ՆԱ ՍՏԻՊԵՑ ՀԱՐԳԵԼ ԻՐԵՆ ԵՎ ԱՐՑԱԽԸ
Այսօր միայն շա՜տ ալարկոտ մեկնաբանը իր լսարանի հետ չի կիսում միայն իրեն հասանելի «ինսայդերական» տեղեկատվությունն այն մասին, թե եթե ոչ այսօր, ապա վաղը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնանկ է անելու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ընդ որում տարբեր մեկնաբաններ տարբեր կերպ են բացատրում նման որոշումը՝ ըստ իրենց քաղաքական նախասիրությունների։
Ոմանք ասում են, որ նրան հեռացնում են, որպեսզի այդ պաշտոնում նշանակեն Սորոսի դրածոյին։ Մյուսները՝ թե նրան հեռացնում են, քանի որ Վարդանյանը չի կատարել պետնախարարի իր պարտականությունները, թեև պարզ չէ, թե ինչ է ընդ որում նկատի առնվում։ Երրորդների հավաստմամբ, որովհետև այդպես է ուզում Ալիևը։ Չորրորդները, թե՝ այդպիսին է Փաշինյանի ու Սամվել Բաբայանի կամքը։ Հինգերորդները ոչ պակաս կտրականորեն պնդում են, թե Ռուբեն Վարդանյանին հեռացնում են, քանի որ դա նրան Հայաստանի վարչապետի պաշտոնին բերելու ծրագրի մի մասն է։ Ոմանք պնդում են, թե Վարդանյանը անգլիական լրտես է, մյուսները՝ կրեմլյան ...
Լսելով ողջ այս «հավաստի ինսայդերական տեղեկատվությունը»՝ մեծագույն ցանկություն է առաջանում ասել. «Կեցցե՛ս, Ռուբեն Վարդանյան»։ Եվ հիշել մեծ բանաստեղծի խոսքերը. «Նա ստիպեց հարգել իրեն, և հնարն էլ ճիշտ գտավ»…
Չգիտենք,՝ այսօր-վաղը պաշտոնանկ կանի արդյոք Արայիկ Հարությունյանը Վարդանյանին, ինչի մասին խոսում են բոլորը։ Հասկանալի է, որ եթե նման որոշում կայացվի, դա կլինի արցախյան քաղաքական վերնախավի միասնական որոշումը, ճիշտ ինչպեսև Վարդանյանի նշանակումը։
Չգիտենք, թե որն է լինելու նման որոշման իրական պատճառը։ Բայց գիտենք, որ Արցախում և պետնախարարի պաշտոնում անցկացրած մի քանի ամիսների ընթացքում Վարդանյանը ստիպեց ավելի շատ հարգել ոչ միայն իրեն, այլև Արցախը։ Եվ Հայաստանի ու Արցախի համար այս չափազանց ծանր իրավիճակում նա իսկապես գտավ ճիշտ հնարը։
Թող թեժ քննարկեն՝ լավ պետնախարար է Վարդանյանը, թե ոչ։ Գլխավորն այն է, որ Վարդանյանի թեթև ձեռքով ինչպես Արցախը, այնպես էլ չճանաչված հանրապետության պետական նախարարի պաշտոնը ավելի ճանաչելի ու քննարկելի դարձան միջազգային տարբեր շրջանակներում։ Ուրիշ ե՞րբ էր այդքան ակտիվ քննարկվել արցախյան այս կամ այն պաշտոնյայի հնարավոր պաշտոնանկությունը։
Իսկ եթե վերադառնանք Արցախի պետնախարարի պաշտոնում Վարդանյանի հաջողության հարցին, ապա Երևանից այդ մասին դատելը մի քիչ դժվար է, եթե իհարկե... Եթե իհարկե հիմք չընդունենք Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները, որոնք վկայում են Վարդանյանի նկատմամբ արցախցիների վստահության բարձր աստիճանի մասին, իսկ դա, որ տեսանկյունից էլ նայես, որոշիչ ցուցանիշ է։
Բայց ընդ որում նշենք, որ Վարդանյանի հնարավոր հրաժարականը ամենևին չի նշանակում Արցախի համար բացասական հետևանքներ։ Հաշվի առնելով արդեն կուտակած փորձը՝ Վարդանյանը կարող է ոչ պակաս օգտակար լինել Արցախին որպես շարքային քաղաքացի կամ հասարակական-քաղաքական գործիչ, քան որպես պետնախարար։ Եվ կարծում ենք, որ Վարդանյանի պարագայում պաշտոնանկությունը բնավ չի նշանակի, թե իր բազմաթիվ հարցազրույցներով Արցախն ու Արցախի իրավունքները միջազգային ասպարեզում ավելի քննարկելի դարձնելով՝ մավրը արդեն արել է իր գործը և կարող է հեռանալ։ Կարծում ենք՝ ոչ. մավրը արել է գործի լոկ մի մասը: Անելիքներ դեռ շատ կան։