Ժաննա Անդրեասյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի փակման հետևանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է երկու երկրների միջև միջպետական հարաբերությունները և առաջիկայում սպասվող ծրագրերը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարը հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում։ Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը։
Այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն է»,– ասել է նախարարը:
ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը:
«Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում»,– նշված է հաղորդագրությունում:
Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը։
Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Ի պատասխան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:
Sputnik Արմենիա