Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ԻՆՉԻՆ ՀԱՋՈՐԴԵԼՈՒ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք շատ ցավալի կորուստներ ունենք՝ մեր երիտասարդ և անմեղ զինծառայողներն իրենց կյանքով են հատուցում քաղաքական իշխանության անպատասխանատվության, ոչ կոմպետենտության և անգործության համար։ Մենք ունենք խոր համակարգային ճգնաժամ, որը մեր հասարակության զգալի մասը կա՛մ չի գիտակցում, կա՛մ համակերպվել է դրա հետ։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Ազատ գյուղում զինծառայողներն ապրել են մի կացարանում, որը չէր համապատասխանում հակահրդեհային անվտանգության կանոններին, դրա համար անգամ ձերբակալված կա։ Բայց ինչպե՞ս է բռնկվել հրդեհը, կամ ինչո՞ւ է սպան գիշերային ժամին բենզին օգտագործել, ինչո՞ւ է վառարանը դրվել դռան դիմաց։ Ամեն մեկը մի պատմություն է պատմում, բայց սենսացիաները մի կողմ թողնելով՝ պետք է հասկանալ, թե ինչպե՞ս է մեր բանակում նման մեծածավալ կորուստը հնարավոր դարձել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

 

«Վարչապետը ողբերգությունից ժամեր անց ոչ թե պատասխանատվություն է ստանձնում, այլ արդարանում է և մեղավորներ նշանակում։ Այս ամենի համար գոյություն ունի քաղաքական պատասխանատվություն։ Պաշտպանության նախարարը և նրա տեղակալները քաղաքական պաշտոնյաներ են, նրանք պետք է քաղաքացիական վերահսկողություն ապահովեն բանակի նկատմամբ։ Ե՛վ վարչապետը, և՛ պաշտպանության նախարարը ձախողել են։ Նորմալ երկրում նման վիճակը կբերեր կառավարության հրաժարականի։ Բայց մեզ մոտ ժողովրդավարական քողի տակ կառավարում է փաստացի հակաժողովրդավարական մի վարչակարգ։ Մասնավորապես, դատական իշխանությունն ամբողջապես ենթակա է քաղաքական իշխանությանը»,- ասաց հասարակական գործիչը:

«Հասարակությունը պետք է կազմակերպվի և ստեղծի կառույցներ, որոնք ընդդիմանում են այս իշխանությանը, այլապես որևէ կերպ չենք կարող նրանցից պատասխանատվություն պահանջել, նրանք շարունակելու են քմծիծաղել մեզ վրա։ Համակարգային այս խնդրի հիմքում այն է, որ ՊՆ ներկայիս ղեկավարությունը կոմպետենտ չէ ռազմական ոլորտում։ Մինչդեռ բանակը ՀՀ ամենամեծ կազմակերպությունն է՝ ամենամեծ թվակազմով, և բանակը պետք է կառավարեն միջինից շատ ավելի բարձր գիտելիքներ և փորձառություն ունեցող մարդիկ։ Զորքերը նահանջել են երբեմնի զորամասից, նրանց տեղակայել են ժամանակավոր կացարանում, բայց ո՞վ կարող է բացատրել, թե, օրինակ, ինչո՞ւ էին պատուհանները ճաղապատ։ Սա նշանակում է, որ բանակում ամենաթողության մթնոլորտ է ձևավորվում, դրա պատճառներից մեկն էլ համատարած անվստահությունն է, արդյունքում՝ սպաները դեմոտիվացված են, բարձիթողի վիճակ է»,- նշեց Ավետիք Չալաբյանը:

Հասարակական գործչի կարծիքով՝ Փաշինյանն Արցախի թիվ մեկ թշնամին է, նա եկել է Արցախը հանձնելու օրակարգով. «Արցախի հանձնումը զուտ հայ-ադրբեջանական խնդիր չէ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում է՝ Անդրկովկասում ռուսական ազդեցության նվազեցման նպատակով։ Փաշինյանի նպատակն ի սկզբանե եղել է իր տերերին՝ արևմտյան տարբեր ուժային կենտրոններին օժանդակելը Ռուսաստանին Հայաստանից դուրս բերելու հարցում։ Եթե մենք չկարողանանք Փաշինյանին խանգարել, նա կհանձնի ամբողջ Արցախը։ Նա այն կհանձներ նոյեմբերի 9-ին, եթե նրան չխանգարեին մեր բանակը, Ռուսաստանը և այլ ուժեր։ Նա Հայաստանն ու Արցախը տարավ գիտակցված պարտության, բայց հնարավոր եղավ փրկել Արցախի գոնե մի մասը։ Հիմա Փաշինյանը, օգտվելով Ռուսաստանի դժվար կացությունից, ընդդիմադիր հասարակության հոգնածությունից, Արևմուտքի շահագրգռությունից՝ չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում, փորձում է արագացնել այս գործընթացը»:

«Հարցն այն է, թե մենք համաձա՞յն ենք, որ այսօր հանձնվի Արցախը, վաղը՝ Սյունիքը, Հայաստանն աստիճանաբար թուրքացվի։ Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը, հանգեցնում է դրան, թուրքական աշխարհը մեզ աստիճանաբար կուլ է տալու։ Հայաստանը Փաշինյանի ձեռքերով ուզում են խլել մեզնից։ Չկա որևէ խոստում, որը նա տվել է և չի խախտել, նա պրոֆեսիոնալ ստախոս է։ Փաշինյանն օփիումի, հաշիշի պես կառավարում է մարդկանց մեծամասնությանը։ Հինգ տարի է՝ մենք անընդհատ կորուստներ ենք կրում։ Եթե երկրի սահմաններն անընդհատ կրճատվում են, ո՞ւմ է պետք մեկ լրացուցիչ գործարանը կամ բանկը։ Ժամանակին հայերը Ստամբուլում և Բաքվում էլ էին հաջողությունների հասել, ո՞ւր են նրանք կամ նրանց հարստությունը։ Ամենահիմնարարն անվտանգությունն է, ոչ թե հարստությունը»,- ամփոփեց Ավետիք Չալաբյանը:

168.am