Կայացել է ՀԱՊԿ համակարգող խորհրդի` կենսաանվտանգության հարցերով առաջին նիստը

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀԱՊԿ պետությունների լիազոր մարմինների կենսաանվտանգության հարցերով համակարգող խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Համակարգող խորհրդի անդամները քննարկել են կենսաբանական սպառնալիքներին համատեղ արձագանքելու ուղղությամբ փոխգործակցության ծրագրերը և ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների համակարգման հարցերը՝ Կենսաբանական զենքի կոնվենցիայի ամրապնդման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդի գործունեության կազմակերպչական հարցեր, այդ թվում առօրյա գործունեության մեջ կենսաբանական անվտանգության հարցերի փոխգործակցությունը։

Համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան։

Sputnik Արմենիա