ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ ՄՈՏ 8300 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ԱՊՐԱԾ ԴԵՌԱՀԱՍԻ ԱՐՏԱՔԻՆԸ
Մոտ 8300 տարի առաջ արտասովոր գանգով և կարճ հասակով մի դեռահաս, հնարավոր է, վազել է ժայռոտ ափի երկայնքով՝ ներկայիս Նորվեգիայի տարածքում: Այժմ Նորվեգիայի հարավում գտնվող Hå Gamle Prestegard թանգարանում ցուցադրված է քարե դարի 15-ամյա Վիստեգուտեն մականունով (նորվեգերենից թարգմանաբար նշանակում է «Վիստեից տղան») մի տղայի վերականգնված կերպարը՝ բնական չափերով, գրում է Live Science-ը։
Տղայի արտաքին տեսքի վերականգնումը տևել է մի քանի ամիս, սակայն հետազոտողները Վիստեգուտենի մասին գիտեն 1907 թվականից, երբ հնագետները հայտնաբերել են նրա մնացորդները մեզոլիթյան կամ միջին քարի դարի քարանձավում՝ Նորվեգիայի արևմտյան ափին գտնվող Ռանդբերգում:
15-ամյա դեռահասը մի քանի առանձնահատկություն ունի՝ նրա հասակը 1,25 մետր է, ինչը փոքր է համարվում նույնիսկ մեզոլիթյան ժամանակների համար, և, հնարավոր է, նա տառապել է սկաֆոցեֆալիայով՝ մի վիճակ, երբ գանգուղեղի մեկ կամ մի քանի կարերը վաղաժամ սերտաճում են։
Նախապատմական տղայի արտաքին տեսքը վերականգնելու համար արվել է գանգի երկու համակարգչային տոմոգրաֆիա, ինչը թույլ է տվել նորվեգացի գիտնականներին ստեղծել նրա պլաստիկ պատճենը՝ տպագրված 3D պրինտերով: