Գրիգորյան․ Որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հարցը լուծվելու, թե ոչ

Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրով է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Մինչև այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, և հստակություն էլ չկա` խաղաղության պայմանագրով ԼՂ հարցը կլուծվի, թե դրանից դուրս»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի և քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:

Գրիգորյանը ենթադրում է, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու: Այսինքն` խաղաղության պայմանագրում որոշակի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Գրիգորյանը շեշտեց` հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա պետք է հստակություն մտցվի։

Sputnik Արմենիա