ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ԳԵՆԵՐԱԼԻՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Զինվորը հրաժարվեց դատել գեներալին

Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի գործով դատաքննությունը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի փակ դռների հետևում ձգվեց մոտ երկու տարի, մտել է եզրափակիչ փուլ: Գրեթե բոլոր վկաներն արդեն հարցաքննված են, մնացել է միայն դատարանի որոշումը:

ՀԻՇԵՑՆԵՄ, ՈՐ ԱԱԾ-Ն ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԵՋ։ Խոսքը 44-օրյա պատերազմի մի շարք դրվագների բացահայտումների մասին է։ Ի սկզբանե գործը հանձնվել էր դատավոր Վաչե Մարգարյանին, բայց նա հայտարարեց, որ ինքը գեներալի զինվորն է եղել և նույնիսկ խրախուսանք է ստացել նրանից ծառայության համար, այնպես որ գործը փոխանցեցին դատավոր Մանվել Շահվերդյանին։ ԱՄՆ-ում նման դրվագի թեմայով անպայման հայրենասիրական ֆիլմ կնկարահանեին, գլխավոր դերում կլիներ գեներալը, որն ասաց ճշմարտությունը, երբ բոլորը լռում էին…

Գլխավոր շտաբի նախկին պետի սենսացիոն բացահայտումները հնչեցին կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին Հակոբյանը հրապարակեց 44-օրյա պատերազմի ընթացքում «գերագույն գլխավոր հրամանատարի» արձակած խայտառակ որոշումների փաստերը, որոնց մասին մենք բազմիցս պատմել ենք մեր ընթերցողներին։

Ոչ մի բառը կասկածի տակ չի դրվել

Մինչ ընթանում էր քննությունը և շարունակվում դատաքննությունը, ռեժիմի պարագլուխը հույս ուներ, թե մեղադրանքը կստիպի գեներալին լռել, բայց Հակոբյանը չէր լռում, այլ ասում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր համարում։

Այս ընթացքում գեներալի տված ոչ մի գնահատական, ռեժիմի պարագլխին հասցեագրված ոչ մի մեղադրանք չի վիճարկվել զինվորականներից որևէ մեկի կողմից. Հակոբյանի հեղինակությունը զինված ուժերում չափազանց բարձր է։ Միայն Փաշինյանի քարոզչամեքենայի քութիկներն էին, որ փորձեցին աղմկահարույց բացահայտումները վերագրել «գերագույն գլխավոր հրամանատարից» Հակոբյանի նեղացածությանը՝ մարտական գործողությունների ղեկավարումից իրեն հեռացնելու համար։

Փաշինյանի այդ որոշումը կապված էր իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հրամանատարական կետի այցելության հայտնի դրվագի հետ, ուր նա ժամանել էր մարտական գործողությունների թեժ պահին՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի ուղեկցությամբ։ Հակոբյանը վարչապետի կնոջն ասել էր, որ հրամանատարական կետում կողմնակի անձանց ներկայությունն արգելված է։ Հակոբյանի հեռանալուց 4 ժամ անց փորձառու գեներալին կանչեցին Երևան և հեռացրեցին մարտական գործողությունների ղեկավարումից։

Հակոբյանի բացահայտումների թվին է պատկանում մարտական գործողությունների 3-րդ օրը զորահավաքային ռեզերվի համալրումը դադարեցնելու փաստը, այդ որոշումը կայացվել է Փաշինյանի կողմից և մեծ թվով մահերի պատճառ դարձել։ 2021թ.մայիսի 12-ին Հայաստանի մի քանի մարզերի տարածքների բռնազավթումից հետո Հակոբյանն առաջինը մեկնաբանեց զավթիչների կողմից հայկական համայնքների գնդակոծման փաստերը։ Խոսքը, մասնավորապես, նույն թվականի հուլիսին Երասխի գնդակոծության մասին է, երբ վիրավորվել էր գյուղապետը։ «Հասարակությանը փորձում են նախապատրաստել այն բանին, որ մեզ պատերազմ պետք չէ, ավելի լավ է տևական խաղաղություն ունենանք՝ մեր Հայրենիքից մաս-մաս պոկելու ու թշնամուն հանձնելու գնով»:

Մոլեռանդ հալածանք

Հակոբյանն առաջինը մատնանշեց ԶՈՒ զարգացման 2018-2022թթ. ծրագրի փոփոխության փաստը, որը հաստատվել էր դեռևս նախկին իշխանության օրոք՝ 2017-ին: Նա պատմեց, որ ծրագրի փոփոխությունները վերաբերել են գնման ենթակա սպառազինությանը, ներառյալ «Սու-30» ինքնաթիռներին: «2016 թվականից ինձ համոզում էին, որ «Սու-30» գնեմ, բայց ես չեմ համաձայնել և երկրի նախագահին հիմնավորել եմ իմ դիրքորոշումը»,- հայտարարեց գեներալը: «Ես անձամբ վարչապետին ասել եմ, որ դուք պատասխան եք տալու սրա համար»,- լրագրողներին պատմեց Հակոբյանը, մատնանշելով, որ Փաշինյանի ռեժիմի ձեռք բերած զինատեսակները չեն գործարկվել 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանք ոչ մի անգամ չեն կրակել…

