Ո՞ՒՄ Է ԲԱՎԱՐԱՐԵԼ ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի հայցը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում», - ասվում է հայտարարության մեջ:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ավելի ուշ իսկապես տրամադրվեց ավելի մանրամասն տեղեկատվություն, որից հետևում է, որ թեև Հայաստանի հայցը բավարարվել է, այդուհանդերձ հայկական կողմին այդ փաստը բավարարել ոչ մի կերպ չի կարող։ Բանն այն է, որ ՄԻԵԴ որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»:

Այսպիսով, խոսքը միայն սահմանափակ կատեգորիայի մարդկանց մասին է, որոնց համար, ՄԻԵԴ-ի վարկածով, պետք է գործի Հայաստանի հետ տրանսպորտային կապը։ Սա նշանակում է, որ մնացած բոլոր անձանց Լաչինի միջանցքից օգտվելու հնարավորությունից զրկելը Եվրոպական դատարանին չի մտահոգում, որ դրանում չկա մարդու իրավունքների խախտման աղաղակող փաստ։

Եվ այս խորապատկերին առավելևս արտառոց տեսք ունեն ՄԻԵԴ-ի որոշման մեջ առկա հղումները, մասնավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման մեջ նշվում է. «հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։ Նշենք, եռակողմ հայտարարության մեջ ակնարկ անգամ չկա, թե միջանցքից կարող են օգտվել միայն որոշակի կատեգորիայի անձինք։ Միջանցքը, ըստ փաստաթղթի, պետք է գործի բոլորի համար։

Փաստորեն, ընդունելով այսպիսի որոշում՝ ՄԻԵԴ-ը լեգալացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման փաստը, բայց պարտավորեցրեց Բաքվին բացառություն անել առանձին քաղաքացիների համար։ Եթե Արցախի շրջափակման լեգալացումը, 120 հազար արցախցիների (ոչ ծանր հիվանդ և ճանապարհին անապաստան չմնացած) իրավունքների խախտումը կոչվում է հայկական կողմի հայցի բավարարում, ապա հարցեր են առաջանում ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլև հայցը կազմողների նկատմամբ։ Ընդ որում միանգամայն տարօրինակ է թվում պաշտոնական արձագանքի բացակայությունը Երևանի կողմից, որը պարտավոր է դժգոհություն հայտնել ընդունված վճռի առնչությամբ։

Ասենք, ՄԻԵԴ որոշման մեջ կա մի տարր, որը, ըստ էության, կարելի է դրական համարել հայկական կողմի համար։ Այսպես, տեքստում նշվում է, որ «այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հարցը»։ Այսինքն այն տարածքը, որտեղ ադրբեջանական կողմը արգելափակում է կազմակերպում, նրան չի պատկանում։ Այսինքն ամեն տեսակի «բնապահպանները»՝ «խաղաղության աղավնիների» դիակները ձեռքին, պետք է հեռանան այդ վայրից։ Կրկնեմ, այստեղ կարելի է փոքրիկ պլյուս տեսնել հայկական կողմի համար։

Բայց խնդիրն այն է, որ այդ պլյուսը դեռ պետք է կապիտալացնել։ Իսկ դա անող չկա։ Հայաստանի գործող ղեկավարությունը հաստատ դա անելու ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ ցանկություն։

Ո՞ւմ է բավարարել Հայաստանի հայցի բավարարումը ՄԻԵԴ-ի կողմից։ Հայկական իշխանությա՞նը։ Բնականաբար։ Ադրբեջանական կողմի՞ն։ Իհարկե. ՄԻԵԴ-ի՞ն. հնարավոր է։ Հայաստանի Հանրապետությա՞նը։ Ավա՜ղ։ Արցախին ու արցախցիների՞ն։ Ամենևի՛ն