ՀՐԱԺԵՇՏԻ ՆՎԵՐ ԿՄԱՏՈՒՑԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՌՔԸ

Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու Ռուբեն Ռուբինյանի առաքելությունը մինչ օրս գործնականում անարդյունք է եղել։ Լոկ խոսակցություններ պայմանավորվածությունների մասին, որոնք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակում։ Բայց ահա այսօր Թուրքիայի կողմից Ռուբինյանի բանակցող գործընկեր Սերդար Քըլըչը մարդասիրական օգնության համար երախտագիտության խոսքեր է հղում Ռուբինյանին և ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին։

Ճիշտ է, շնորհակալություն է հայտնում հենց նրանց երկուսին, այն էլ ոչ թե պաշտոնական Անկարայի կամ թուրք ժողովրդի, այլ անձամբ իր անունից։ «Շնորհակալություն, թանկագին Վահան Կոստանյան, շնորհակալություն, թանկագին Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք ուղղված են սրա (օգնության-խմբ.) իրականացմանը։ Ես միշտ կհիշեմ Թուրքիայի երկրաշարժից տուժած տարածաշրջանում մեր ժողովրդի տառապանքները թեթևացնելու համար Հայաստանի ժողովրդի ուղարկած շռայլ օգնության մասին»,- գրում է Քըլըչը։

Այդուհանդերձ Թուրքիայի տուժած շրջաններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու Կոստանյանի և Ռուբինյանի ջանքերի համար Քըլըչի երախտագիտության այս խոսքերը շատերը գնահատեցին որպես իրական առաջընթացի նախանշան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ենթադրվում է, և ոչ անհիմն, որ անձամբ Ռուբինյանին և Կոստանյանին Քըլըչի հղած նույնիսկ անձնական երախտագիտության խոսքերը չէին կարող ասվել առանց Էրդողանի գիտության։

Էրդողանի բարեհաճ վերաբերմունքը Երևանի քայլերի նկատմամբ շատ կարևոր է Փաշինյանի համար։ Առհասարակ Փաշինյանի և Էրդողանի հարաբերություններն առանձին խոսակցության թեմա են։ Փաշինյանը շատ առումներով ձգտում է նմանակել Էրդողանին, որի պետական գործունեության մեջ գնահատում է կայունությունը սեփական դիրքերը պաշտպանելու հարցում, կոշտ հետևողականությունը Թուրքիայի ազգային շահերը պաշտպանելու գործում, իր՝ Էրդողանի ընկալմամբ։

Փաշինյանը փորձում է սովորել Էրդողանից։ Եվ եթե այսօր, լինելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցը, Էրդողանը տարածաշրջանում իրեն պահում է որպես անկախ խաղացող, ապա նույնը փորձում է անել նաև Փաշինյանը Մոսկվայի և ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Բայց եթե Էրդողանը, լինելով, պայմանականորեն ասած, Վաշինգտոնի թիմի անդամ, սեթևեթում է Ռուսաստանի հետ, ապա Փաշինյանը, լինելով կրկին իսկ պայմանականորեն ասած՝ Մոսկվայի թիմի անդամ, ջերմեռանդորեն սեթևեթում է Արևմուտքի հետ։

Էրդողանը հավանություն է տալիս Փաշինյանի գործողություններին։ Չմոռանանք, թե ինչպես 2021-ի գարնանը, Փաշինյանի համար ծանր օրերին, պաշտոնական Անկարան գրեթե ուղիղ տեքստով զգուշացրեց հայկական ընդդիմությանը. չհամարձակվե՛ք դիպչել Փաշինյանին ու երազել ռազմական հեղաշրջման մասին։ Փաստ չէ, թե Փաշինյանն այն ժամանակ կպահպաներ իշխանությունը, եթե չլինեին Էրդողանի կառավարության աջակցությունը և Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա Անկարայի ազդեցության լծակները։

Այլ հարց է Էրդողանի դժգոհությունն այն առնչությամբ, որ Փաշինյանը մինչև հիմա «միջանցք» չի տրամադրել իրեն։ Եվ այդ պատճառով էլ թուրք առաջնորդը կա՛մ ուղիղ տեքստով, կա՛մ Ալիևի միջոցով հաճառ է ասում Փաշինյանին, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի շահերի լիակատար հաշվառումով, Հայաստանի համար խաղաղություն չի լինի, պետք չէ հույսը դնել Մոսկվայի վրա։

Փաշինյանը համաձայն է այս մոտեցմանը, և հենց դրանով է բացատրվում նրա մեծ շրջադարձը դեպի Արևմուտք ու Անկարա։ Վտանգավոր խաղ ինչպես Հայաստանի, այնպես էլ անձամբ Փաշինյանի համար, որն ամեն ինչ պատրաստ է զոհաբերել հանուն իր «խաղաղ օրակարգի» հաղթանակի, բայց հասկանում է, որ Արցախի համար պայքարի 30 տարիներն անջնջելի են։ Հայ ժողովուրդը չի կարող միանգամից հրաժարվել այդ պայքարից, Փաշինյանը գիտի և հասկանում է, թե այդ վտանգավոր խաղում որքան անհրաժեշտ է իրեն թուրքական աշխարհի առաջնորդի աջակցությունը։

Փաշինյանին պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի գոնե մի չնչին բան գրանցի իր ձախողված կառավարման ակտիվում։ Էրդողանը դեմ չէ, բայց միայն «միջանցքի» տրամադրման և Արցախից Հայաստանի հրաժարման պայմանով։ Երկրորդ պայմանը կատարելու պատրաստակամություն Փաշինյանը հայտնեց, բայց առաջինի առումով ձգձում էր։

Սակայն, ինչպես ասում են, եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան ծրագրերիդ մասին։ Ակնհայտ է, որ երկրաշարժից հետո, այդչափ ծանր հարվածից հետո Էրդողանն արդեն այդ աստիճան հավակնոտ չէ։ Փորձագետները խոսում են Թուրքիայում նախագահական ընտրությունների նախաշեմին տրամադրությունների հնարավոր քաոսայնացման, ընդհանրապես համաշխարհային և մասնավորապես տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունից Անկարայի դուրս մնալու անխուսափելիության մասին: Կասկածելի է Էրդողանի հետագա քաղաքական ճակատագիրը։

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում մենք ականատես կլինենք ռուսական ազդեցության ուժեղացմանը տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում։ Ականատես կլինենք նաև Փաշինյանի թիմի դիրքերի թուլացմանը, որը, սակայն, հույսը չի կորցնում, որ քաղաքական ասպարեզից հեռանալուց առաջ իր կուռք և Թուրքիայի երկարամյա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այնուամենայնիվ կմատուցի Հայաստանի վարչապետի կողմից այնքա՜ն սպասված հրաժեշտի նվերը. ցամաքային սահմանի բացումը՝ չկապակցելով դա «միջանցքի» հարցի հետ։