ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀՐԱՀԱՆԳՈ՞Վ

«Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է ԱԱԾ-ի հետախուզության դեպարտամենտը»

Այն հարցին, թե ինչու են որոշել Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ համակարգից տեղափոխել վարչապետի անձնական ենթակայության տակ, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հիրավի ապշեցուցիչ պատասխան տվեց: Նա ասաց, որ դա քաղաքական որոշում է։ «Այս պահին կա քաղաքական որոշում առ այն, որ ԱԱԾ-ին պետք է թողնվի երեք գլխավոր գործառույթ: Առաջինը հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև տեռորիզմի դեմ պայքարը»: Գրիգորյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն չափազանց շատ գործառույթներ ունի, իսկ բեռնաթափումը թույլ կտա բարձրացնել ծառայության արդյունավետությունը:

ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 100%-ով: Հիշեցնեմ, որ դրա աշխատակիցներն են ապահովում վարչապետի և նրա ընտանիքի անդամների անձնական անվտանգությունը։ Երբ հարց առաջացավ սահմանապահ զորքերի մասին, տպավորություն ստեղծվեց, որ ԱԱԾ բարեփոխման հեղինակները մոռացել են այդ ծառայության գոյությունը։ Համենայնդեպս երբ Գրիգորյանին հարցրեցին, թե ուր են սահմանապահ զորքերը, հաջորդեց պատասխանը, թե դրանք ընդգրկված են հակահետախուզության մեջ

Ստեղծումից հետո Փաշինյանի անձնական ենթակայության տակ կանցնի նաև Արտաքին հետախուզական ծառայությունը։ «Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է ԱԱԾ-ի հետախուզության դեպարտամենտը»,- ասաց Փաշինյանը։ Ի դեմս հետախուզության գործող վարչության, որը կլանվելու է նոր ծառայության կողմից, խոսքը վերաբերում է այն մասնագետներին, որոնք մեծ փորձ ունեն ռուսական հետախուզական կառույցների հետ համագործակցության ոլորտում:

«Նման ծառայությունները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը»,- հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին խոսվում է բնավ ոչ առաջին անգամ, վարչապետի աթոռին նստած մարդուն դրա ենթակայությունը հասարակական մեծ արձագանք առաջացրեց՝ ծիծաղի պոռթկումների տեսքով։ Քաղաքականացված հանրությունն այդ կապակցությամբ մտաբերեց, թե ինչպես համավարակի թեժ պահին Փաշինյանը կառավարության նիստում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով, հանգամանորեն թվարկեց պարենամթերքի ռազմավարական ողջ պաշարը. հավի մսից մինչև կաթի փոշի, իբր՝ այն դեպքի համար, եթե կորոնավիրուսի պատճառով փակվեն սահմանները։ Այն մասին, որ այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ, Նիկոլն իմացավ հաջորդ օրը՝ թերթերից։

44-օրյա պատերազմի թեժ պահին Փաշինյանն ուղիղ եթերում մանրամասն նկարագրեց Արցախ ուղարկվող կամավորների հավաքակայանի տեղը։ Այն մասին, որ նրա հանձնարարությամբ ԱԱԾ-ն միջոցառումներ է իրականացրել «սատանայի կոդը վերծանելու» ուղղությամբ, հայտնի է բոլորին։ Ասվածից հետևում է, որ եթե, օրինակ, Փաշինյանների ընտանեկան թերթին պահանջվի ավելացնել տպաքանակը, ապա այն կարող է մի գեղեցիկ օր հրապարակել արտասահմանում աշխատող մեր գործակալների ցուցակները և նշել ռեզիդենտների հասցեները։ Տպաքանակը կսպառվի վայրկենապես: Այդպիսի՜ սենսացիա։

Զինվորականների աղմկահարույց ձերբակալությունները, որոնք արտաքին պատվիրատուներին են փոխանցել ռազմական և ծառայողական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, հուշում են, որ հայկական հակահետախուզությունն աշխատում է ի տես հանրության։ Նախկին իշխանության օրոք նման բացահայտումները կանոնավորապես չեն դարձել հեռուստատեսային ռեպորտաժների թեմա։ Ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում ԱԱԾ-ի կողմից ցուցաբերվող այդօրինակ հրապարակայնությունը սահմանակից է բացահայտ տգիտությանը։ Համանման եզրահանգումներ են բխում նաև ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, թե իբր՝ հայկական բանակում ծաղկում են թմրամոլությունն ու մոլեխաղերը։ Կարծում եք՝ ադրբեջանական բանակում նման երևույթներ չկա՞ն։ Իհարկե կա՛ն, բայց դրանց մասին չի խոսվում ի լուր ամենքի…

Հայտարարություն Վաշինգտոնի համար

Ուժային կառույցների բարեփոխումը և Փաշինյանի անձնական վերահսկողությանը ենթակա Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու ծրագրերը, որի ղեկավարին նշանակելու է Փաշինյանը, իսկ տեղակալին՝ նախագահը (նույնն է թե՝ կրկին Փաշինյանը), առիթ են անդրադառնալու այն հարցին, թե ինչո՞ւ առ այսօր նշանակված չէ ռազմական հետախուզության վարչության ղեկավարը։ Ինչպե՞ս կարող է այդ պաշտոնը ամիսներ շարունակ թափուր մնալ մի երկրում, որտեղ 29 հազար 800 քառ. կմ-ից 140 քառ. կմ-ն օկուպացված է ադրբեջանցիների կողմից։

