«Ժողովուրդ»․ ՍՊԱ ԵՂԻՇԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՀԵՏՔԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Լրատվամիջոցին հայտնի են դարձել մանրամասներ սպայի տված ցուցմունքից:
«Սպան, որը երկար ժամանակ հրաժարվում էր ցուցմունք տալ, իրավապահներին հայտնել է, որ, այո՛, բենզինն ինքն է լցրել վառարանի մեջ, բայց անմիջապես կրակ չի բռնկվել, ինքը փոքր ուշ մոտեցել է վառարանին, որ տեսնի, թե ինչու կրակ չկա, ու այդ պահին վառարանից բոց է դուրս եկել: Կրակի պահից սպան բենզինի տարան դուրս է նետել, որի հետևանքով բենզինի մի մասը լցվել է դռան վրա ու դուռը բռնկվել է»,– գրել է թերթը:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` Եղիշե Հակոբյանը ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել զինվորներից ևս մեկը՝ Լևոն անունով, և իրենք միասին են գոռացել, աղաղակել, սակայն ընդամենը երկու զինվոր է դուրս եկել հրդեհվող տնից։
Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշել էր, որ սպան իր ցուցմունքում ասել է, թե ինքը և վերոհիշյալ զինվորը 15-20 րոպե գոռացել են։
Նա նշել է, որ Եղիշեի համար տարակուսելի է նաև հանգամանքը, որ ննջասենյակի վերջում գտնվող 2 զինվորները դուրս են եկել այնտեղից, իսկ մյուսները` ոչ։