ԱԲՍՈՒՐԴԸ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ Է

Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, մեր առաջարկները փոխանցվել են ադրբեջանական կողմին։ Այս մասին փետրվարի 16-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը։

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։

Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ, ընդհակառակը, իսկապես նշանակի տևական խաղաղություն: Ես կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ահա այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,- հայտարարեց Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԴԵ, ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ, ԱՊԱ ԱՅԴՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՐԶ Է։ Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից, դրանում կրած պարտությունից և Ալիևյան ռեժիմի առջև իր ռեժիմի կապիտուլյացիայից անմիջապես հետո, Փաշինյանը հանրությանը ներկայացրեց պետության ճակատագրի համար նույն այդ պետության ղեկավարի պատասխանատվության իր բանաձևը։ «Ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»,- այն ժամանակ հայտարարեց Փաշինյանը։ Այսօր՝ 2 տարի անց, նա փաստորեն օգտագործում է նույն բանաձևը հաջորդ կապիտուլյացիայի շեմին. «Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»։ Միայն թե առայժմ չի հավելում, որ իրեն մեղավոր չի համարում հետևանքների համար։ Դատելով ամենից, կգա ժամանակը՝ դա էլ կասի։ Բայց սա այնպես, ի դեպ

Փաշինյանն անկասկած իրավացի է, պնդելով, որ հնարավոր է սցենար, երբ խաղաղության պայմանագիրը բերում է պատերազմի։ Բայց դա ամենևին էլ աբսուրդ չէ, ինչպես համարում է նա։ Այդ մասին է վկայում իր իսկ փորձը։ Ահավասիկ ստորագրեց նա 2020 թվականի նոյեմբերին հրադադարի եռակողմ հայտարարությունը։ Սկզբունքորեն՝ խաղաղության պայմանագրի նմանօրինակը։ Բայց դրան զուգահեռ պայմանավորվեց Գորիս-Կապան ճանապարհահատվածը թշնամուն հանձնելու մասին, դրան զուգահեռ որոշեց չդիմադրել ադրբեջանական զինուժի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք, հայտարարեց, թե մեզ վայել չէ կռվել Սև լճի 30 տոկոսի համար։ Այդ ամենը Փաշինյանն աբսուրդ չհամարեց։ Իսկ արդյունքում բնավ ոչ աբսուրդ, այլ իրական դարձավ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան անցած տարվա սեպտեմբերին։ Բաքուն, չնայած Ալիևի, Պուտինի և Փաշինյանի ստորագրած փաստաթղթին, հեշտ ու հանգիստ բախումներ սանձազերծեց հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր հայ մարտիկներ և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցան հայկական տարածքների տասնյակ քառակուսի կիլոմետրեր։ Կրկնեմ. դա տեղի ունեցավ խաղաղություն հռչակող և ռազմական գործողությունները բացառող կոնկրետ փաստաթղթի առկայության պարագայում։ Իսկ դա, Փաշինյանի տրամաբանությամբ, պիտի որ աբսուրդ լիներ։ Ամենևի՛ն. քանի դեռ նա Հայաստանում իշխանության ղեկին է, քանի դեռ խաղաղության շուրջ բանակցություններ են վարում ինքն ու իր թիմը, նշանակում է՝ կլինի պատերազմ։ Կրկնեմ. դա ապացուցել է ժամանակը։

ԻՍԿ ԱՅ ԻՍԿԱՊԵՍ ԱԲՍՈՒՐԴ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ։ Կառավարության նույն նիստում Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը սկսում է ավելի հստակ հասկանալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման իրական նպատակները։ «Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ. ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- հայտարարեց Փաշինյանը: Նա նշեց նաև, որ Լեմկինի միջազգային ինստիտուտը վերջին երեք ամիսներին երեք անգամ հանդես է եկել ապօրինի շրջափակման և Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանության վերաբերյալ հայտարարություններով: Փետրվարի 18-ի վերջին հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը խնդրում է լրջորեն վերաբերվել հայերի ցեղասպանության սպառնալիքին: Պետք է չդադարեցնել ջանքերը, որպեսզի այդ ահազանգերը լսելի լինեն աշխարհում, հավելեց Փաշինյանը։

Ահա ուրեմն, լավ իմանալով, որ Ադրբեջանը նպատակ ունի էթնիկ զտումների ենթարկել Արցախը, լսելով Լեմկինի ինստիտուտի նախազգուշացումները ցեղասպանության սպառնալիքի մասին, Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ կնքել «խաղաղության պայմանագիր», որը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։ Ըստ էության, դա լեգիտիմացնում է նույն այդ էթնիկ զտումները, որոնք այսօր իբր մտահոգում են պաշտոնական Երևանին։

Իրականում, ստորագրելով խաղաղության պայմանագիրն ու ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, հայկական իշխանությունը Ադրբեջանին պատանդ կթողնի 120 հազար հայերի։ Ոչ միայն հայերի, ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող 120 հազար մարդկանց։ Դա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Բաքվում միանգամայն լեգիտիմորեն հարց կտան. այդ ինչո՞ւ է օտարերկրյա անձնագրով 120 հազար մարդ ապօրինի ապրում Ադրբեջանի տարածքում։ Ոչ միայն հարց կտան, այլև կանեն ամեն ինչ՝ այդ «թյուրիմացությունը» շտկելու համար։ Շտկել կարող են և՛ էթնիկ զտումներով, և՛ Ցեղասպանության սպառնալիքով։ Եվ դժվար թե միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանին այն բանի համար, որ նա պայքարում է «իր տարածքում» գտնվող «ապօրինի ներգաղթյալների» դեմ։

Այ սա իսկապես աբսուրդ է։ Աբսուրդ է այն, որ խաղաղության պայմանագիր կոչեցյալի տակ մեկ խզբզոցով Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանում այդպիսի անօրինական ներգաղթյալներ ճանաչել հայկական անձնագիր ունեցող 120 հազար մարդկանց, որոնցից յուրաքանչյուրի ճակատագրի համար պաշտոնական Երևանը պարտավոր է պատասխանատվություն ստանձնել…