Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՇԱՑԱՆԿԸ ԿՄՆԱ ՆՈՒՅՆԸ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը մի քանի տարբերակիչ առանձնահատկություններ ունեն նախորդ գործընթացների համեմատ, սակայն դրանք չեն չեղարկում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հիմնարար մոտեցումները: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը իր Telegram-ալիքում՝ մեկնաբանելով Անկարայում երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի բանակցությունները։
Ինչպես գրում է փորձագետը՝ թե՛ հանդիպման նախօրեին, թե՛ դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ներում լավատեսական մեկնաբանությունների պակաս չկար, իսկ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Արարատ Միրզոյանի այցն Անկարա նույնիսկ «պատմական» էր անվանել: Բայց բանակցություններն ավարտվեցին, և բացի ցամաքային սահմանի ամբողջական բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման «ձգտման» մասին հերթական հայտարարություններից, հանրությունը ոչինչ չլսեց։
Այնուամենայնիվ, Միրզոյանի այցն արմատապես տարբերվում էր անցյալ տարի Թուրքիա կատարած այցից (Միրզոյանը 2022թ.-ի մարտին մասնակցել է Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովին- խմբ․)։ Մարկեդոնովը հիշեցնում է, որ երկիրը սարսափելի երկրաշարժ է վերապրել, իրադարձություն, որը ներառում է թե՛ մարդկային ողբերգություն, թե՛ սոցիալական աղետներ, թե՛ հասարակական-քաղաքական մարտահրավերներ։ Այս պայմաններում Երևանը չի լռել, հումանիտար բեռներ և փրկարարներ են ուղարկվել հարևան երկիր։ Եվ Երևանի այս ժեստերը դրական են ընդունվել նաև Անկարայում։
«Էմոցիոնալ-հոգեբանական ֆոնը կարևոր պայման է հաջող բանակցությունների, փոխշահավետ փոխզիջումների և զիջումների հասնելու համար։ Սակայն քաղաքականության մեջ միայն դրանով ամեն ինչ չի որոշվում։ Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են։ Նորմալացումը նրանց համար շքեղություն չէ, այլ անվտանգության և զարգացման կարևորագույն պայման։ Բայց այսօր պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, փոխարենը կան փաստացի փակ սահմաններ և փոխադարձ թշնամանքի բազմամյա ավանդույթ»,-նկատում է Մարկեդոնովը։
Քաղաքագետը մի փոքր պատմական էքսկուրս է անցկացնում հաշտեցման փորձերի վերաբերյալ։ Այսպես, առաջին փորձերն արվել են ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ 1992 թվականի հունիսին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ։
Թվում էր՝ «սառը պատերազմի» ավարտից, Արևմուտքի և Արևելքի գաղափարական առճակատման անհետացումից հետո Երևանն ու Անկարան շանս ունեին։ Բայց իրականում որոշ խնդիրներ վերացան, հայտնվեցին մյուսները: Եվ 20-րդ դարի առաջին քառորդի պատմության ողբերգական էջերի հետ մեկտեղ Հայաստանին ու Թուրքիային տարբեր ուղղություններով տարան արդիական իրադարձությունները՝ ռազմական բախումները Լեռնային Ղարաբաղում։
«Կարգավորման «երկրորդ ալիքը»՝ 2008-2010թթ.-ին, շատ առումներով հենց բուն հայ-թուրքական օրակարգը հայ-ադրբեջանականից տարանջատելու փորձ էր։ Չստացվեց: Եվ ինչպես կարող էր ստացվել, եթե Թուրքիայում ադրբեջանցիների թիվը գնահատվում է 3 միլիոն մարդ։ Նրանք թե՛ ընտրողներ են, թե՛ ակտիվ քաղաքացիներ, ու ոչ միայն մեծ աշխարհաքաղաքականության գործոն են, այլև ներքաղաքական սյուժե»,-նշում է նա։
Նորմալացման «երրորդ ալիքը» մեկնարկեց 2021 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Եվ կարևոր է հասկանալ, թե ինչով է այն սկզբունքորեն տարբերվում նախորդ երկուսից:
«Առաջինը տեղի էր ունենում այն պայմաններում, երբ Թուրքիան (հենց որպես հանրապետություն, այլ ոչ թե Օսմանյան կայսրություն) վերադառնում էր Կովկասյան աշխարհաքաղաքական խաղին։ Զգուշորեն, խարխափելով: Երկրորդը ղարաբաղյան հին ստատուս-քվոյի (1994-2020) պայմաններում էր, երբ Հայաստանը կարող էր ինչ-որ պայմաններ եթե ոչ թելադրել, ապա գոնե առաջ քաշել։ Այսօր Թուրքիան «ոտքը պնդացրել է» Կովկասում, իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի աղետալի պարտությունից հետո իրեն իրավունք է վերապահում թելադրել խաղի կանոնները։ Այստեղ էլ պատրանքներ պետք չեն»,-կարծում է քաղաքագետը։
Նա համոզված է, որ Հայաստանի ամենամարդասիրական (և հենց մարդկային բովանդակության պատճառով արդարացված) ժեստերը չեն չեղարկի թուրքական «հարձակողականությունը»։ Անկարան չի հրաժարվի ոչ Բաքվին աջակցելուց, ոչ էլ Հայաստանի հետ կարգավորման և հաշտեցման պայմանները հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հետ կապելուց։ Այս ամենը Թուրքիայի աշխարհաքաղաքական ճաշացանկում է մնալու։