ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ
Կանխատեսելի ճգնաժամերի, ողբերգությունների և զոհերի չորսուկես տարի, բայց հրաժարական տալ ոչ ոք մտադիր չէ
Առավոտյան պաշտպանության նախարարությունը ցնցեց հաղորդագրությամբ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում, «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում» բռնկված հրդեհի հետևանքով «նախնական տվյալներով» զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ավելի ուշ դատախազության մամլո հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ վիրավորները 7-ն են. հոսպիտալ են տեղափոխվել 6 ժամկետային զինծառայողներ և մեկ սպա:
Առավոտյան կառավարության նիստում հայտարարվեց նաև, որ հրդեհը բռնկվել է «անվտանգության կանոնների խախտման» պատճառով, մասնավորապես՝ կացարանը ջեռուցվել է բենզինի վառարանով:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հասկանալով, որ այս ողբերգությունը հարցեր կառաջացնի իր՝ որպես պաշտպանական գերատեսչության ղեկավարի բանիմացության վերաբերյալ, շտապեց մեղավորներ նշանակել. հաշված ժամերի ընթացքում, առանց որևէ քննության ու հետաքննության, զբաղեցրած պաշտոններից ազատվեց բանակային կորպուսի, ըստ էության, ողջ ղեկավարությունը. կորպուսի հրամանատարը, կորպուսի շտաբի պետը, մարտական հերթապահության գծով կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետը և այլք: Բացի այդ, աշխատանքից հեռացվեց ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը:
Ի՞նչ կարելի է հասկանալ տեղեկատվության այս հեղեղից:
Նախ՝ այն երկրում, որտեղ միլիոնավոր դոլարներ են ծախսվել մայրաքաղաքի ամանորյա լուսավորության և տոնական ճոռոմ միջոցառումների վրա, զինծառայողները ստիպված են ձմռանը տաքանալ ինքնաշեն բենզինային վառարաններով։
Երկրորդ. դեպքի վայրից ստացված լուսանկարները ցույց են տալիս, որ այսպես կոչված «կացարանը» բառի բուն իմաստով կիսաքանդ անասնագոմ է գյուղում, այլ ոչ թե այն, ինչ նորմալ մարդը կարող է պատկերացնել՝ լսելով «զորամաս» բառը։
Մինչդեռ ՔՊ իշխող դաշինքի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ պաշտպանության նախարարի հրաժարականի հարցը «վաղաժամ է»: Ըստ նրա՝ պաշտպանության նախարարն ու իշխանությունները, իհարկե, քաղաքականապես պատասխանատու են երկրում տեղի ունեցող ամենի համար, բայց դա չի նշանակում, թե «մենք պետք է միանգամից քավության նոխազներ գտնենք ու ամբողջ մեղքը բարդենք մի մարդու վրա»։
Անհասկանալի է, թե ինչո՞ւ է կարելի միանգամից, առանց հետաքննության ու դատաքննության պաշտոնազրկել տասնյակ սպաների՝ ըստ էության ամբողջությամբ գլխատելով երկրորդ բանակային կորպուսը (որն առհասարակ պաշտպանում է հանրապետության արևելյան սահմանի մի մասը), իսկ այ պահանջել բանակում տիրող իրավիճակի համար անմիջական պատասխանատու պաշտոնյայի հրաժարականը՝ չի կարելի։
Ամեն դեպքում կարևոր է հասկանալ, որ այսօրվա ողբերգությունը, ավաղ, ոչ թե արտառոց, այլ միանգամայն օրինաչափ և կանխատեսելի իրադարձություն է։ Պաշտպանության ողջ համակարգի փլուզումը՝ մարտի դաշտում աղետալի պարտություններից մինչև ոչ մարտական ահռելի կորուստներ, պետական ինստիտուտների փլուզման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության անմիջական հետևանքն է, որոնց մեջ նա վտանգ է տեսնում իր անձնական իշխանության համար։
2018-ի մայիսին իշխանության գալու առաջին իսկ օրերից Փաշինյանի սկսած անվերջ կադրային աթուրման ինչպես պաշտպանության նախարարությունում և ԶՈՒ-ում, այնպես էլ ԱԱԾ-ում, ԱԻՆ-ում, ոստիկանությունում, անվերջանալի վերադասավորումներն ու «բարեփոխումները» չէին կարող հանգեցնել այլ բանի, քան փլուզման։
Մի քանի չոր փաստեր. 5 տարուց էլ պակաս ժամանակահատվածում երկրորդ բանակային կորպուսում փոխվել է երեք հրամանատար։ Այլ կորպուսներում էլ իրավիճակը բնավ ավելի լավ չէ: Ասենք, ինչո՞ւ միայն կորպուսների հրամանատարները: Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ զինված ուժերում փոխվել է գլխավոր շտաբի 5 պետ, ընդ որում 2022 թվականին ամբողջ հինգ ամիս հայկական բանակն ընդհանրապես գլխավոր շտաբի պետ չի ունեցել։
Ոչ մի պետական համակարգ չի կարող արդյունավետ գործել արհեստականորեն առաջացրած մշտական ճգնաժամերի պայմաններում։ Ուստի ողբերգությունների ու զոհերի շարանը չի դադարի, քանի դեռ չի չեզոքացվել այդ ճգնաժամերի աղբյուրը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի անձնիշխան ռեժիմը։