Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան․ պաշտպանները հայտարարություն են տարածել

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մեղադրանքի կողմի գրավոր ապացույցների հետազոտումն ու քննիչի կողմից փորձագետին ներկայացված հարցադրումների պատասխանների և հետևությունների հետազոտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի պաշտպանական խումբը։

Պաշտպանները վստահեցնում են, որ մեկ տարվա ընթացքում չի ներկայացվել որևէ փաստ, տվյալ, փաստաթուղթ, ինչը կարող էր հիմնավորել «վատնման» հանցակազմի առկայությունը։

«Չի հիմնավորվել նաև Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքում տեղ գտած որևէ ձևակերպում կամ այս ամբողջ ժամանակամիջոցում կալանավորման տակ գտնվելու անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Իսկ ներկայացված ապացույցների մի մասը, ըստ փաստաբանական խմբի, առհասարակ ոչինչ չէր հիմնավորում, մի մասն էլ հերքում էր մեղադրանքը։

Վերջինիս վերաբերյալ պաշտպանական կողմը արել է համապատասխան հայտարարություններ և ներկայացրել է հակափաստարկներ:

Պաշտպանական կողմը վստահ է, որ Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

Sputnik Արմենիա