ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ 66 պատգամավոր կողմ քվեարկեց, իսկ 28–ը` դեմ։

Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք` ավելի վաղ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ բյուջեի նախագիծը մշակվել է միջազգային և տարածաշրջանային բարդ մարտահրավերների առկայության պարագայում, մասնավորապես` վերջին տարում համաշխարհային տնտեսությունը դարձել է պակաս կայուն, միջազգային առևտուրն ավելի դանդաղել է, փոխադրումներն ավելի թանկ ու երկար են դարձել, ապրանքների և ծառայությունների գները շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

Sputnik Արմենիա