ՀԱՇՎԻՉԻ ԽՂՃԻՆ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարե] լրագրողներին, թե մարդիկ Հայաստանում այսօր ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ: Տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս: Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որ կա մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում: Մենք կարող ենք անգամ երկնիշ գործազրկության վիճակից դուրս գանք»,- ասաց նա։ Քերոբյանը նաև նշեց, որ երկրում բացվել է մոտ 37 հազար նոր իրավաբանական անձ, որոնցից 12 հազարը ՓԲԸ-ներ են կամ ՍՊԸ-ներ, ընկերությունների ճնշող մեծամասնությունն ունեցել է շրջանառության աննախադեպ աճ:

Նա ընդգծե] նաև, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 14,2% տնտեսական ակտիվություն, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 15 տարվա ընթացքում։ «Նաև բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, մոտավորապես 4620 դոլարից կհասնենք 6700-6800 դոլարի, որը նշանակում է, որ դասվում ենք այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր երկրում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն և մենք կարողանանք մեր երկրիը դառնա ավելի լավ ենթակառուցվածքներ ունեցող երկիր»,- նշեց նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ակնհայտորեն չարժե, որ Քերոբյանը փորձի փաստարկներ գտնել իր լավատեսական գնահատականների համար։ Ավելի լավ է ասել, թե մեզ մոտ ամեն ինչ գերազանց է և պապանձվել։ Բայց ոչ, նա փորձում է հիմնավորել ասածը և ստացվում է առավել քան պարադոքսալ պատկեր։

Ահավասիկ նախարարը պնդում է, թե անցած տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 37 հազար իրավաբանական անձ։ Թե որտեղից է նա վերցրել այդ թիվը՝ դժվար է ասել, բայց վիճակագրական կոմիտեն արձանագրում է, որ 2022 թվականի նոյեմբերին (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռ չեն հրապարակվել) երկրում գրանցված կազմակերպությունների, այսինքն այդ իրավաբանական անձանց թիվը կազմել է 63 877։ Նախորդ՝ 2021 թվականին, այդ ցուցանիշը նոյեմբերին եղել է 57 067 մակարդակում։ Հետևաբար՝ ստացվում է, որ անցած տարի իրավաբանական անձանց թիվն աճել է 6810-ով։ Սա թվաբանություն է տարրական դասարանների համար: Այն, որ Քերոբյանին հաջողվել է հայտնաբերել 37 հազար կազմակերպություն, մնում է նրա հաշվիչի խղճին։

Ասենք, միայն այս հարցում չէ, որ հաշվիչը սաստիկ «քաշել է» էկոնոմիկայի նախարարին։ Դատեք ինքներդ: Նույն վիճկոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աշխատողների թիվը նախորդ տարվա նոյեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 36268-ով։ Քերոբյանի վարկածով ստացվում է, որ երկրում բացված տարբեր կազմակերպություններն ավելի շատ են (37 հազար), քան այնտեղ աշխատող մարդիկ։ Այսինքն միջին հաշվարկով՝ յուրաքանչյուր նոր իրավաբանական անձ աշխատանքով ապահովել է մեկից պակաս մարդու։ Եվ ինչպես պնդում է Քերոբյանը, այդ իրավաբանական անձանց գերակշիռ մասը շրջանառության աննախադեպ աճ է ցուցաբերել։ Ասել է թե՝ ակտիվորեն աշխատել են։ Թե ինչպես կարող է ընկերությունն առանց նույնիսկ մեկ լիարժեք աշխատողի աննախադեպ ավելացնել շրջանառությունը, նախարարը, բնականաբար, չի հստակեցնում։

ԱՅԺՄ՝ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՄԱՐԴԻԿ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՊՐԵԼ, ԵՎ ԱՃԵԼ Է ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՀՆԱ-Ն։ Եթե հիմք ընդունենք նախարարի ներկայացրած թվերը, ապա ստացվում է, որ անցած տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 46%-ով։ Այո, դա տպավորիչ աճ է: Բայց, չգիտես ինչու, այդպիսի աճին բոլորովին չի համապատասխանում աշխատավարձերի աճը։ Դա (աշխատավարձերի աճը) կազմել է 22%։ Ուրեմն ինչո՞ւ են, «հաշվի առնելով տնտեսական աճի ներառականությունը», աշխատավարձերի աճի տեմպերը կրկնակի հետ մնում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի տեմպից:

Մեկ այլ նրբերանգ այս համատեքստում դժվար է անուշադրության մատնել։ Երբ նախարարն ասում է, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, քան մեկ տարի առաջ, չի հստակեցնում, թե ինչ մարդկանց է վերաբերում ասվածը։ Տվյալ դեպքում մի կողմ թողնենք պատգամավորների, նախարարների, տարբեր տրամաչափի պաշտոնյաների, նրանց ընտանիքների, ազգականների, ընկերների, ուժային կառույցների աշխատակիցների կյանքի որակի էական բարելավման փաստը։ Նրանց, ում կյանքը պարգևավճարային ռեժիմով ակտիվորեն բարելավում է այս իշխանությունը: Նայենք կյանքի որակի առաջընթացին, համապատասխանաբար՝ աշխատանքի վարձատրությանը տնտեսության տարբեր ոլորտներում: Եվ ահա այստեղ դուք կարող եք նկատել մի հետաքրքիր առանձնահատկություն։

Աշխատավարձերի ամենաէական աճն արձանագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և ապահովագրական գործառնությունների ոլորտներում։ Այսպես, ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերն աճել են 38%-ով, իսկ ֆինանսիստների ու ապահովագրողների աշխատավարձերը՝ 74%-ով։ Մյուս ոլորտներում աշխատավարձերի աճը զգալիորեն ավելի համեստ է. 10-15%, ինչն էլ խժռվում է գների համատարած աճով։ Սկզբունքորեն վատ չէ, որ աշխատողների որոշակի կատեգորիա սկսել է ավելի լավ ապրել։ Այլ հարց է, որ նրանք, ում բախտն այդչափ բերել է, ընդամենը 43 հազար են։ Դա աշխատող և վաստակող քաղաքացիների ընդհանուր թվի ընդամենը 6%-ն է։ Այսպիսով, երբ Քերոբյանը պնդում է, թե «մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ», աշխատող մարդկանց 94%-ին դա չի վերաբերում։

Եթե էկոնոմիկայի նախարարը նորմալ հաշվիչ ունենար, ապա գուցե փոքրիշատե նորմալ լիներ տնտեսական իրականության նրա գնահատականը։ Այստեղից՝ եզրակացություն, ավելի ճիշտ՝ կառավարությանն ուղղված կոչը. հաշվի՛չ գնեք մարդու համար: Դե, և բացատրեք, որ 100%-ի մեծ մասը ոչ թե 6%-ն է, այլ 94%-ը: