Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՐՑԸ ԱՐԾԱՐԾԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՄԱԿ-Ի ԴԱՏԱՐԱՆԸ ԿԳՈՐԾԱԴՐԻ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ

Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտերը կատարման գործընթացում կարող են որոշակի խորչընդոտներ ունենալ, որովհետև անմիջական կատարողական գործիքակազմ չկա, սակայն կարևոր է ունենալ իրավաբանորեն պարտադիր ակտ, որն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ոչ իրավաչափ և միջազգային իրավունքը խախտող գործողություն է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 22-ին, Միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատարանի ակտով կարևոր արձանագրում էր այն, որ այդ գործողությունները վերագրվում են Ադրբեջանին, և, որ նա պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար:

«Այս իրավական ակտի գոյությունը թույլ կտա ավելի արդյունավետ դիվանագիտություն իրականացնել: Սա լուրջ գործիքակազմ է լեգիտիմացնելու նաև Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշումը, որպեսզի օր առաջ ապաշրջափակում տեղի ունենա»,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ միակ խնդիրն այն է, որ դատարանը չունի կենտրոնացված կատարման մեխանիզմ և միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով դատարանը պետք է գործադրի իր քաղաքական ուժը՝ որոշման պահանջները կատարելու նպատակով.

«Իրավական ակտի ընդունմանը պետք է հաջորդի դիվանագիտական և քաղաքական աշխատանք: Այսինքն՝ այս առումով կարելի է ասել, որ իրավունքը արցախահայության կողքին է, իսկ թե որքանով արդյունավետ հայ դիվանգետները կօգտվեն դատարանի տված հնարավորությունից և քաղաքականության մեջ կբերեն փոփոխություններ, սա կապված է նրանց ջանասիրության, իրական միտումների և կարողության հետ»:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հրաժարվի բացել ճանապարհը, ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը, Սահակյանն ասաց.

«Դատական ակտի պահանջների կատարման առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է գործում, և եթե դատարանը տեսնում է, որ դրանք չեն կատարվում և որոշակի միտում գոյություն ունի, ապա դրա մասին տեղյակ է պահում ՄԱԿ-ի այլ մարմինների՝ գործադիր իշխանություն իրացնող: Այդ մարմիններն էլ ընդունվող բանաձևերի միջոցով պետք է պարտադրեն հասցեատեր պետությանը՝ կատարել դատական ակտի պահանջները: Նման օղակներ կարող են դառնալ ինչպես Գլխավոր ասամբլեան, այնպես էլ Անվտանգության խորհուրդը՝ կախված իրավիճակի գնահատումից և չկատարման պատճառներից»:

Անդրադառնալով Արցախի գազամատակարարումը և էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Հայաստանի պահանջը չբավարարելուն՝ Սահակյանն ասաց, որ հիմնավորումն այն է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Ադրբեջանն է դրանք խափանել.

«Կարծում եմ՝ ապացույցների հարց գոյություն ուներ, բայց մյուս կողմից դատարանը պետք է նաև հաշվի առներ այն հանգամանքը, որ հիմնական ապացույցները գտնվում են հենց Ադրբեջանի բացառիկ իրավասության ներքո. այսինքն՝ որևէ այլ կողմ, բացի Ադրբեջանից, չի կարող հասանելիություն ունենալ այդ ապացույցներին: Այստեղ գուցե ապացուցման բեռի շրջման կանոն պետք է կիրառվեր: Ես միտումներ տեսնում եմ, որ այդ մասով Ադրբեջանը չարաշահումներ է անելու, որ անգամ միջանցքը բացելու պարագայում, նրանք կարող են կարող են զրկել բնակչության կենսական նշանակություն ունեցող ծառայություններից»:

News.am