ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ, ՈՐԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը շատերին հիշեցրեց 80-ականների վերջը, երբ Արցախում սկսվում էր Հայաստանի հետ վերամիավորման շարժումը։ Իրոք, շատ նմանություններ կան այն ժամանակների և ներկայիս իրավիճակի միջև, թեև կան նաև տարբերություններ։
Գլխավոր ընդհանրությունը Արցախի քաղաքացին է, նրա տոկունությունը, նվիրվածությունն իր հողին, վստահությունը սեփական իրավացիության, հետևաբար՝ նաև հաղթանակի նկատմամբ։ Ով ինչ ուզում է ասի և ինչպես էլ որ հիմնավորի, արցախցու վճիռն անսասան է. իրենք շարունակելու են կառուցել սեփական պետությունը հարազատ հողի վրա։
Այսօր, ի տարբերություն 80-ականների, մեր հասարակությունը, առաջին հերթին՝ Հայաստանում, պակաս համախմբված է։ Ավելի մեծ է անվստահությունը միմյանց նկատմամբ: Անվստահություն, որը միտումնավոր արմատավորել են տարիներ շարունակ, և այժմ քաղում ենք պտուղները: Ուստի զարմանալի չեն այս կամ այն քննադատական արտահայտությունները Ստեփանակերտի հանրահավաքի բանախոսների հասցեին։
Քննադատության բազմաթիվ նետեր են արձակվում Ռուբեն Վարդանյանի ուղղությամբ։ Եվ այստեղ, վերադառնալով 80-ականների վերջին, տեղին կլինի հիշել, որ Ղարաբաղյան շարժումը բազմաթիվ տարբեր առաջնորդներ է ունեցել։ Հենրիխ Պողոսյան, Արկադի Մանուչարյան, Բորիս Դադամյան. դժվար թե այս անուններն ինչ-որ բան ասեն այսօրվա երիտասարդ սերնդին: Բայց այդ մարդիկ և էլի շատուշատ ուրիշներ իրենց ավանդն ունեն անկախության և Հայաստանի հետ վերամիավորման Արցախյան շարժման գործում։ Այլ կերպ ասած՝ նրանցից յուրաքանչյուրը և էլի շատերը իրենց ժամանակն ունեին. արցախյան երազանքի ճանապարհը հարթելու ուրույն ժամանակը։ Հետո եկան այլ մարդիկ, հայտնվեցին նոր առաջնորդներ, և դա նորմալ գործընթաց է։
Պետք է հիշել, որ մեր բոլոր հաղթանակների համար մենք պարտական ենք նախևառաջ հենց նրանց։ Եվ եթե այսօր Արցախը, նրա վերնախավը, նրա քաղաքացիները ընդունում են Ռուբեն Վարդանյանին որպես Արցախի պետնախարար, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Ուրեմն այսօր եկել է նրա ժամանակը՝ ներդրում ունենալու Արցախի ինքնիշխանության առաջմղման գործում։ Երբ կփոխվեն ժամանակներն ու հանգամանքները, ի հայտ կգան նոր առաջնորդներ։
Ինչ վերաբերում է Երևանի աջակցությանը։ Ե՛վ 80-ականների սկզբին, և՛ հիմա իշխանությունն, իհարկե, երկակի է։ Այսօր Փաշինյանն ասում է, թե Արցախի պահանջների նշաձողը պետք է իջեցնել, այն ժամանակ Կարեն Դեմիրճյանն ասում էր, որ Ղարաբաղն իր գրպանում չի, որ հանի տա ցուցարարներին։
Բայց այն ժամանակ էլ կային, հիմա էլ կան մարդիկ, որոնց գործնականում չի հետաքրքրում, թե ինչ է ասում իշխանությունը Երևանում, և նույնիսկ՝ թե ինչ է ասում իշխանությունը Ստեփանակերտում։ Նրանք պարզապես գիտեն, որ Արցախի ազատությունը պետք է պաշտպանել զենքը ձեռքին, այլ կերպ անհնար է։ Անկախ նրանից, թե ով է այս կամ այլ պահին պաշտոնական Ստեփանակերտի ու Երևանի դեմքը։ Եվ հենց այդ կերտվածքի մարդիկ են որոշելու Արցախի ապագան, երբ երկու տարի անց Բաքուն պահանջի դուրս բերել տարածաշրջանից ռուս խաղաղապահներին։
Ներկայիս խաղաղապահների և 90-ականների սկզբին Արկադի Վոլսկու կոմիտեի մասին: Հայկական կողմը շատ դժգոհություններ ուներ այն ժամանակ Վոլսկու կոմիտեի և այժմ խաղաղապահների հանդեպ։ Բայց և՛ Վոլսկու կոմիտեն, և՛ ռուս խաղաղապահները լուծում էին գլխավոր խնդիրը. ապահովել Արցախի խաղաղ, հնարավորինս խաղաղ կյանքը մինչ այն պահը, երբ նա ի վիճակի կլինի ինքը պաշտպանել իրեն։
Բաքվի դիրքորոշումը չի փոխվել։ Այն ժամանակ, ի պատասխան արցախցիների ինքնորոշման պահանջի, Բաքուն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարող օրենք։ Այսօր Ալիևն ասում է, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի...
Թշնամին այսօր ունի լավ հագեցած բանակ՝ ի տարբերություն ԽՍՀՄ փլուզման ժամանակաշրջանի։ Եվ Թուրքիայի չափազանց առարկայական աջակցությունը տեղում։ Այո, Արցախը, ի տարբերություն 90-ականների սկզբի, ունի իր զինված ուժերը։ Բայց թե՛ քանակով, թե՛ սպառազինության որակով նրանց համար դժվար է համեմատվել թուրքական զինված ուժերի կողմից ամրացված ադրբեջանական բանակի հետ։
Այս բացը պարտավոր է լրացնել Երևանը, բացի ամենից՝ նաև կազմակերպելով Արցախին ցուցաբերվող աջակցությունը միջազգային ասպարեզում։ Այսօր դա ավելի հեշտ է, քան 80-ականների վերջին, երբ Արցախի մասին քչերն էին լսել։ Այսօր Արցախի խնդիրը միջազգային օրակարգի հարց է, որքան էլ դրա դեմ առարկի Բաքուն։
Ահա այսպիսի զուգահեռներ և տարբերություններ: Բայց միավորող գլխավոր հանգամանքն այլ է, և Ստեփանակերտի վերջին հանրահավաքը կրկին դա հաստատեց. Արցախը հանձնվել չգիտի։ Դա այդպես է եղել Արցախ աշխարհի ողջ պատմության ընթացքում, և այդ առումով ոչինչ չի փոխվել։