Արցախի ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս անցնել անցակետը
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և կուսակցության համանախագահին Ստեփանակերտից դուրս գալիս՝ ռուս խաղաղապահների առաջին անցակետում, կանգնեցրել ու չեն թույլատրել առաջ շարժվել։
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Դավիթ Գալստյանը, ստանալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին տեղեկությունը, ճանապարհվել են դեպի դեպքի վայր՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց խաղաղապահներն առաջին անցակետում մեքենան կանգնեցրել են՝ ասելով, որ հրամանատարությունից հրահանգ կա՝ կանգնեցնել երթևեկությունը միջանցքով։
«Փորձեցինք պարզել, թե ինչու չենք կարող առաջանալ ու տեսնել, թե ինչ է կատարվում Շուշիի մոտ՝ այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ուղղակի ասացին՝ հրաման կա ոչ ոքի չթույլատրել։ Նրանց ասելով՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հիմա բանակցում է . որևէ այլ ինֆորմացիա չհաղորդեցին»,-ասաց Գալստյանը։
Հիշեցնենք, որ առավոտյան 10։30-ից ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը և այն մինչև հիմա երկկողմանի փակ է։