Իշխող ուժը նախորդ տարի ամեն ինչ արեց մեկ մարդու իշխանությունն ամրապնդելու համար. Արմեն Բադալյան
Նախորդ տարի իշխանական ճամբարի ամբողջ գործունեությունը միտված էր մեկ մարդու քաղաքական շահերի սպասարկմանը եւ իշխանության երկարացմանը: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Իշխանությունը շատ քայլեր արեց այդ մեկ անձին ծառայելու համար, օրինակ՝ երբ ԱԱԾ-ից դուրս բերվեց արտաքին հետախուզությունը, որը պետք է լինի վարչապետին կից, մի մեծ խմբակցություն սպասարկում է մեկ մարդու, չնայած իհարկե, այդ խմբակցությունում էլ կան խմորումներ: Սա կոնկրետ քաղաքական գործընթաց է մեկ մարդու իշխանությունը ամրապնդելու համար, ոչ միայն որովհետեւ դա իր քմահաճույքն է, այլ նաեւ այդ ժամանակն անհրաժեշտ է իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Սա իշխող քաղաքական ուժի գործընթացն էր»,- նշեց նա:
Արմեն Բադալյանի կարծիքով՝ ընդդիմությունը թեպետ բուռն սկսեց պայքարը, ծրագրավորած, ամենօրյա բողոքի ակցիաներով ու հանրահավաքներով, բայց կարճ ժամանակ անց նկատելի դարձավ, որ ընդդիմադիր գործիչները չունեն ապագայի սցենար եւ սկսեցին սխալը սխալը հետեւից անել: Իրենք, ոգեւորված իրենց հաջողություններից, ուշադրություն չդարձրին մատնանշվող սխալներին, ինչի հետեւանքով էլ ձախողեցին:
«Իրենք պետք է ուսումնասիրեին, թե սոցիալական բոլոր խմբերը ինչ խնդիրներ ունեին, դրանց համար լուծման տարբերակներ մշակեին եւ կարողանային իրենց մոտ բերել մարդկանց: Մարզերում էլ հարցեր կային, այնտեղ էլ էր պետք գործողություններ իրականացնել, մարզաբնակներին այլ հարցեր էլ են հետաքրքրում: Եվս մի բան, որ չարեց ընդդիմությունը՝ չէր հասկացվում, թե այնտեղ ով, ինչի համար էր պատասխանատու: Շարժումը չունեցավ իր արտաքին լսարանին ուղղված պատասխանատու կառույց: Պետք է ստեղծվեին տարբեր մարմիններ: Չեղավ նաեւ պատասխանատուների անձանց կազմ: Կար միայն Իշխան Սաղաթելյան»,- նկատեց Բադալյանը:
Ըստ Բադալյանի՝ թեպետ ընդդիմությունը խորհրդարան վերադարձավ սեփական օրակարգով, սակայն այդպես էլ հայտնի չդարձավ, թե որն է այդ օրակարգը:
«Ընդդիմադիր ուժերի համար անցած տարին ամբողջապես կորստի տարի էր: Իրենք պետք է նորից ամեն ինչ զրոյից ստեղծեն: Ճիշտ չի լինի, եթե մանդատը դնեն ու գնան, որովհետեւ գոնե անվստահության գործընթացի համար այն պետք է գալու»,- ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ հաղթած քաղաքական ուժերը հավաքված են կոնկրետ մեկ անձի շուրջ, քաղաքական դաշտը ֆեոդալացվում է: Սա ցույց է տալիս, որ քաղաքական մեկ համակարգ Հայաստանում չկա. «Մեկ այլ խնդիր՝ երբ իշխանությունը տեսնում է, որ տվյալ համայնքում չի կարողանում իր կողմնակիցների թիվը շատացնել, կալանավորումների կամ ահաբեկելու միջոցով փորձում է նոր ընտրություններ կորզել»:
News.am