Պատասխանելով տողերիս հեղինակի այն հարցին, թե ինչո՞ւ ռեժիմը առաջին դեմքերի մակարդակով հայտարարեց Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին, իրազեկ աղբյուրը, որը ցանկացավ պահպանել գաղտնիությունը, նշեց, որ այդ հայտարարությունը նախատեսված էր Վաշինգտոնի համար: Ռեժիմն այդ կերպ հասկացնել տվեց, որ խզում է համագործակցությունը ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ, որոնք արժանիորեն վայելում են աշխարհում ամենից առաջադեմի հեղինակությունը։

Աղբյուրի կարծիքով, այդ հրաժարումը չի հրապարակվում, այն թելադրված է Փաշինյանին Վաշինգտոնից, իսկ ինքը՝ ռեժիմի պարագլուխը դժվար թե գիտակցում է, թե Հայաստանին և Արցախին սպառնացող ինչ վտանգի կարող է հանգեցնել համագործակցության դադարեցումը ՌԴ հատուկ ծառայությունների հետ։ Եթե դրա գիտակցումը լիներ, դժվար թե Փաշինյանը հրաժարվեր ՀԱՊԿռազմատեխնիկական օգնությունից. Հայաստանը, լինելով բռնազավթված վիճակում, հրաժարվեց ռազմատեխնիկական օգնությունից միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չտվեց ադրբեջանական ագրեսիային: Հրաժարումը, բնականաբար, նույնպես Վաշինգտոնի հրահանգի հետևանքն էր։

Այս առնչությամբ հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի թեժ պահին Փաշինյանը պաշտոնանկ արեց ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանին, որը ադրբեջանական ագրեսիայից քիչ առաջ կարծիք էր հայտնել, թե համակարգը պետք է լքեն այն մարդիկ, որոնք ուսուցում են անցել Ռուսաստանում։ Ակնհայտ է, որ Քյարամյանի հրաժարականի հետևում կանգնած էին ռուսական հատուկ ծառայությունները, իսկ նրանց հետ համագործակցությունից հրաժարումը նախապատրաստվում էր դեռևս պատերազմից առաջ։

Փաշինյանի ռեժիմը ձգտում է տարանջատվել Ռուսաստանից ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով, այլև հատուկ ծառայությունների միջև համագործակցության հարթությունում, որը երկար պատմություն ունի։ Այլապես ի՞նչու Հայաստանին հանկարծ անհրաժեշտ դարձավ Արտաքին հետախուզական ծառայությունը, երբ մինչ այժմ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը մենք ստանում էինք ռուսաստանյան աղբյուրներից։ «Հետաքրքիր է, Նիկոլը գիտի՞, թե ինչ արժե մեկ գործակալի վերապատրաստումը համաշխարհային ստանդարտների մակարդակով, օրինակ՝ արդյունաբերական հետախուզության ոլորտում»,- հարց է տալիս մեր աղբյուրը։ Չեմ զարմանա, եթե արտաքին հետախուզության ոլորտում Փաշինյանի ունեցած գիտելիքները սահմանափակված լինեն Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերով

Ֆրանսիական հետախուզական ծառայության (SDECE) նախկին գլխավոր տնօրեն Ալեքսանդր դը Մարաշը, ԳՖՀ հետախուզական ծառայության ղեկավար Ռեյնհարդ Գելենը, ԽՍՀՄ ՊԱԿ-ի, ԱՄՆ ԿՀՎ-ի, անգլիական SIS-ի և իսրայելական Մոսադի բարձրաստիճան գեներալները իրենց արտաքին հետախուզության գործողությունների հիանալի նկարագրություններ են թողել միայն այն բանից հետո, երբ չեղարկվել է դրանց գաղտնիության կնիքը։ 20-րդ դարի գործողություններին նույնիսկ հպանցիկ ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ արտաքին հետախուզությունը այնպիսի ծառայություն է, որը մատչելի է միայն չափազանց հարուստ պետության համար՝ մտավոր զարգացած իշխող վերնախավով: Մինչդեռ մեր դեպքում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նույնպիսի բլեֆ է, ինչպիսին պրոֆեսիոնալ բանակի կառուցումն է. բարեփոխման ցուցանակի տակ ոչնչացվում են հայկական զինված ուժերը։

Ոստիկանության ծառայության բարեփոխման կարգախոսի ներքո ուժային կառույցը փոխարինել են սադիստների ավազակախմբերով, որոնք ծանակում են զոհված հերոսների ծնողներին, ծեծում անչափահասներին։ Ոստիկանության բարեփոխումից հետո հրազենի և սառը զենքի կիրառմամբ ծանր հանցագործությունների թիվը եռապատկվել է։ Փաշինյանի անձնական ենթակայությանը Պետական պահպանության ծառայության փաստացի անցման փուլում վրաերթի ենթարկվեց հղի կինը, մեղավորները մնացին անպատիժ։ Հիմա «բարեփոխում» են ԱԱԾ-ն, ընդ որում ամենից քիչ խոսվում է սահմանապահ զորքերի մասին։ Ըստ երևույթին, բարեփոխումն ընթանում է Նիկոլի այն հայտնի հայտարարության ոգով, թե մեզ պետք չեն սահմանապահ դիրքերը սարերի ամայի գագաթներին։

Ուժային կառույցների ոչնչացումը՝ բարեփոխումների անվան տակ, թևակոխել է վճռական փուլ, այդ կառույցները ցանկացած պետականության հիմքն են։ Փաշինյանական հորդայի ներխուժումից հետո առայժմ պահպանվել է միայն բանկային համակարգը