ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՀԱՄԱՐԺԵՔ ԼԻՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԱՅԴ ԱՐՁԱԳԱՆՔԸ
«Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող օգտակար հանածոների հանքավայրեր մշտադիտարկման նպատակով փորձագետների մուտքը կազմակերպելու խնդրանքով: Մինչ այդ ադրբեջանցիները չեն կարողացել մոտենալ ոսկու հանքավայրերին՝ քանի որ Արցախցիները խոչընդոտել են։ Արդյո՞ք այս իրավիճակը կհանգեցնի հակամարտության հերթական սրմանը»,-գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
Ըստ պարբերականի՝ տարածաշրջան ուղարկված «փորձագիտական խմբում» ընդգրկված են Ադրբեջանի էկոնոմիկայի և բնապահպանության նախարարության, ինչպես նաև պետական գույքի ծառայության և ադրբեջանական AzerGold ձեռնարկության աշխատակիցներ, որոնք զբաղվում են երկաթի և գունավոր մետաղներ հանքավայրերի ուսումնասիրությամբ, հետախուզմամբ և կառավարմամբ։
«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Դրմբոնի ոսկու հանքավայրի մոնիթորինգը դեկտեմբերի 3-ին և 7-ին խաղաղապահ զորախմբի հրամանատարության և ադրբեջանական կողմի միջև ուղիղ պայմանավորվածությունների առարկա է դարձել։
Սակայն Ադրբեջանից «հյուրերի» այցը անհանգստացրել է չճանաչված հանրապետության ղեկավարությանը։ Լեռնային Ղարաբաղի կառավարության տեղեկատվական շտաբը Ադրբեջանի քաղաքացիական, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին որակել է «քաղաքացիական հագուստով ադրբեջանցիներ»՝ դրանով ակնարկելով, որ դաշտային փորձագետների մոնիթորինգը համարում է լրտեսության և սադրանքների քող։
Դեկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը նախատեսում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր, սակայն հանքի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները փակել էին փորձագիտական խմբի մուտքը։ Ըստ Ստեփանակերտի՝ այցը համաձայնեցված չի եղել Արցախի իշխանությունների հետ։
Ռուսաստանի դեմ Ադրբեջանի հիմնական բողոքն այն է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը «ոչ մի քայլ չի ձեռնարկել»։ Սակայն, ինչպես ասվել է, խաղաղապահները խոչընդոտներ չեն ստեղծել մասնագետների մուտքի համար։ Այդ դեպքում ի՞նչ է ուզում ադրբեջանական կողմը ռուսական կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Իրադարձություններին միացան նաև ադրբեջանցի «էկոակտիվիստները», ովքեր բողոքում էին տարածաշրջանի բնական պաշարների շահագործման դեմ, որոնք էլ փակել էին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Բերձորի միջանցքը։ Նրանք պահանջում էին, որ իրենց մոտ դուրս գա հենց ինքը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարը՝ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը»,-ասվում է հոդվածում։
ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը ՄԿ-ի հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակը ոչ թե կսրի երկարամյա հակամարտությունը, այլ կպահի ծխացող վիճակում. «Սա հերթական հետախուզությունն է, Ռուսաստանի արձագանքի ստուգում, ոչ ավելին: Հանքավայրերը գտնվում են հակամարտության գոտում։ Ե՛վ հայերի, և՛ ադրբեջանցիների համար մուտքի ապահովումը մարդկանց անվտանգության և նման միջավայրում աշխատելու կարողության խնդիր է: Սա փորձ է կրկին արթնացնելու իրավիճակը և ստուգելու Մոսկվայի արձագանքը»։
Փորձագետը նշեց, որ այս դեպքում Ադրբեջանին Ռուսաստանից մեծ զիջումներ սպասել պետք չէ. «Ադրբեջանցի էկոակտիվիստներին և զինվորականներին տարածաշրջան թողնելն ուղղակի անիրատեսական է: Հիմա հարցն այն է, որ Ռուսաստանի արձագանքը պետք է բավականաչափ համարժեք լինի, որպեսզի Ադրբեջանը այլևս ցանկություն չունենա ստուգելու այդ արձագանքը»։
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Ադրբեջանի նման գործողությունները գնահատել է որպես Ղարաբաղի բնակիչների վրա ճնշում գործադրելու միջոց։ «Ադրբեջանը ճնշումների համար օգտագործում է տարբեր տարբերակներ։ Սա դիսկուրսիվ ճնշում է, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, դրանք և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ձևեր են։ Հիմա այս տիպի ճնշումն էլ է կիրառվում, երբ քաղաքացիական հագուստով բնապահպանները փակում են ճանապարհները և փորձում ազդել ԼՂՀ-ի ու խաղաղապահների վրա՝ ինչ-որ նպատակների հասնելու համար։ Սա տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու փորձ է»։