Հակոբյանն առաջինը ասաց ճշմարտությունը՝ գերազանց գիտակցելով, որ դրան հաջորդելու են հալածանքի տարիներ։ Հալածանքի ենթարկվեց Գլխավոր շտաբի ևս մեկ նախկին պետ՝ Օնիկ Գասպարյանը։ Պատերազմի 4-րդ օրը նա Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել նախազգուշացմամբ, որ ժամանակն է դադարեցնել ռազմական գործողությունները՝ մարդկային մեծ կորուստներից խուսափելու համար։ Հալածանքների է ենթարկվում նաև պաշտպանության նախկին նախարար գեներալ Սեյրան Օհանյանը…

Բարձրաստիճան զինվորականները, որոնք հանդես են եկել ռեժիմի պարագլխի հասցեական քննադատությամբ, այնքան էլ շատ չեն։ Շատերը նախընտրեցին լռել նույնիսկ այն ժամանակ, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաալիքներից մեկի եթերում բացահայտեց կառավարության կողմից շուկայականից զգալիորեն բարձր գնով զրահաբաճկոնների գնման աղաղակող փաստը։ ՀՀԿ առաջնորդը բարձրաձայնեց, որ գործադիրը պատերազմի հաշվին լցրել է սեփական գրպանը։ Զրահաբաճկոնները գնել է կառավարությունը, այլ ոչ թե ՊՆ-ն։ Ոչ ոք չարձագանքեց Փաշինյանի 2021 թվականի փետրվարի 23-ի սկանդալային հայտարարությանը, թե «Իսկանդերների» արկերը կամ ընդհանրապես չեն պայթել, կամ պայթել են 10 տոկոսով։ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հեռացվեց պաշտոնից այն բանի համար, որ ծիծաղեց՝ ի պատասխան հիշյալ արկերի մասին Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։

Կապիտուլյանտի այդ հրամանը հիմք հանդիսացավ իր հրաժարականի պահանջով 40 գեներալների 2021թ. փետրվարի 25-ի հայտարարության համար։ Այդ ժամանակից ի վեր Գասպարյանը հետապնդումների է ենթարկվում ռեժիմի կողմից, ինչպեսև Հակոբյանը, որը սակայն, ի տարբերություն Գասպարյանի, շարունակում է ասել ճշմարտությունը։ Նույն կերպ է վարվում նաև Օհանյանը, բայց արդեն խորհրդարանի ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարի դերում, այսինքն հանդես է գալիս որպես քաղաքական գործիչ։

Անդրադարձ հարցի պատմությանը

1993թ. հուլիսի 21-ը համարվում է Արցախյան առաջին ազատամարտի գրոհային երկրորդ փուլի մեկնակետը: Պաշտպանության բանակի ճնշման արդյունքում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին Կենտրոնական պաշտպանական շրջանի և այլ ստորաբաժանումների կողմից Աղդամի ուղղությամբ գրոհների զարգացման համար։

Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները երեք թևով շարժվեցին Ղասմլու երկաթգծի և Մարտունի-Աղդամ ճանապարհի ուղղությամբ, որտեղ ճնշեցին հակառակորդի կրակակետերը: Հարավ-արևելքից Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները՝ Նելսոն Սողոմոնյանի և Մովսես Հակոբյանի հրամանատարությամբ, հարձակման անցան Աջարլիի, օդանավակայանի, Աղդամ-Աղջաբեդ ճանապարհի, ինչպես նաև Սարըջալի ուղղությամբ։ Նրանք վնասազերծեցին կրակակետերը, վերահսկողություն հաստատեցին Աղդամի ճանապարհների վրա։

ՀԳՈՒ շտաբի պետ Անատոլի Զինևիչը բարձր է գնահատել այդ գործողությունը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում (21. 09. 2000 թ.): Աղդամի ռազմական գործողության շնորհիվ դադարեցվեցին Ստեփանակերտի հեռահար հրթիռահրետանային գնդակոծությունները։ Այնուհետ հաջորդեցին Ֆիզուլիի ազատագրման և այլ գործողություններ Հակոբյանի մասնակցությամբ։ Արցախի հերոսի մարտական ուղու նույնիսկ հակիրճ տարեգրությունը հնարավոր չէ տեղավորել մեկ հոդվածի շրջանակներում։ Հետաքրքիր է, իսկ դատավորը, որը վճիռ է կայացնելու 2 տարի ձգվող այսպես կոչված քննության արդյունքներով, ինչ-որ բան գիտի՞ այդ մասին։

Հարցն այս, թեպետ, հռետորական է. Փաշինյանը չէր կարող ինքնահոսի թողնել գեներալի գործը, ուստի դժվար չէ ենթադրել, որ «գերագույն գլխավոր հրամանատարն» անձամբ կթելադրի դատավորին վճիռը՝ պատժելու համար գեներալին, քանզի նա «հրապարակեց» այն ամենակարևոր «պետական գաղտնիքը», որ 44-օրյա պատերազմը տանուլ է տվել ոչ թե բանակը, այլ դավաճանի ու կապիտուլյանտի ռեժիմը։