ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ
Վիվա-ՄՏՍ-ն ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամն ամփոփել են պիլոտային ծրագրի արդյունքը
Հայրենիքն սկսվում է սահմանից: Այն պաշտպանելու պատրաստակամությունը կարող է դրսևորվել ոչ միայն զինվորագրվելու, այլև տարբեր ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս տրամաբանության շրջանակում, պիլոտային կարևոր՝ ատամնաբուժական անվճար ծրագիր է իրականացվում սահմանապահ Չինարի գյուղում: Շուրջ քառասուն տարվա տխուր իրականությունը հաջողվել է փոխել Վիվա-ՄՏՍ-ի ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամի գործընկերության արդյունքում:
Տեխնիկապես ոչ կիրառելի, ֆունկցիոնալ որեվէ հնարավորություն չունեցող բուժկետի ատամնաբուժական նախկին աթոռը փոխարինվել է նոր ու ժամանակակից աթոռով: Առավելապես հանգստյան օրերին՝ մայրաքաղաքից Չինարի ժամանող մասնագետներն աշխատում են կամավորության սկզբունքով: Ակնկալվող արդյունք ստանալուն նպաստում են նվիրումն ու ֆունկցիոնալ բոլոր հնարավորություններով օժտված՝ բարձրակարգ, ժամանակակից սարքավորումների առկայությունը: Ծրագիրը չինարեցիներին թույլ է տալիս բուժում ստանալ առավելագույն հարմարավետությամբ. ռենտգեն հետազոտություն անցնել և ախտորոշում ստանալ բժշկական աթոռից չիջնելով, ինչպես նաև մոռանալ գյուղից մարզկենտրոն մեկնելու՝ նախկինում ձևավորված անհրաժեշտությունը: Շտապ դեպքերում սպասարկումից բացի, հասանելի են բուժումը, պլոմբավորումը, պրոթեզավորումը:
Ատամնաշարի՝ տարիների բարձիթողի վիճակի և սթրեսի պատճառով խորացած խնդիրները լուծելու համար, մայրաքաղաքից ժամանած մասնագետները ձգտում են աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Այցելուների գրանցմանը և կարիքների գնահատմանը զուգահեռ՝ առաջարկվում է նաև բուժում: Արդեն իսկ աջակցություն է ստացել տարբեր խնդիրներ ունեցող 65 բուժառու: Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցողների համար կազմակերպվել է նվազագույնը 5 այց: Աջակցություն ստանալու իրենց հերթին դեռևս սպասում է գրանցված 60 չինարեցի: Լավագույն բուժումը համարելով կանխարգելումը՝ բժիշկ-կամավորները Չինարիի դպրոցականների շրջանում ատամների խնամքի վերաբերյալ դասընթաց են նախաձեռնել:
«Սահմանապահ գյուղերի բնակիչներն ապրում են սթրեսի պայմաններում: Մարդիկ կան, որ հագուստով են քնում, որովհետև չգիտեն՝ գիշերն ինչ կլինի: Այդ սթրեսն առաջացնում է առողջական խնդիրներ: Շատ կարևոր է, որ Վիվա-ՄՏՍ-ն այս տարի դարձավ մեր գործընկերը: Դրա շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այս պիլոտային ծրագիրը: Հայրենիքին օգուտ տալու համար պարտադիր պայման չէ զենք վերցնելը, թեև պետք է նաև դրան պատրաստ լինել: Հայրենիքին օգուտ տալու տարբեր ձևեր կան: Դրանցից մեկն էլ նման ծրագրերն ու կամավորական լինելու պատրաստակամությունն է»,- ասել է «Աթենաս» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչյա Գրիգորյանը:
Շուրջ երեք ամիս իրականացվող ատամնաբուժական պիլոտային անվճար ծրագիրը կավարտվի տարեվերջին: Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը կարևոր է համարում Վիվա-ՄՏՍ-ի և «Աթենաս» բարեգործական հիմնադրամի աջակցությունը:
Չինարիում Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը հասցրել են գնահատել ոչ միայն որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, այլև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող կառույց: Տարիների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը վերանորոգել է գյուղի մանկապարտեզը, լուսադիոդային փողոցային լուսավորության համակարգ է գործարկել, կառուցել է խմելու ջրի պոմպակայան և ոռոգման համակարգ: