«Փաստինֆո»․ ԱՎԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ Է

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսևորման հետ ու այսքանից հետո Փաշինյանը դեռ տարակուսում է, թե ինչու է երեք նիշով նվազել Հայաստանի դիրքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։

Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։

Մեր հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ը շտապեց իր հովանու տակ վերցնել քաղաքական իշխանության քաղաքապետի թեկնածուին, թե նա աշխատավարձ չի ստանում, սակայն հրաժարվեց հրապարակել, թե Ավինյանը երբ է հրաժարվել աշխատավարձից, չտրամադրեց նաև կանոնադրությունը, քանզի խնդիրն այս պարագայում ամենևին էլ միայն աշխատավարձը չէ։

Նկատենք՝ էկոնոմիկայի նախարարությունն ու կառավարությունը նույնպես հրաժարվել էին տրամադրել ԱՆԻՖ-ի կանոնադրությունը՝ գրավոր հարցումներին պատասխանելու պարտականությունը միմյանց վրա բարդելով՝ կարծես այն իր մեջ պետական գաղտնիք էր պարունակում։ «Փաստինֆո»-ին, ի վերջո, հաջողվեց ձեռք բերել այն, ինչը տվեց այդ հարցի պատասխանը, թե ինչու էին կառավարությունն ու ԱՆԻՖ-ը այդպես ջանասիրաբար փորձում այն գաղտնի պահել։ Բանն այն է, որ կանոնադրությունն ապացուցում է քաղաքական կոռուպցիայի կասկածները։

Այսպես՝ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը և գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առևտրային կազմակերպությունում, այլև ղեկավարում է այն։

Հաստատված փաստ է, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ և հենց նա է պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում, թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։

Ակնհայտ է, որ Ավինյանն այսօր խախտում է օրենքը և նրա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում կատարվել է լիազորությունների չարաշահմամբ, ինչն արդեն հանցավոր արարք է, իսկ իրավասու մարմինները աչք են փակում։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հովանավորչություն, քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ։

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարևորը, այլ այն, որ նա ղեկավարում է առևտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։ Սակայն այստեղ մեկ հարց է նաև առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետնի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից։

«Փաստինֆո»-ն կշարունակի անդրադառնալ, մեր դիտարկմամբ, քաղաքական կոռուպցիայի այլ դրսևորումներին, որոնց թվին է դասվում նաև ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքը, թե ինչպես բաժնետոմսերի մի մասը դարձավ կառավարության սեփականությունը, ինչպես մեկ տարվա մեջ երեք անգամ փոխվեց կառավարող մարմինը և որ ամենակարևորն է՝ ինչու։

«Փաստինֆո»