ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՊԱՑՈՒՑԻ

Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացման հետ կապված կրքերը չեն հանդարտվում։ Ադրբեջանցի մեկնաբանները պնդում են, թե Վարդանյանի պաշտոնանկության հրամանագիրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է ի կատարումն Իլհամ Ալիևի բարձրագույն կամքի։

Արցախի նախագահի աշխատակազմը պնդում է, թե Վարդանյանի պաշտոնանկությունը ոչ մի կերպ կապված չէ Ալիևի պահանջի հետ։ Բայց այդ դեպքում շատերը հարց են տալիս. ինչո՞ւ չէր կարելի հետաձգել հրամանագիրը, որպեսզի դա չկապվեր Մյունխենում Ալիևի հայտարարության հետ, որտեղ Ադրբեջանի նախագահը հրապարակավ պահանջեց հեռացնել Վարդանյանին։ Չէ՞ որ անկախ նրանից, թե ինչ հիմքով է Արցախի նախագահը պաշտոնազրկել նախկին պետնախարարին, Ադրբեջանում ցնծում են, քանի որ, իրենց կարծիքով, Վարդանյանը խոչընդոտ է «Արցախի ադրբեջանական ինտեգրմանը»։ Իսկ հայրենի որոշ փորձագետներ իրենց գնահատականներում ավելի կտրական են և համարում են, որ Վարդանյանի պաշտոնազրկումն արժեզրկեց ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին։

Այս խորապատկերին հաղորդագրություն է ստացվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման մասին, որը կազմակերպել է Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։ Բանակցություններ, որոնց արդյունքում, Արցախի նախագահի մամլո քարտուղարի հավաստմամբ, Բաքուն մտադիր է այսուհետ չխոչընդոտել Արցախի նորմալ էներգամատակարարմանն ու գազամատակարարմանը։ Կապրենք, կտեսնենք, ինչպես ասում են, բայց ակնհայտ է, որ իրադարձությունների դրական զարգացման դեպքում Ադրբեջանն իր բարեհաճությունը կմատուցի որպես Իլհամ Ալիևի ողորմած ժեստ՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելու իր պահանջը կատարելու դիմաց։

Կարծում ենք, որ այս բոլոր իրադարձությունների պատճառահետևանքային կապը փոքր-ինչ այլ է։ Ի՞նչը այնուամենայնիվ դրդեց Բաքվին բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ, որոնց արդյունքում Բաքուն հանձն է առնում ապահովել Արցախի էներգամատակարարումն ու գազամատակարարումը, ավելի ճիշտ՝ չխոչընդոտել դրան։ Մի՞թե Վարդանյանի հրաժարականը։

Իհարկե՝ ոչ։ Առաջին հերթին՝ արցախցիների կամքը։ Նրանք արժանապատիվ դիմացան շրջափակմանը, արցախցիներին չկոտրեց ո՛չ շրջափակումը, ո՛չ Արցախին էներգիա մատակարարող էլեկտրահաղորդման գլխավոր գծի վրա Բաքվի կազմակերպած վթարը, ո՛չ էլ գազատարի խափանման Ադրբեջանի պարբերական դիվերսիաները։ Եվ պարզ դարձավ. եթե Արցախը դիմացավ ձմռանը, ապա եղանակի տաքանալուց հետո նրան հաստատ չեն կոտրի։

Իսկ ի՞նչ ստացավ Ալիևը։ Միայն միջազգային հանրության աճող ճնշում, ինչի արդյունքում ՌԽԶ-ի և ԿԽՄԿ-ի հումանիտար ավտոշարասյուններն արդեն համեմատաբար կանոնավոր կերպով սկսել են մտնել Արցախ։ Շրջափակումը սկսեց ճաք տալ, որն ավելի ու ավելի է խորանում, և Ալիևը հասկանում է, որ աղավնիներ խեղդող ու բնական մորթուց մուշտակներ հագած ադրբեջանցի «բնապահպանների» այդ հիմար ակցիային պետք է վերջ տալ։

Սա առաջին պատճառն է, թե ինչու է Բաքուն այսօր բանակցությունների նստում Ստեփանակերտի հետ։ Երկրորդը, անկասկած, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումն է։ Որոշում, որը ևս մեկ անգամ ընդգծում է Ալիևի պնդումների ողջ չնչինությունը, թե իբր՝ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի... ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը հերթական անգամ հերքեց այդ հիվանդ պատրանքները։ Դրան հաջորդեցին նաև տարբեր մայրաքաղաքներից հնչած կոչերը՝ կատարելու դատարանի որոշումը։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններում։

ՍՐԱՆՔ ԵՆ ԵՐԿՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԹԵ ԻՆՉՈՒ ԲԱՔՈՒՆ ԳՆԱՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ։ Բայց, մյուս կողմից, Ալիևին պետք էր ինչ-որ բան տալ, որպեսզի փրկի դեմքը յուրայինների առջև։ Եվ նրան ոսկոր նետեցին՝ Վարդանյանի հրաժարականի տեսքով, որպեսզի կարողանա պարծենալ, թե կադրային հարցում Ստեփանակերտը կռացել է իր տակ, ուստի ինքը ողորմածաբար այլևս չի անջատի գազը։

Իրականում Վարդանյանի հրաժարականը սկզբունքորեն քիչ բան է վճռում։ Արցախում, իսկ հետո նաև պետնախարարի պաշտոնում նրա հայտնվելով Լեռնային Ղարաբաղի խնդիրը, իհարկե, նոր արձագանք ստացավ, և այդ փաստը անկասկած դրական է։ Եթե Վարդանյանի հրաժարականն այն ոսկորն է, որը ստանալով շունն ավելի քիչ կհաչի և կանի այն, ինչ իրենից պահանջվում է, ապա կարծում ենք՝ Ռուբեն Վարդանյանը նեղացած չէ։ Եթե նա հենց այն մարդն է, ինչպիսին երևում է իր հրապարակային գործունեության ողջ ընթացքում, և դա շատերին արժանավայել հեռանկարի հույս է ներշնչել Արցախում։ Այդ դեպքում նա իր խոսքի տերը կլինի, կմնա Արցախում և առանց պաշտոնի էլ դեռ շատ օգուտ կբերի դեռևս չճանաչված հանրապետությանը։

Ուզում ենք հավատալ, որ նրա մոտ կրկին ամեն ինչ կստացվի, ի հեճուկս չարակամների։ Իսկ եթե, ինչպես պնդում են նույն այդ չարակամները, Վարդանյանը «այն մարդը չէ», ինչպիսին ներկայանում է, ապա ավելի լավ է իմանալ դա հնարավորինս շուտ։