Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով, Բերձորի միջանցքում փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։
Ավելի ուշ հայտարարվեց, որ Հայաստանից Արցախ գնացող գազատարի տեղափոխությունը բարդ է՝ մեծ ծախսերի հետ է կապված, իսկ ինտերնետի ու Հայաստանից Արցախ եկող էլեկտրական գծի տեղափոխման հարցում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա։
Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ից Արցախ եկող էլեկտրագիծն Ադրբեջանը շարքից հանել է Աղավնո-Բերձոր հատվածում, սա այն դեպքում, երբ կրկնում եմ՝ այդ գիծը դեռ սեպտեմբերին, Բերձորի, Աղավնոյի հանձնելուց հետո, պետք է տեղափոխված լիներ Հայաստանն Արցախին կապող նոր երթուղի։
Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով, փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
Սրա հետևանքով Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ արդեն 33 օր Արցախը լիակատար շրջափակման մեջ է, այս ընթացքում Ադրբեջանը վնասել է Արցախը սնուցող էլեկտրագիիծը, ինչի հետևանքով Արցախի ողջ տարածքում հովհարային անջատումներ են: