ԻՆՉԻ՞ ՏԱԿ Է ՊԱՏՐԱՍՏ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

2023 թվականի փետրվարի 15-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։ Քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։

Հաջորդ օրը ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվին է փոխանցել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները։ Վարչապետը նշեց որոշ շարժեր և հայտարարեց, որ պատրաստ է իր վրա վերցնել այնպիսի պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը, որը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանին։

Հայտարարությունը մեկնաբանությունների ալիք բարձրացրեց: Բոլորն ուզում են իմանալ, թե ինչի մասին է խոսքը։ Կառավարությունը դեռևս չի հրապարակում Երևանի կողմից Բաքվին փոխանցված առաջարկները, սակայն տեղեկացնում է, որ դրանք փոխանցվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Վստահ ենք, որ Երևանի առաջարկների մասին տեղյակ է նաև ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որի հետ Փաշինյանը հանդիպել է երեկ Մյունխենում, որտեղ փետրվարի 17-19-ին տեղի է ունենալու Անվտանգության հարցերով մյունխենյան խորհրդաժողովը, որին մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Վստահ ենք, որ Երևանի առաջարկների բովանդակությանը տեղյակ է նաև պաշտոնական Անկարան, որտեղ վերջերս այցով գտնվում էր Արարատ Միրզոյանը։

Երևանի առաջարկները հրապարակված չեն, բայց ինչ-որ բան, կարծում ենք, պարզ է։ Խաղաղության պայմանագիրը հիմնվելու է Փաշինյանի և Ալիևի պրահյան համաձայնությունների վրա։ Այսինքն կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի տխրահռչակ հռչակագրի հիման վրա։ Ու թեև Երևանը վերապահումներով է վավերացրել այդ հռչակագիրը, այժմ դա քչերին է հետաքրքրում։ Ալմա-Աթայի հռչակագիրը դե ֆակտո փաստել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված անկախ հանրապետությունների միջև սահմանները նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններն են։

Այսպիսով, Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, Երևանը պատրաստ է դա ընդունել և պաշտոնապես ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ։ Դրանում զարմանալի բան չկա։ Ե՛վ Փաշինյանը, և՛ իր թիմի ներկայացուցիչները բազմիցս ասել են, ընդ որում՝ ուղիղ տեքստով, որ իրենց համար կարևորը Հայաստանի անվտանգությունն է, և եթե այդ նպատակի համար պետք է հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցելուց, Փաշինյանն ու թիմը պատրաստ են գնալ այդ քայլին։

Այժմ՝ «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության» հարցի վերաբերյալ, ինչպես ձևակերպում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Զիջումներ կանի՞ արդյոք Բաքուն այդ հարցում։ Հնարավոր է՝ որոշ զիջումներ կանի։

Այստեղ կա երկու գործոն։ Նախ՝ Արցախի շրջափակումը ցույց տվեց Ալիևին, որ այդ ճանապարհով արցախցուն անհնար է կոտրել։ Ալիևի գլխացավանքը միայն ավելացավ միջազգային հանրության ճնշումից, Բաքուն արդեն ստիպված է հումանիտար շարասյուներ բաց թողնել Արցախ, իսկ եղանակի տաքանալուն պես շրջափակման հետևանքներն էլ այդչափ դաժան չեն լինի։

Այնպես որ արցախցու կամքը, հնարավոր է, կստիպի Բաքվին որոշ զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը խաղաղ պայմանագրում արտացոլելու հարցում, ինչից նախկինում Բաքուն կտրականապես հրաժարվում էր։ Բայց ողջ խնդիրն այն է, որ Բաքուն կարող է նման զիջման գնալ, եթե դա մի ավելորդ անգամ ընդգծի Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։

Օրինակ, եթե խաղաղության պայմանագրում նշվի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հարցերն ապահովվելու են ըստ Ադրբեջանի սահմանադրության։ Մեջբերենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Այհան Հաջիզադեի վերջերս արած հայտարարությունը. «Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդ տարածաշրջանում ապրող հայկական ծագումով բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան։ Անթույլատրելի է Հայաստանի միջամտությունը հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացին, ինչը Ադրբեջանի ներքին խնդիրն է»։

Եթե Երևանը ստորագրում է նման դրույթ բովանդակող փաստաթղթի տակ, ուրեմն ընդունում է, թե Արցախի համար գլխավոր օրենքը Ադրբեջանի սահմանադրությունն է... Գուցե հենց սա՞ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով, որ խաղաղության պայմանագիրը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանին։ Եվ որ ինքը՝ Փաշինյանը, պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունը նման փաստաթղթի տակ ստորագրելու համար։

Ավելին, հանուն Հայաստանի «անվտանգության»՝ Երևանը, ի դեմս Փաշինյանի, ակնկալում է, որ ապագա խաղաղության պայմանագրի, իսկ սույնով՝ Արցախն անվերապահորեն Ադրբեջանի մաս ճանաչելու երաշխավորների դերում հանդես գան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, Եվրամիությունը, ինչպես նաև Թբիլիսին, որտեղ, ինչպես վաղուց խոսակցություններ են շրջում, նախատեսվում է ստորագրել պատրաստվող խաղաղության պայմանագիրը։

Ստորագրել հանդիսավորությամբ, ինչպես ժամանակին Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի և Բրյուսելի ներկայացուցիչների աչալուրջ հայացքի ներքո։ Արձանագրություններ, որոնք հետո բարեհաջող կերպով մոռացության մատնվեցին սկզբում թուրքական խորհրդարանում, իսկ հետո նաև ՀՀ ԱԺ-ում։ Հիշենք, ի դեպ, որ այն ժամանակ Հայաստանի Սահմանադրական դատարանն արձանագրեց, որ արձանագրությունները չեն կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։ Բայց դա այն ժամանակ էր: Դա վաղուց էր։ Այսօր մեր ՍԴ-ում բազմած է ոչ այլ ոք, քան ինքը՝ Սեդա Սաֆարյանը։