ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Կան մի շարք նախադրյալներ հայ-թուրքական հակամարտության մեջ, որոնց իմացությունը կարևոր է:

Առաջին: Խուսափել կամ փախչել պայքարից չի ստացվի: Թշնամին ուժեղ է, սակայն հենց այս պատճառով վերջինս չի պատրաստվում պայմանավորվել:

Երկրորդ: Պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ չի ստացվի: «Ինչու՞» հարցի պատասխանը ստանալու համար ծանոթացե՛ք Հայկական նախագծի զեկույցին:

Երրորդ: Ագրեսորին խաղաղեցնելու (դե-ֆակտո իշխանությունների խաղաղության օրակարգի) քաղաքականությունը արդեն ցույց է տվել, որ բերելու է նոր պատերազմներ, ագրեսի և օկուպացիա: Դա կանխատեսելի էր և կանխատեսվել էր:

Չորրորդ: Արցախի հարցը միայն արցախցիների խնդիրը չէ: Դա հայկական պետականության (Հայաստանի Հանրապետության) գոյաբանական հարցն է և հայ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու հարցը: Սա այն պարադիգմն է, որի շրջանակներում գործում են Թուրքիան և Ադրբեջանը: Նույն կերպ նրանք գործել են նաև 1918-1922 թթ.: Նպատակները չեն էլ թաքցվում. ամբողջ Հայաստանը հայտարարվում է որպես պատմական Ադրբեջան, ուր և պատրաստվում է «վերադառնալ» Ալիևը:

Թուրքիան և Ադրնեջանն իսկապես ուզում են ոչնչացնել հայկական պետականությունը: Եվ որքան շուտ հասկանան դա Հայաստանի բնակիչները, այնքան մեծ է հավանականությունը, որ պետականությունը կփրկվի:

Անհրաժեշտ է հասկանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել Հայաստանը ոչ այն պատճառով, որ, իբրև թե, զգում են նույն վտանգը Հայաստանի կողմից, ինչպես նշում է դե-ֆակտո իշխանության ղեկավարը: Հայաստանը երբևէ չի պատրաստել և չի հայտարարել Ադրբեջանը ոչնչացնելու ծրագրերի մասին, հայ պետական գործիչները առաջ չեն քաշել տարածքային պահանջներ Բաքվի նկատմամ:

Ռեսուրսների տեսանկյունից ևս իրատեսական չէ պատկերացնել, որ Հայաստանը կարող է ոչնչացնել Ադրբեջանը և Թուրքիան:

Իսկ վերջիններս երկուսով միանգամայն կարող են անել դա և գործադրում են ամեն ջանք այդ ուղղությամբ:

Համեմատության համար նշենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի ՀՆԱ-ը գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն ավելի քան 50 անգամ, իսկ բնակչությունը` ավելի քան 30 անգամ:

Հինգերորդ: Որքան արագ հանձնի Փաշինյանն Արցախը, այնքան ավելի շուտ կգա Սյունիքի հերթը: Իսկ հետո կփակվի նաև Երևան տանող ճանապարհը:

Արցախի և Սյունիքի հարցը Երևանի հարցն է: Հանձնելով Արցախը հանձնվում է նաև Երևանը:

Պայմանավորվել հնարավոր չէ, իսկ հնարավո՞ր է արդյոք ապրել և զարգանալ` չնայած կոնֆլիկտին. այո՛:

Նշանակու՞մ է դա արդյոք մշտական պատերազմներ. ո՛չ:

Շատ երկրների փորձը, այդ թվում նաև Իսրայելի և Հայաստանի, ցույց է տալիս, որ կարելի է ապրել նաև չլուծված կամ նույնիսկ միջնաժամկետ պայմաններում չլուծվող կոնֆլիկտի պայմաններում: Եվ այդ պայմաններում հնարավոր է խուսափել լայնամասշտաբ պատերազմից:

Դրա համար անհրաժեշտ է`

1 Հասկանալ և ընդունել վերոնշյալ պայմանները

2 Ստեղծել պետություն, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին: Պետության անկման և ցեղասպանության վտանգի առջև կանգնած են թվով շատ քիչ պետություններ: Այդ պատճառով անհրաժեշտ է, հիմնվելով նրանց փորձի և գիտելիքների վրա, ստեղծել սեփական մոդելը: Խոսքը միայն ռազմաարդյունաբերական համալիրի և բանակի մասին չէ, այլ ամբողջ պետության:

3 Ստեղծել կամ ամրապնդել արտաքին կապեր պետությունների հետ, որոնց հետ կան ընդհանուր շահեր: Միայն ուժերի ռազմաքաղաքական բալանսը կարող է զսպել ագրեսիան:

4 Անհրաժեշտ է ունենալ նպատակ` կոտրել թշնամու ագրեսիա հրահրելու ցանկությունը: Հայաստանը կանգնած է ցեղասպանության շեմին: Պետք է մեծ ջանքեր գործադրել, ավելի մեծ, քան կգործադրեին այն երկրների պետական ապարատը և բնակիչները, որոնք կանգնած չեն այդպիսի վտանգի առջև:

Կարեն Իգիթյան, կովկասագետ

HayAliq.com