՝ ամեն կերպ աջակցել։ Իսկ նրանց, ովքեր մտադիր չեն վաճառել իրենց երեխաների հիշատակը, ուզում են պատժել. ցուցադրաբար, ի խրատ մյուս «անհնազանդներին»։

Ընթացիկ տարվա ապրիլի 27-ին «ԳԱ»-ն գրել է. «Ռեժիմը հատել է անբարոյականության ու սրբապղծության վերջին սահմանները. բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ պայքարի են ելել Փաշինյանի ու իր կամակատարների դեմ, բռնության և տեռորի թիրախ են դարձել ոստիկանության ու այլևայլ «բերետավորների» համար։ Այդ ճիվաղներին չի կասեցնի ո՛չ սևազգեստ մոր սուգը, ո՛չ էլ որդու լուսանկարը ձեռքին կանգնած վշտաբեկ հոր տառապանքը։ Վաղը Նիկոլը միանգամայն կարող է հրամայել ձերբակալել, կալանավորել, ծեծել և նույնիսկ կրակել նրանց վրա, ովքեր Հայրենիքին են տվել ամենաթանկը, որոնց զավակները զոհվել են այն բանի համար, որ պետությանը ծանակող ապաշնորհների թիմը շարունակի վայելել կյանքն ուրիշների հաշվին»։

Ավաղ, այսօր դա իրականություն է դարձել։ Եվ ասվածին կարելի է հավելել միայն մեկ բան. նրանում, որ այդ կարմիր գծերը նույնպես հատվեցին, մեղավոր ենք մենք բոլորս։ Քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում զոհված հերոսների ծնողները ոչ մի անգամ այդպես էլ չեն ստացել հասարակական այլ աջակցություն, բացի սոցցանցային գրառումներից։ Նրանց ակցիաներից ոչ մեկը համաժողովրդական բողոքի չփոխարկվեց, չհամախմբեց հասարակությանը և փողոց դուրս չբերեց նրանց, ում կյանքի համար այդ մարդիկ տվել են ամենաթանկը՝ իրենց որդիներին։

Կրկնենք միայնակ հերոսի մասին Յուրի Կոտյոնոկի վերը մեջբերված խոսքերը. «Քանի դեռ հայերի մեջ կան այսպիսի տղամարդիկ, այդ ժողովրդին կոտրել չի հաջողվի»: Բայց եթե վաղվա պատերազմում, իսկ դա անխուսափելի է թվում, մենք չունենանք ո՛չ Մխիթար Գալեյաններ, ո՛չ էլ Տարոն Անդրեասյաններ, եթե թշնամուն հաջողվի կոտրել հայ ժողովրդին, դրա համար առաջին հերթին պիտի մեղադրենք նույնիսկ ոչ Փաշինյանին. պետք է մեղադրենք ինքներս մեզ։