ՀԱՆՈՒՆ «ՓԱՌՔԻ ԱԿՆԹԱՐԹԻ»
Քաղաքի տոնական ձևավորման վերաբերյալ բողոքներն ու քննադատությունն այս տարի սովորականից ավելի շատ էին, բայց անհնար կլինի առանց լուսավորության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ մեկնաբանելով քաղաքի կենտրոնում շենքերի փչացման հետ կապված սկանդալային պատմությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Իր գրառման մեջ քաղաքապետն այնուամենայնիվ ընդունում է, որ քաղաքի տոնական լուսավորության աշխատանքները կազմակերպելիս եղել են մի շարք թերություններ, սակայն վստահեցնում է, թե իշխանությունները կվերացնեն դրանց հետևանքները: Ընդ որում չպետք է մոռանալ, հավելել Է Սարգսյանը, որ Հայաստանն այս տարի պատիվ ունի հյուրընկալել մանկական Եվրատեսիլը և տասնյակ պատվիրակությունների, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հյուրերին ցույց տալ երկրի մայրաքաղաքն իր ողջ շուքով:
Նրա խոսքերով, հումորներից ու քննադատությունից խուսափել չէր լինի, եթե քաղաքն ընդհանրապես զարդարված չլիներ. այդ դեպքում կասեին, թե քաղաքապետարանը ի վիճակի չէ պատվով ներկայացնել քաղաքը հարյուրավոր հյուրերին։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ընդհանրապես Երեվանն իր ողջ շուքով կարող էր ներկայանալ արտասահմանցի հյուրերին իր համար ոչ այդչափ ցավոտ կերպով։ Կարող էր, եթե «քաղաքի հայրերը» գիտակցեին, որ չի կարելի խեղել 2800-ամյա քաղաքը հանուն մի քանի օրվա մանկական զվարճանքի, արտասահմանյան հյուրերի զարմանքի ու թեկուզ հիացմունքի և պարզապես իշխանության ինքնագովազդի։ Ինչպես ասում է քաղաքապետը, այս տարի Հայաստանը «պատիվ ունի» ընդունելու մանկական Եվրատեսիլը։ Թող այդպես համարի, թեև իրականում այդ Եվրատեսիլի համար է մեծ պատիվ՝ անցկացվել աշխարհի հնագույն քաղաքում։ Թեպետ, տվյալ դեպքում չենք անդրադառնա խնդրի պատմաճարտարապետական տեսանկյանը և պետական մակարդակով վանդալիզմին, որին բախվել է Երևանը հանուն «փառքի ակնթարթի»։ Կանգ չենք առնի նաև հարցի ֆինանսական կողմի վրա: Այդ թեմաների շուրջ արդեն մի քանի օր շարունակ եռում է մեդիատարածքը։
Մինչդեռ ոչ պակաս հետաքրքիր է քաղաքապետարանի վերջերս կայացրած որոշումն այն մասին, որ դեկտեմբերի 6-ին և 7-ին ժամը 11.00-ից մինչև 18.00-ն չի աշխատելու Երևանի մետրոպոլիտենը։ Ըստ էության, մայրաքաղաքի իշխանությունները որոշել են կաթվածահար անել քաղաքում հասարակական տրանսպորտի երթևեկությունն ընդամենը նկարահանումներ կազմակերպելու համար։ Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ այդպես էլ ասվում է. «Այս օրերին մայրաքաղաք Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի պատվիրակությունները, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր»։ Պարզվում է, ինչ-որ մեկի խելքին փչել է, թե մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ամենից լավ կարելի է պատկերել մայրաքաղաքի գետնուղիում։ Ընդ որում քաղաքապետարանի ներկայացուցիչներից ոչ մեկի մտքով չի անցել, որ խոսքը ոչ թե պարզապես փոխադրամիջոցի, այլ ռազմավարական օբյեկտի մասին է։ Արդյունքում, կրկնեմ, ռազմավարական նշանակության օբյեկտը հեշտ ու հանգիստ վերածվում է նկարահանման հրապարակի։ Դե, ի՞նչ կարելի է ասել: Բացարձակ աբսուրդ։
Քաղաքապետը համարում է, որ միջոցառումը պետք է անցկացնել «պատվով»։ Նրա մտքով անգամ չի անցնում, որ իրականում այդ փաստը մեզ ոչ թե պատիվ է բերում, այլ ավելի շուտ խայտառակություն։ Ի՞նչ կարող է մտածել Հայաստանի մասին օտարերկրացին՝ տեղեկանալով, որ հանուն տպավորիչ նկարահանման իշխանությունը պատրաստ է փակել ռազմավարական օբյեկտը։ Ընդ որում՝ փաստացի պատերազմի պայմաններում, երբ թշնամին ամենօրյա ռեժիմով գնդակոծում է երկրի սահմանները, երբ բացահայտ սպառնում է ուժով վերցնել տարածքների մի մասը, այդ թվում՝ երկրի մայրաքաղաքը։ Եվ այդ խորապատկերին բուն մայրաքաղաքում ոչ միայն պարզապես պատրաստվում են տոնին, այլև անում են դա անբացատրելի մոլեռանդությամբ, անսահման հիմարությամբ և բացարձակ անպատասխանատվությամբ։
Լուսավորությունը գոնե գեղեցիկ է: Բայց այ դժվար թե ինչ-որ բանով, բացի քմահաճույքից, կարելի լինի բացատրել մետրոյում նկարահանումներ անցկացնելու անհրաժեշտությունը…