ԶԼՄ․ Հայ-թուրքական հաջորդ հանդիպումը կկայանա կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում

Անկարայի և Երևանի միջև երկխոսությանը ցանկացած արտաքին միջամտություն կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլոր գործընթացների վրա։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրանց խոսքով, չնայած այս պահին նկատվում է կարգավորման գործընթացի դանդաղում, շփումները չեն դադարեցվել, և այժմ Անկարայի ու Երևանի միջև քննարկվում են տեխնիկական ասպեկտները։ «Անկարայի և Երևանի երկխոսությանը ցանկացած արտաքին միջամտություն կարող է բացասաբար ազդել տարածաշրջանի բոլոր գործընթացների վրա, սակայն Անկարան կշարունակի ջանքեր գործադրել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլև երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք կշարունակենք անել այն, ինչ անում ենք, քանի որ մենք անկեղծ ջանքեր ենք գործադրում»,- նշել են աղբյուրները:

Աղբյուրները հայտնել են, որ նորմալացման հինգերորդ բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն մինչ դրանց կայացումը անհրաժեշտ է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկել: Բանակցությունները կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

Աղբյուրները նշում են, որ երրորդ երկրների քաղաքացիների ցամաքային սահմանով տարանցման հետ կապված տեխնիկական աշխատանքները շարունակվում են։ «Ալիջան» անցակետի տարածքում գտնվող կամրջով վերը նշված կատեգորիայի անձանց անցնելու կարգը կհամաձայնեցվի՝ կախված ենթակառուցվածքի վիճակից։ Չի բացառվում, որ ապագա բանակցություններում կարող են շոշափվել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ երկկողմ առևտրի վերսկսումը։

Մեկնաբանելով Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային առևտրի հնարավոր վերսկսման թեման՝ աղբյուրները հիշեցրել են, որ 1993 թվականին երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը հասնում էր 160 000 տոննայի։

Երկաթուղային փողադրումների վերսկսման դեպքում «այդ թիվը կսկսի երկրաչափական պրոգրեսիայով աճել»։

Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև օդային հաղորդակցությանը, որը վերսկսվել է 2022 թվականի փետրվարի 2-ին, աղբյուրները հայտնել են, որ թռիչքներն իրականացվում են նորմալ ռեժիմով։

«Մարդիկ սկսել են շփվել և կարող են ազատ տեղաշարժվել: Նորմալացման գործընթացում տեղի է ունեցել մի բան, որը տեսանելի չէ անզեն աչքով։ Եթե նախկինում թուրք քաղաքացիները հայկական վիզան ձևակերպում էին Թբիլիսիի միջոցով, ապա այժմ արդեն ամեն ինչ հասանելի է համացանցում։ Նախկինում Հայաստանում ինտերնետը հասանելի չէր Թուրքիայի քաղաքացիների համար։ Այսուհետ այն բաց է։ Հյուպատոսական գործերը նույնպես շատ լավ են ընթանում»,- ասել են աղբյուրները:

Նշվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օավիափոխադրումների խոչընդոտների վերացումը զգալի ներդրում կունենա երկու երկրների տնտեսական հարաբերություններում։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները բանակցությունների չորս փուլ են անցկացրել։ Դրանք բոլորը տեղի են ունեցել երրորդ երկրներում։ Բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Նշենք, որ բանակցություններում Հայաստանը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ Սերդար Քըլըչը։

News.am