Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ «ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ՀՆՉԵՑԻՆ». Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանից (Հաագա), որտեղ օրեր առաջ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը որևէ դրական ակնկալիք չունի: Ավելին՝ ընդգծում է, որ անհանգստացնող ու վտանգավոր ձևակերպումներ հնչեցին:

 

«Բերձորի միջանցքը բացելու տեսանկյունից որևէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ: Համոզված եմ, որ և՛ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», և՛ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերը մերժվելու են: Անշուշտ, հավասարության նշան այստեղ բոլորովին չի կարելի դնել: Ադրբեջանի՝ ամբողջովին հնարածին ու ստի վրա կառուցված հակընդեմ հայցը պետք է իսկապես մերժվի և այն մերժվելու է: Բայց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի մասով հնչեցին շատ անհանգստացնող ու վտանգավոր ձևակերպումներ: Թեպետ պարզ է բոլորի համար, որ այնտեղ բնապահպաններ չկան, բայց հստակ հնչեցվեց պնդում, որ «նրանց ցրելն ամբողջովին կհակասի միջազգային իրավունքին»: Սա շատ անհանգստացնող հանգամանք է: Դրանով, փաստորեն, իրենք արդարացնում են ամբողջովին հնարած, ստի վրա կառուցված գործողությունները, որոնցով Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում ԼՂ բնակչությանը»,-Armenia Today-ի հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ինչ վճիռ էլ կայացնի Հաագայի դատարանը, այն խորհրդատվական բնույթ է կրելու. «Սպասվելիք որոշումներից որևէ կտրուկ փոփոխությունների ակնկալիք ես չունեմ»:

Լարիսա Ալավերդյանը, միևնույն ժամանակ, չի կիսում այն կարծիքները, թե իրավական հարթության մեջ լուծումներ առհասարակ չկան: Նա խնդիրն այլ տեղ է տեսնում: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ խնդիրն Արցախի հարցում ՀՀ կառավարության քաղաքականության մեջ է:

«Ի՞նչ է նշանակում էթնիկական զտում, ի՞նչ է նշանակում շրջափակում: Ադբեջանի կողմից Թուրքիայի ղեկավարմամբ ցեղասպանական գործողություններ են տեղի ունենում: Որևէ անգամ որևէ դատական, նաև պաշտոնական հարթակներում ՀՀ-ն չի ձևակերպել, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել: Այս ձևակերպումներն արվել են ճառերի մակարդակում, բայց քաղաքական օրակարգի հարց չեն դարձել: Էթնիկական զտում եզրույթով հանդես գալն ինձ համար ընդունելի չէ: Սա նշանակում է, որ հայերն Ադրբեջանում որպես հայ ժողովրդի մաս չեն դիտարկվում, այլ համարվում են «էթնիկական փոքրամասնություն՝ Ադբեջանում»: Էթնիկական զտում եզրույթն այլափոխում է այն պայքարի իմաստը, որն արցախցիները տանում են 1988-ից»,-հավելեց Լ. Ալավերդյանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի դատարանը լսել էր Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ Հունվարի 23-ին հայկական կողմը դիմել է Միջազգային դատարան՝ կապված Ադրբեջանում ռասայական խտրականության դրսևորումների հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Աննա Բադալյան, Armenia Today